ԻՐԱՎՈՒՆՔ, ՎՆԱՍՎԱԾՔ, ԾԱՆՐԱՄԱՐՏ


Հայրենիքից դուրս գործող երիտասարդ որևէ ծանրորդի մեր ժողովուրդը դժվար թե մտաբերի: Կամ կա՞ն արդյոք այդպիսիք: Վրաստանի երիտասարդների ազգային հավաքականի մարզիկ Դաթո Խարատիշվիլիի հետ զրուցելիս իմացա, որ Վրաստանում ապրում է ազգությամբ հայ մի հրաշալի ծանրորդ` Վրաստանի երիտասարդական հավաքականի հայազգի մարզիկ Ռոման Սարկիսյանը: Եվ ծնունդով թբիլիսցի հայ մարզիկը սիրով պատմեց իր մասին: - Պապիս հայրը ցեղասպանությունից մազապուրծ փախել է Վրաստան, հաստատվել Թբիլիսիում, այնտեղ էլ երեխաներ ունեցել: Ստացվում է, որ պապս և հայրս ծնվել են Վրաստանում: Ես` ևս: Ծանրորդ դառնալու նրա ցանկությունը եղել է դեռ վաղ տարիքից: - Մայրս գյումրեցի է: Իսկ Գյումրին բոլորին հայտնի է` որպես հայկական ծանրամարտի կենտրոն: Առաջին անգամ ծանրաձողը ձեռքս առա 2004-ին: Վրաստանի քառակի չեմպիոն եմ, ընդգրկված եմ Վրաստանի երիտասարդական հավաքականում: Չնայած սպորտի նվիրյալ լինելուն` Ռոմանի մասնագիտական կողմնորոշումն այլ է. - Սովորում եմ Թբիլիսիի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում: Ուսումս պատրաստվում եմ շարունակել բժշկության գծով: Որոշել եմ հմտանալ վնասվածքաբանության ոլորտում: Դա սպորտի հետ ավելի մեծ կապ ունի: Զարմանալի է, թերևս, որ լինելով ծանրորդ, Ռոմանը չի ընտրել ծանրամարտը` որպես մասնագիտություն. - Արդեն հինգ տարի Վրաստանում ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ չկա: Բացի այդ, ուզում էի իրավաբանություն սովորել: Ընդունելության ժամանակ վախենում էի, բայց քննություններս լավ հանձնեցի և ընդունվեցի այդ ֆակուլտետը: Հիմա մի քիչ մտափոխվել եմ. ուզում եմ ուսումս շարունակել Վնասվածքաբանության և մերսում ների ֆակուլտետում: Այսքանով հանդերձ մարզիկը չի պատրաստվում թողնել սպորտը. - Նպատակ ունեմ բնակություն հաստատել Հայաստանում: Բայց` մի քանի տարուց: Վրաստանում ծանրամարտին փայլուն ապագա չի սպասվում, իսկ Հայաստանում սպորտին և հատկապես ծանրամարտին մեծ տեղ են տալիս: Հիմա պատրաստվում եմ Եվրոպայի երիտասարդների առաջնությանը, որին կկարողանամ մասնակցել միայն գերազանց մարզավիճակի հասնելու դեպքում: Ռոմանի համար ծանրամարտում ֆավորիտները շատ են, այդ թվում կան նաև հայեր. - Շատ եմ սիրում Յուրի Վարդանյանին, Կախի Կախիաշվիլիին, Տիգրան Մարտիրոսյանին: Նրանք փայլուն ծանրորդներ են: Նրանց գերազանցելը դժվար է, փորձում ենք հասնել միայն: Կապը հայ մարզիկների հետ Ռոմանը միշտ պահում է. - Օգոստոսին երկու շաբաթով գալու եմ Հայաստան: Այդ առիթով շատ ուրախ եմ, քանի որ համ կհանգստանամ, համ կհանդիպեմ մեր ծանրորդներին: Նրանց հաջողություններով միշտ հպարտանում եմ, երկրպագում եմ նրանց և ուրախ եմ, որ հայրենակիցներս այսօր ցնցում են աշխարհն` իրենց ուժով, համառությամբ ու պայքարելու ունակությամբ: Սպորտում ամենադժվարը ծանրաձողի հետ կռիվ տալն է, հատկապես, երբ մի ողջ պետություն ես ներկայացնում, ունես շատ հակառակորդներ և երկրպագուներ, ովքեր սպասում են քո հաղթանակին, իսկ վատ արդյունքի դեպքում տխրում են ու հիասթափվում: Հուրախություն մարզասեր աղջիկների` ասենք, որ Ռոմանի սիրտն ազատ է. - Երբևէ չեմ սիրահարվել: Գուցե ժամանակ չի եղել, գուցե վրացուհիները հայուհիներին չեն հասնում… Հուսամ` հայ աղջիկներն ինձ կսիրեն (ժպտում է): Ռոմանը որոշել է ձախ թիակի վրա դաջվածք ունենալ. - Դա կլինի վագր, որը բերանով ծանրաձող է պահում: Դա անելու եմ ի նշան ծանրամարտի նկատմամբ մեծ սիրո և որպես հիշողություն, որը մինչև կյանքիս վերջ, երբ սպորտը թողած լինեմ, կհիշեցնի, որ ինչ-որ օր զբաղվել եմ դրանով և ի զորու եմ եղել ծանրաձող բարձրացնել: Վերջում քսանամյա մարզիկն ավելացրեց. - Մինչ հանդիպում: Այս տարի այդ հանդիպմանը շատ եմ սպասում:

Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆ