«ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻ» ԼՈՒՅՍՆ ՈՒ ՍՏՎԵՐԸ


Հուլիսի 16-ին, Վիմ Վենդերսի «Պինա» կինոնկարի ցուցադրությամբ, ավարտվեց «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնը: Ֆիլմը, որի պրեմիերան կայացել էր այս տարի Բեռլինի փառատոնում, նվիրված է լեգենդար պարուհի և խորեոգրաֆ Պինա Բաուշին: Կինոնկարի ցուցադրությունից հետո կայացավ «Ոսկե ծիրանի» փակման արարողությունը: Ատոմ Էգոյանը հատուկ մրցանակ հանձնեց հունգարացի ճանաչված ռեժիսոր Բելա Տարրին` կինոյում ունեցած մեծ նվաճումների համար: Բրիտանական Խորհուրդն ու Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը առանձնացրեցին Հարութ Շատյանի «Բեռնելով իմ կյանքը» ֆիլմը, իսկ լավագույն սցենարային գաղափարի համար Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակը ստացավ Էմիլ Մկրտչյանը («Տիեզերանավը»): Վերջերս ստեղծված Հայաստանի ազգային կինոակադեմիան նույնպես իր մրցանակն է հիմնել, որը հանձնվեց մեքսիկացի ռեժիսոր Պաոլա Մարկովիչին («Մրցանակ»)… Այս տարի «Ոսկե ծիրանին» նոր` «Կորիզ» մրցութային ծրագիրն էր ավելացել` նախատեսված կարճամետրաժ ֆիլմերի համար: Փառատոնի հանդիսատեսներն ու մասնագետներից շատերն, իհարկե, սպասում էին, որ հանձնախումբն իր հատուկ վերաբերմունքը կարտահայտեր նաև Վահան Խաչատրյանի «Սուրբ Խաչն առանց խաչի» ֆիլմի հանդեպ: Սակայն այդպես էլ անտեսվեց այդ չափազանց ինքնատիպ ֆիլմը, որը պատմում է Աղթամարի վանքի մասին և հարուստ փաստագրական նյութ է պարունակում: Փառատոնի հաջորդ օրվա ասուլիսում կազմակերպիչներն իրար հերթ չտալով` փառաբանում էին իրենց աշխատանքը, գովաբանում կազմակերպվածությունը… Տարակույսներն այստեղ ծնվեցին, որովհետև սկսած բացման արարողությունից` ամեն ինչ կարծես արված էր «ոտքի վրա», առանց որոշակի սկզբունքի: Դեռ բացման ժամանակ դահլիճը լցնելով այսպես կոչված հայկական «աստղերի» բոմոնդով` կազմակերպիչները «մոռացության» էին մատնել ազգային կինեմատոգրաֆի շատ նշանավորների, մեր շատ անվանի դերասանների, ովքեր կինոյում մեծ ճանապարհ են անցել: Անկազմակերպ և տեխնիկապես անկատար էին նաև կինոցուցադրումները: Թվում էր, որ ունենալով ոչ սուղ ֆինանսական միջոցներ` փառատոնի տնօրինությունը պիտի հոգ տաներ թերթոնների հրատարակման մասին, նպաստեր, որպեսզի ֆիլմերի մասին գրվեին կարծիքներ, կինոխոսականներ: Կինոփառատոնը կայացավ ու արդեն դարձավ պատմություն: Ամեն տարվա նման` կրկնվեցին նույն թերությունները, նույն շտապողականությունը դարձավ տիրապետող: Հուսանք, սակայն, որ հաջորդ տարի կազմակերպիչները կմտածեն իսկապես միջազգային ձևաչափերի ու նաև այն մասին, որ պատշաճ հավատարմագրվեն լրագրողները, հարգանք ցուցաբերվի նրանց հանդեպ, ովքեր պատրաստակամ են լուսաբանելու փառատոնը: Լ. Մ.