Ծառ մնա՞ց, որ հաշվառեն


2004 թվականին Հայաստանի անտառային ֆոնդի կառավարումն ու օգտագործումը հանձնվեց Գյուղնախարարությանը, իսկ դրանք վերահսկելու իրավունքը մնաց Բնապահպանության նախարարությանը: Հենց նույն թվականից էլ սկսվեց անտառային ներկա պաշարների հաշվառումը: Մինչ համատարած ծառահատման սկիզբը` 1992-93 թթ. անտառային ֆոնդը կազմում էր 460 հազար հեկտար, որից 334,1 հազար հեկտարը անտառածածկ էր, մնացածը` օգտագործման համար ոչ պիտանի քարածածկ տարածք: Սակայն որոշ հկ-ներ պնդում են, թե ներկայումս Հայաստանի անտառների 7-8 տոկոսն է մնացել և որ ծառահատումները միայն ժողովրդի ձեռքով չի կատարվել, այդ գործում խառն է նաև պաշտոնյաների և օլիգարխների մատը: Բայց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառագետ Ռուբեն Պետրոսյանն այդօրինակ հաշվառումը համարում է անհավանական. «Ես չգիտեմ, թե հկ-ները ինչո՞վ են հիմնավորում 7-8 տոկոսը, չէ՞ որ այն կազմում է շուրջ 100 հազար հեկտար: Ինչ է, կատա՞կ եք անում այդ թվի հետ, դա ահռելի տարածք է: Ճիշտ է, համատարած ծառահատումների պատճառով անտառային ֆոնդը զգալի նվազեց, բայց այսօր արդեն մեծ հատվածներով դրանք վերականգնվում են»: Գլխավորը անտառագետը միամտություն համարեց «Միասնության ծառատունկի» միջոցով անտառի վերականգնումը, քանի որ նորատունկ շիվերը 70-80 տարի անց միայն անտառ կդառնան, այն էլ ճիշտ խնամքի արդյունքում: Իսկ դրա համար մասնագետներ են պետք, որոնց կարիքը «Հայանտառ»-ն ունի: Թեև Գյուղակադեմիայի անտառպուրակա յին ֆակուլտետում պատրաստվում են անհրաժեշտ մասնագետներ, սակայն նրանք մի կաթիլ են ծով անտառում: Այսօր կադրերով ապահովվածությունը անտառտնտեսությունում կազմում է 4 տոկոս, որոնց մի մասը կենսաթոշակային տարիքի են: Հայտնի է, որ 14 տարի առաջ «Հայանտառի» տնօրենի կարճաժամկետ պաշտոնավորման ընթացքում Վանո Սիրադեղյանի կողմից իրականացված «Կադրային ջարդի» արդյուն քում շատ մասնագետներ հայտնվեցին շրջագծից դուրս: «Նրանցից միայն Գորիսի անտառտնտեսության տնօրենը վերականգնվեց,- ասաց Ռուբեն Պետրոսյանը,- ով առ այսօր էլ անփոխարինելի մասնագետ է: Սակայն կադրային ջարդն այնքան էլ Վանոյով չէր պայմանավորվում: Խորհրդային տարիներից մասնագետների պակաս միշտ էլ զգացել ենք»: Սակայն կան մասնագետներ, որոնց վստահված անտառը տուժում է իրենց իսկ ձեռքից: Ստեփանավանի բուսաբանական այգուն հարող բնական սոճուտում կատարված ծառահատումների համար պատասխանատվության ենթարկվեց «ներսի մարդը»: Բայց ոչ բոլորն են դառնում մեղսակից: Ճիշտ է, անտառի պատասխանատուն անտառապահն է, բայց «նա ոչ հրացան ունի, ոչ ձի, ոչ համազգեստ ու կոշիկ, ու դեռ կուժն ու կուլան էլ նրա գլխին է կոտրվում: Անտառում ով էլ ծառ կտրի, մեղավորն անտառապահն է դառնում»: Կար ժամանակ, որ կատարված հանցանքի համար անտառապահի գրած ակտը քար էր ծակում, բայց այսօր ավտոտեսուչի կազմած ակտն ավելի համոզիչ ու զորավոր է, քան անտառապահինը, ու եթե դրան էլ ավելացնենք լրացուցիչ հարցաքննության կամ դատարան կանչելու անհարկի քաշքշուկը, պարզ կդառնա, թե ինչու այս ոլորտում աշխատել ցանկացողները շատ չեն: Աշխատավարձն էլ առանձնապես գայթակղիչ չէ, անտառապետինը` 50 հազար, իսկ անտառապահինը` 30 հազար դրամ է: Այստեղից կարելի է ենթադրել, որ պատասխանատվությունն ուղիղ համեմատական է աշխատավարձին:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ