Կուրսանտական համազգեստի պատիվը


Օր օրի ավելացող յուրատեսակ ու տարանուն վարժարանների, մասնավոր դպրոցների ու քոլեջներից Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը միակն է հանրապետությունում և միջնակարգ կրթություն ապահովող մյուս ուսումնական հաստատություններից շահեկանորեն տարբերվում է կրթադաստիարակչական աշխատանքների արդյունավետությամբ, ռազմահայրենասիրական շեշտադրումներով, ուսման բարձր որակով և ներքին փոխհարաբերությունների բարոյականությամբ: Թերևս սա այն եզակի կրթօջախներից է, որի սաները ուսումնառության ընթացքում գումարներ չեն ծախսում, վարժարանն ավարտելուց հետո բարձրագույն ուսումնական հաստատություններ են ընդունվում առանց լրացուցիչ պարապմունքների: Վարժարանի պետ, գնդապետ Ռոլանդ ՔԵԼԵՇՅԱՆԸ մեր զրույցի ընթացքում պատմեց վարժարանի առօրյայի, ձեռքբերումների, նորամուծությունների, ինչպես նաև` խնդիրների ու առաջիկա անելիքների մասին: -Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանը, բացի միջնակարգ դպրոցների համար պարտադիր գիտելիքներից, ուսուցանում է նաև ռազմական գործի այբուբենը, ունի մարզական ուղղվածություն, կուրսանտները ապրում են որոշակի ռեժիմով, մեծ ժամանակ է հատկացվում ֆիզիկական վարժանքներին և ռազմական պատրաստությանը: Ովքե՞ր և ի՞նչ ակնկալիքով են ընդունվում ռազմամարզական վարժարան, ի՞նչն է ստիպում ինքնակամ կտրվել ազատ, անհոգ կյանքից, գերադասել կուրսանտի մշտազբաղ առօրյան ու դժվարին պարտականությունները: - Հետպատերազմյան դժվարին տարիներին շատերը ռազմական վարժարան էին գալիս ոչ թե զինվորական դառնալու, այլ տաք անկողին ու ավուր սնունդ ունենալու համար: Այսօր պատկերը բոլորովին այլ է. վարժարան են դիմում տարբեր սոցիալական կացության, տարբեր խավի երեխաներ` զինվորականների, ազատամարտիկների, մտավորականների, հասարակ մարդկանց: Նրանց մեծ մասը զինվորական դառնալու նպատակ ունի և իրատեսորեն իր ճանապարհն սկսում է ռազմական վարժարանից: Մեր կուրսանտների մի մասը ընդունվում է ռազմական ինստիուտ, մի մասը` քաղաքացիական բուհեր, մյուսներն էլ վարժարանում ֆիզիկապես ու հոգեբանորեն պատրաստվելով գալիք ծառայությա նը` համալրում են Ազգային բանակի շարքերը: Մեր առաջնային խնդիրն է ոչ միայն դիմորդներ մատակարարել ռազմական բուհերին, այլ նպատակ ունենք ապահովել որակյալ կրթություն, իրոք պատրաստել բազմակողմանի զարգացած շրջանավարտ, ֆիզիկապես և բարոյապես ամուր, գիտակից ու հայրենասեր քաղաքացի: Ի դեպ, Մոնթե Մելքոնյանի ռազմամարզական ուսումնարանում ընդունելության համար դիմումներն ընդունվում են մինչև հուլիսի 25-ը: - Ո՞րն է որակյալ կրթության չափանիշը Զեզ համար, և ինչպե՞ս եք ապահովում շրջանավարտի բազամակողմանի զարգացումը: Ձեր պատասխանը շատ հետաքրքիր է այն առումով, որ հանրակրթական դպրոցները այսօր ոչ մեկն են իրագործում, ոչ մյուսը: - Վարժարանը զորամաս չէ և կուրսանտը պետք է տարբերվի զինվորից, այդ առումով փորձել եմ որոշ բարեփոխումներ անել, օրինակ, թույլատրել ենք, որ երեկոյան ազատ ժամերին կուրսանտներն համազգեստի փոխարեն սպորտային համազգեստ կրեն: Ազատվել ենք ցերեկային վերակարգից: Մեր սաները հասկանում են, որ պետք է ինքնահարգանք ունենալ և մաքուր պահել սեփական կացարանը, ուստի ոչ միայն չեն աղտոտում, այլ հենց իրենք են հետևում մաքրությանը: Ես կարծում եմ` չպետք է պատանուն դաստիարակել` պատրաստի բանաձևեր տալով, այլ պիտի օգնել, որ ինքը հասնի ճիշտ եզրահանգումների, տարբերակի արժեքավորը, ճիշտը, բարոյականը: Ուստի պետք է թույլ տալ, որ նա մտածի ու գործի ոչ թե հարկադրաբար, այլ գիտակցորեն, համոզմունքով: - Իսկ ի՞նչ «ձախողումների» մասին է խոսքը: - Այո, «ձախողումներ» էլ են եղել: Ըստ գործող կարգի` ուսուցիչները վերակացուի նման հետևում էին սաների` դասերը պատրաստելու ընթացքին: Ես ցանկացա, որ կուրսանտները դասերը պատրաստեն ինքնուրույն, առանց կողմնակի հարկադրանքի: Արդյունքում` սաների առաջադիմության մակարդակը մի քիչ ընկավ: Անկեղծ ասած, ինձ համար անսպասելի չէր: Մտածելակերպն ու վարքը միանգամից չես փոխի: Փոխարենը` փախուստ չունենք: Չնայած ծնողների, հարազատների, տնական ճաշերի և փափուկ կյանքի կարոտին, սաները մնում են վարժարանում ու ենթարկվում կարգուկանոնին: Անբավարար ստացող կուրսանտները շաբաթ-կիրակի օրերը մնում են վարժարանում, և ուսուցիչնե րը լրացուցիչ պարապում են նրանց հետ: Ջանում ենք զարկ տալ սպորտին, վարժասարքեր ունենք, մարզահրապարակները բարվոք են: Վերջերս 4000 մ մրցավազքում, որին մասնակցում էին նաև ներկայացուցիչներ արտերկրից, մեր սաները նվաճեցին բոլոր մրցանակները: Նոր ընդունվածները երբեմն փորձում են «դիրք դնել», աքլորանում են, կարճ ժամանակամիջոցում հասկացնում ենք, որ դիրքը, հեղինակությունը, պատիվը բռունցքներով չեն նվաճում, այլ առաքինություններով` խելքով, մեծահոգությամբ, ազնվությամբ... - Մեր զրույցի սկզբում Դուք խոսեցիք ռազմահայրենասիրական դաստիարակության մասին: Ունե՞ք որոշակի բանաձև` ինչպես արթնացնել սեփական երկիրն ու ժողորդին սիրելու պատրաստակամություն: - Մարդը հայրենասեր է ծնվում, որովհետև դա կենսաբանական հատկանիշ է: Պարզապես հետագայում սխալ դաստիարակությամբ ու ապակողմնորոշումներով սպանում են այդ մղումը: Պետք է փորձենք հնարավորինս աննկատ, բայց հետևղականորեն մտքեր հուշել երեխային, պատանուն, ուղղորդել մտածելակերպը: Միտքը սևեռել որոշակի գաղափարների վրա` հայրենիք, ազգ, ընտանիք, գթասրտություն, պատիվ, քաջություն... Շատ կարևոր է, թե ովքեր են զբաղվում պատանու դաստիարակությամբ: Պիտի սեփական կենսագրությունդ խորհուրդներ տալու, քո հավատամքի ու արժեքների մասին խոսելու բարոյական իրավունք տա քեզ: Այլապես խոսքդ հակառակ ազդեցություն կունենա: Եթե դու պատերազմի ժամանակ տաքուկ անկյուն ես փնտրել ու այսօր հայրենիքի ու հերոսության մասին ես խոսում, ակամա նսեմացվում, իմաստազրկվում են այդ գաղափարները: Եթե դու թալանում ես սեփական ժողովրդիդ ու երկիրդ և խոսում ես ազգասիրությունից, ստիպում ես, որ պատանին խորշի այդ արժեքներից: Այսօր ով ասես պատերազմական հուշեր է պատմում, պիտի լռեցնել նրանց, քանի որ համատարած աղմուկի մեջ կորչում-վերանում է իսկական ասելիքը: Կուրսանտները, զինվորը այդ առումով շատ նախանձախնդիր են. մինչ դու կհասնես զորամաս կամ կրթօջախ, հասցնում են ամեն ինչ իմանալ քո մասին: Ու եթե կենսագրությունդ չհարգվեց, փոխըմբռնման հույս չունենաս:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ