ԸՆԴԴԵՄ... ՀԱԿ-Ի՞


 

Վարդան Օսկանյանի «գործի» առնչությամբ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններն ու գրած հոդվածը, ըստ էության, բացահայտում են Կոնգրեսի ներսում տիրող տրամադրությունները և այն սուր պայքարը, որը գոյություն ունի ընդդիմադիր շարժման տարբեր թևերի միջև: Առաջին հերթին ելնելով «Բարգավաճ Հայաստանի» դեմ, Փաշինյանը, մեր կարծիքով, ելնում է Հայաստանում ռուսական կողմնորոշման դեմ, մեզանում Ռուսաստանի ընդգծված ներկայության դեմ: Իսկ ռուսական կողմնորոշման ջատագովներից մեկը Հայաստանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է: Ուրեմն, Օսկանյանին դարձնելով թիրախ և իր իրական մտադրությունները թաքցնելով «մարտիմեկյան զգացմունքների» քողի տակ` նորաթուխ պատգամավորը հայաստանյան իշխանություններին «հուշում» է` հեռանալ Ռուսաստանից և մերձենալ Արևմուտքին: Սակայն զարմանալի է, որ նա չի ելնում ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանի դեմ, ով Ռուսաստանի նախագահի ընտրությունների օրերին հրապարակային կոչեր էր անում պաշտպանել Վլադիմիր Պուտինի թեկնածությունը… Նիկոլը չի ելնում նաև Լևոն Զուրաբյանի դեմ, ում կապերը Մոսկվայի հետ նույնպես չափազանց սերտ են: Այս ամենը թերևս հուշում է, որ Հայ ազգային կոնգրեսի ներսում անհամաձայնություններն օրավուր նոր զարգացումներ են արձանագրում: Քաղաքական արենայից Լևոն Տեր-Պետրոսյանի լուռ հեռացումն էլ խոսում է այն մասին, որ նա չի կամեցել խառնվել անհամաձայնություններին և խարդավանքներին, ներկոնգրեսական դավերին: Գաղտնիք չէր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը փոխարինող էր պատրաստում, որ նա Կոնգրեսի առաջնորդի դերում տեսնում էր Լևոն Զուրաբյանին, մինչդեռ այսօր արդեն պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանն այլ ծրագրեր ունի և համաձայն չէ Առաջնորդի մոտեցումներին…

Այս ամենը նաև հուշում է, որ 2013-ի նախագահական ընտրություններին Կոնգրեսը դժվարանալու է կամ չի կարողանալու միացյալ թեկնածու առաջադրել և ապահովել որոշակի ընտրազանգված: