Բարեբախտաբար` անհիմն ահազանգ


 

Մի քանի օր առաջ համացանցում մտահոգություն էր հայտնվում Գայի արձանին հարող այգու վտանգված լինելու մասին: Իսկ պատճառն այգում «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախաձեռնած` մեծ մարդասերի թանգարանի շինարարության սկիզբն էր: Համացանցում ահազանգն ընթերցելուց հետո այցելեցինք այգի` իրականությանն անձամբ ծանոթանալու համար: Արձաններով զարդարված ծառուղին ամռան կիզիչ տապի պայմաններում իրոք հրաշք էր թվում` ինչպես վստահեցնում էին համացանցում մտավախություն հայտնած բնակիչները: Իսկ ծառուղուն հարող փոքրիկ տարածքն իսկապես շրջափակված էր կապույտ պաստառներով, որոնց ներսում շինարարություն էր սկսվել: Տեղեկատվական վահանակներին ապագա թանգարանն էր, նաև նշված էր, որ շինարարությունն իրականացվում է «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի պատվերով, կապալառու կազմակերպությունը` «Կարեն 93»:

Ամեն ինչ արված էր օրենքի պահանջներին համապատասխան: Ծառերի հովի տակ նստած մարդիկ գոհունակությամբ միմյանց ասում էին` լավ բան են անում, որ թանգարան են կառուցում:

Բայց ինչո՞ւ էին համացանցում ահազանգում մյուս բնակիչները: Թերևս պատասխանը պարզ է. մարդիկ այգու այդ հատվածն առավոտյան տեսնելով կապույտ պաստառներով շրջափակված, անակնկալի են եկել: Շինարարության նախապատրաստությունն իրականացվել է գիշերով` ինչպես յուրաքանչյուր անօրինական կառուցապատման դեպքում է լինում: Բնակիչներն էլ մտածել են, թե հերթական անօրինականությունն է նախապատրաստվում, ու շտապել են ահազանգել:

Մեղադրել չես կարող. նրանք հիշում են, որ տարիներ առաջ էլ որոշվել էր այս տարածքում ձմեռային այգի հիմնել: Սակայն շինարարության ավարտից որոշ ժամանակ անց ձմեռային այգին վերածվեց ռեստորանի` աղավաղելով արձանների ծառուղու ողջ հմայքը: Ինչպես ասում են` աչքը տեսածից է վախենում, բնակիչների տառապանքը փորձ ունի:

Այսպիսի մտահոգություններից զերծ լինելու համար գուցե արժեր այգում մեծ մարդասերի թանգարան կառուցելու մտադրության մասին նախապես տեղեկացնել համայնքի անդամներին, մանավանդ` այդ է պահանջում նաև տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքը: Այդ պարագայում կմեծանար վստահությունը թաղապետարանի նկատմամբ, և նման ահազանգերն էլ կբացառվեին: