ՀԱՐՍՆԱՔԱՐՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ

Այս ամենի պատճառն ամենաթողությունն է


 

Բազմաթիվ առիթներով ենք նշել, որ այս կամ այն օլիգարխի թիկնազորը իրեն չափազանց լկտի է պահում. «անվտանգության ծառայություն» «տիտղոսով» այդ մարդիկ ըստ էության, վտանգում են շատերի կյանքը: Այդպիսիները կարող են ցանկացած պահի ու ցանկացած վայրում հաշվեհարդար տեսնել սրա կամ նրա հետ` համոզված, որ անպատիժ են մնալու:

Այս դեպքում իհարկե հազիվ թե անպատիժ մնան նրանք, քանի որ հասարակությունն է ոտքի կանգնել, հասարակությունն է պահանջում խստագույնս պատժել մեղավորներին: Արդեն հայտարարվել է, թե հանցագործությունը կատարող անձը բացահայտվել է: Բայց արդյո՞ք մեկն է դաժան ծեծի ենթարկել երկու սպայի… Մի՞թե կփորձեն «քավության նոխազ» դարձնել միայն մեկին` օգտվելով այն առիթից, որ դեռ տուժածներն ի զորու չեն ցուցմունքներ տալ: Սակայն շուտով նրանք կկարողանան պատմել ողջ ճշմարտությունը, ու հազիվ թե հնարավոր լինի կոծկել հասարակական մեծ հնչեղություն ստացած հանցագործության մանրամասները:

Կիրակի օրը «Հարսնաքար» ռեստորանում, որը պատկանում է ԱԺ պատգամավոր և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին, անվտանգության ծառայության աշխատակիցները դաժան ծեծի են ենթարկել ՊՆ Կենտրոնական հոսպիտալի ԼՈՌ բաժնի վարիչ, բժշկական ծառայության մայոր Վահե Ավետյանին և նույն հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանին: Պատճառը եղել է այն, որ փոքր-ինչ գինովցած բժիշկները սկսել են բարձր խոսել` «անտեսելով» մատուցողի դիտողությունները: Անվտանգության ծառայողները, իմա` թիկնազորի անդամները վայրագորեն սկսել են «դաստիարակչական աշխատանքները»` Վահե Ավետյանին հասցնելով ծայրահեղ ծանր վնասվածքներ. նրա ուղեղում առաջացած հեմատոմայի արդյունքում գլխուղեղի մի կիսագունդը որոշ չափով տեղափոխվել է մյուս կիսագնդի մեջ:

Ասել է թե` վտանգված է հայ սպայի կյանքը:

Կատարվածն իսկապես ողբերգություն է. նաև` բարոյականության առումով: Վայ-հայրենակիցների ձեռքով ծեծվել է ազգային բանակի սպան, բժիշկը, ում խնամքին է հանձնված 40 զինծառայողի առողջություն: Միջադեպը հարուցել է շատ զինծառայողների ու շարքային քաղաքացիների արդարացի ցասումը:

«Հարսնաքար»-ում տեղի ունեցածի հետաքննությունն իրականացնում է ՊՆ քննչական ծառայությունը, որտեղ առավել շահագրգռված պետք է լինեն, որ գործն արագ բացահայտվի և մեղավորները պատժվեն, քանի որ ՊՆ-ի համար սա արժանապատվության հարց է: Պաշտպանության նախարարությունն ամեն ինչ պետք է անի, որպեսզի հանցագործներն ըստ արժանվույն պատժվեն: Եվ հասարակությունն էլ պետք է կանգնի նախարարության թիկունքին, քանի որ դա մեր ազգային բանակի, այսինքն նաև մեր պատիվն ու արժանապատվությունն է:

Շատ ավելի ազդված են հոսպիտալի բժիշկները, և տեղին է նրանց ընդվզումը.

- Եթե այս երկրում զինվորական բժիշկներին, ովքեր Ղարաբաղում կռվել ու ծառայել են, հազարավոր զինվորների կյանք են փրկել, ինչ-որ մեկի «ախրանան» կարող է ոտքերի տակ գցել ու ծեծելով 20 մետր «տշել», նշանակում է, պետություն ու օրենք չկա ու պետք է թողնել-հեռանալ այս երկրից:

Բժիշկների զայրույթը հասկանալի է: Հասկանալի է նաև հուզմունքը: Կատարվածն անտարբեր չի թողել որևէ մեկի, հանրության ամենատարբեր շերտերում են քննարկում ողբերգությունը, անում եզրակացություններ և հայտարարություններ: Բժշկի ու զինվորականի վրա ձեռք բարձրացնելը բարոյալքվածության բարձրակետն է: Բժիշկների վրա հարձակվողները ոչ միայն չեն հարգում ամենամարդասիրական զբաղմունքի տեր մարդկանց, այլև կարող են ծեծել զինվորականին, սպային, ով ազգային արժանապատվության խորհրդանիշերից մեկն է:

Լ. Մ.