ԲՀԿ-Ն ՓՈԽՈՒՄ Է ԹԵԿՆԱԾՈՒԻՆ


 

Գյումրիում կայանալիք քաղաքապետի ընտրություններին որպես թեկնածու` դեռ մինչև վերջերս շոշափվում էր ԱԺ նախագահի նախկին տեղակալ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի անունը: Սակայն, երբ «Բարգավաճ Հայաստանը» կոալիցիայի մաս չկազմեց, Բալասանյանը սկսել է խուսանավել կուսակցությունից, բացառիկ դեպքերում երևալ այնտեղ:

ԲՀԿ-ն էլ ցանկություն է հայտնել փոխել թեկնածուին և առաջադրել Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդևան Գրիգորյանի թեկնածությունը:

Ինքը` Վարդևան Գրիգորյանը, դեմ չէ իր առաջադրմանը և հայտարարում է, որ եթե կուսակցությունը վերջնական որոշում կայացնի, ինքը սիրով կառաջադրվի, մանավանդ որ հաղթելու մեծ հնարավորություններ է տեսնում: Նշենք, որ Վարդևան Գրիգորյանը 2005 թվականին ղեկավարում էր ներկայիս քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նախընտրական շտաբը և ռեկտոր է ընտրվել նաև Ղուկասյանի աջակցությամբ: Եթե ստացվի այնպես, որ քաղաքապետ ընտրվի մանկավարժական ինստիտուտի ռեկտորը, ապա նա Գյումրու պատմության մեջ կլինի երկրորդ դոկտոր, պրոֆեսորը, ով կղեկավարի քաղաքը: 1960-ական թվականներին կուսքաղկոմի առաջին քարտուղարի պաշտոնում եղել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Գևորգ Ղարիբջանյանը: