ՀՈՒՅՍԸ ԴՈԼԱՐԻ ՑՆՑՈՒՄՆԵՐՆ ԵՆ


 

Հնարավոր է, որ անշարժ գույքն առաջիկայում զգալիորեն էժանանա: Ճիշտ է, վիճակագիրների հավաստմամբ մեկ տարվա ընթացքում Երևանում բնակարաններն էժանացել են 2-5 տոկոսով, սակայն առք ու վաճառքով զբաղվող ընկերությունների տվյալներով` գործարքների ծավալն է կտրուկ նվազել: Նրանք վստահեցնում են, որ առաջարկվող բնակարանների ու գրասենյակային տարածքների պակաս, ինչպես միշտ, չի զգացվում, բայց վերջին ամիսներին չափազանց դժվար է դարձել գնորդ գտնելը:

Գնանկմանն ու բնակմակերեսի է´լ ավելի էժանացմանը նպաստում է նաև նորակառույցների շինարարության տեմպերի դանդաղումը: Անշարժ գույքի գործակալություններից մեկում մեզ հավաստիացրեցին, որ անցել են ժամանակները, երբ հայրենի մեծահարուստները նման բիզնեսի համար մեծ-մեծ գումարներ էին ծախսում:

Նախորդ տարի նկատվեց, իսկ այս տարի հաստատվեց միտումը, թե ավելի նպատակահարմար է կիսատ շինարարություններն ավարտին հասցնել ու նորերի մասին այլևս չմտածել: Միակ հույսը, որ վերջին շաբաթներին արթնացել է տների առք ու վաճառքով զբաղվող ընկերություններում, արտարժույթի անկայուն կուրսի հետ է կապված: Նրանք կարծում են, որ մարդիկ կսկսեն խուսափել իրենց խնայությունները դոլարով կամ դրամով պահելու մտքից ու բավական մատչելի գներով անշարժ գույք ձեռք կբերեն: