Մեծանում են, բայց չեն ծերանում


Անցյալ դարի 60-ականների գրական սերունդը` Կամարի Տոնոյանը, Վարդգես Պետրոսյանը, Նորայր Ադալյանը, Կարեն Սիմոնյանը, Պերճ Զեյթունցյանը, որոշ իմաստով հեղափոխական դեր կատարեց մեր մշակույթի մեջ: Նրանք գրական ասպարեզ մտան նոր խոսքով, գրողական նորահայտ հնարքներով և անմիջապես նվաճեցին ընթերցողների մի ստվար բանակի միտքն ու հոգին: Երիտասարդ արձակագիրների նրանց խումբը հաճախակի հավաքվում էր որևէ մեկի տանը, ընթերցում ու քննարկում միմյանց անտիպ գործերը` անխնա, բայց առանց չարակամության: Այդ հավաքույթներում, ասես ինքնաբուխ, ծնվեց ստեղծագործական լիցքեր ճառագող աննախադեպ մի մթնոլորտ, որին այսօր կնախանձեն բոլորը: Դեռ այն ժամանակներից նրանց բնորոշ ու անկապտելի հատկանիշը դարձավ կյանքի չգունազարդված, խորը հոգեբանական իրատեսական պատկերումը գեղարվեստական նրբին միջոցներով, որոնց շնորհիվ նրանց յուրաքանչյուր բառը պատկերային և իմաստային ընդգրկուն նշանակություն ստացավ: Տարբեր էին նրանց նախասիրությունները, թեմատիկ հետաքրքրությունները, բնատուր օժտվածության մասշտաբները: Միավորում էր նրանց քաղաքիացիական ակտիվ վերաբերմունքը համամարդկային կեցության այլազան դրսևորումների նկատմամբ, մարդկային հոգու խորաթափանց բացահայտումը, նրա գիտակցական և ենթագիտակցական վարքագծի համակողմանի ընկալումը: Եվ, որ պակաս կարևոր չէ, անսահման նվիրվածությունը իրենց գործին: Նախանձելի ժամանակներ էին: Կար գրողների մի հզոր բանակ, որ ուներ բազմահազար ընթերցող` պահանջկոտ և գնահատող, սիրելի հեղինակների ստեղծագործական երևակայությունը ուղղորդող: Եվ գրողները միանգամայն արդարացնում էին ընթերցողի հույսերն ու պահանջները` իրենց նոր գործերում նորովի հետաքրքիր ներկայանալով իրենց գլխավոր գրաքննիչին: Մամուլը օպերատիվ արձագանքում էր լույս տեսած (հազարավոր տպաքանակներով հրատարակված) նրանց ամեն մի գրական երկին` պատմվածքին, վիպակին, դրամային… Գրական պրոցեսի նկատմամբ չափազանց ուշադիր էին իրենք` գրողները, ուշադիր և բարյացակամ: Ոչ մի բարձրարվեստ գրական ստեղծագործություն աննկատ չէր մնում: Մյուս կողմից, չկար կյանքի որևէ ոլորտ, որն իր գեղարվեստական արտացոլումը չգտներ գրական գործերում: Այսօր, երբ հիմնովին փոխվել են գրականության գնահատման և դերի չափանիշները, անկարելի է կարոտախտ չապրել անցած օրերի բազմաշերտ բովանդակության նկատմամբ: Գրական ավագանու ներկայացուցիչներից երկուսը` Կամարի ՏՈՆՈՅԱՆԸ և Նորայր ԱԴԱԼՅԱՆԸ, որ տոնում են իրենց հոբելյանները, մեծանում են, բայց չեն ծերանում, նույն ակտիվությամբ ու ինքնատիպությամբ շարունակում են հարստացնել իրենց ստեղծագործական գանձարանը` երբեմն դժվարանալով ժամանակին իրենց ընթերցողին հասցնել միշտ հրատապ, խորախորհուրդ և աֆորիստիկ իրենց խոսքը, կենսական, հասարակական-քաղաքական խմորումների, իրողությունների իրենց անաչառ գնահատականը: «ԱՎԱՆԳԱՐԴ» թերթի խմբագրությունը սրտանց շնորհավորում է սիրված գրողներին հոբելյանների առիթով` լիահույս, որ շուտով լույս կտեսնեն նրանց նոր գրքերը, և կիրականանա այդ հեղինակների ու ընթերցողի երկար սպասված գրական հանդիպումը, նոր հանդիպում, որ խոստանում է լինել նախորդներից հաճելի:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ