Ամուսնու կողքին` թեկուզ դամբարանում


 

Ինքնուրաց սերը տարիք չի ճանաչում: Ընդհակառակը, տարիքի հետ այն ավելի է ուժգնանում, և սիրելի կողակցի մահն անգամ երբեմն չի բաժանում սիրող զույգերին:

43-ամյա արգենտինուհի Ադրիանա Վիլարեալը բարեբախտաբար ինքնասպանություն չի գործել` հանգուցյալ ամուսնուց անբաժան լինելու համար: Ապրելով մայրաքաղաք Բուենոս-Այրեսում, այնքան հաճախ է այցելել Դոս դը Մայո քաղաքի արվարձանում գտնվող` սիրելի ամուսնու վերջին հանգրվան, որ ի վերջո որոշել է ապրել հանգուցյալի «առանձնատուն»-դամբարանում: Հարմարավետ կացարան հիշեցնող այդ դամբարանն էլ ինքն էր կառուցել` 2010 թ. 28 տարեկանում ինքնասպան եղած կողակցի համար:

Ադրիանան շիրմաքարի շրջակայքը կահավորել է անհրաժեշտ կահույքով` ներառյալ սալօջախը, և նույնիսկ անլար ինտերնետ անցկացրել:

- Գերեզմանատան անսպասելի բնակիչը գրավել է ոստիկանության ուշադրությունը: Կինը կարգի պահապաններին դիմավորել է գիշերազգեստով, իսկ նրա կացարանում հնչել է ռադիոն, միացված են եղել համակարգիչն ու հեռուստացույցը: Մենք նույնիսկ հայտնաբերեցինք առանձին էլեկտրահաշվիչ սարք: Ամեն ինչ նման էր հյուրանոցի լավ համարի, միայն թե կենտրոնում շիրիմ էր,- պատմել է տեղի ոստիկանության կոմիսար Գուստավո Բրագանզան:

Նվիրյալ տիկինը բոլոր տոները դիմավորում ու նշում է սիրեցյալի զմռսված մարմնի հետ: Բայց գերեզմանատան մյուս այցելուները սկսել են բողոքել նրա տնից հնչող բարձր երաժշտությունից:

- Երբ սիրում ես մեկին` բնական է նրա կողքին լինելը: Իմ ամուսինը վաստակել է այս հարաբերությունը,- ասել է Վիլարեալը (LifeNews Online):