ԱՐԱԳԱՑՎԱԾ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄ ՉԻ ԼԻՆԻ


Ղարաբաղյան հակամարտության շուրջ նոր զարգացումներն որոշ քաղաքական շրջանակներում այն համոզումն են ձևավորել, թե գերտերությունները կամենում են արագացված կերպով հասնել խնդրի լուծմանը` նախնական պայմանավորվածությունների համաձայն` հայկական կողմին զիջումներ պարտադրելով: Սակայն թե´ Մադրիդյան, թե´ դրանց նախորդած բոլոր սկզբունքներն անընդունելի են եղել Հայաստանի և Ղարաբաղի համար: Գրեթե բոլոր տարբերակներում, որպես հիմնային առաջարկ, դրվել է վերադարձը ԼՂ ինքնավար մարզի կարգավիճակին, ինչն էլ, բնականաբար, չէր կարող ընդունելի լինել հայկական կողմի համար: Որևէ վերադարձ այն պայմաններին, որոնք, խոշոր հաշվով, հանգեցրել են պատերազմի` չեն կարող քննարկման օբյեկտ լինել: Գերտերությունները, որքան էլ հաճախակի մերժեն «պատմական նախադրյալները» և օբյեկտիվորեն պատմությունը գնահատելու հրամայականը, այնուհանդերձ, պիտի գիտակցեն, որ Ղարաբաղյան հիմնահարցը չունի կրոնական-դավանաբանական ենթահող, այն ձևավորվել է ինքնորոշման իրավունքի թելադրանքով, պատմական արդարությունը վերականգնելու պահանջով: Իսկ դրան հասնելու համար ժողովուրդը ստիպված է եղել դիմակայել ադրբեջանական ագրեսիային: Պատերազմում հաղթելով հարևան երկրին և հակահարված տալով նրա ագրեսիային` Լեռնային Ղարաբաղը կառուցել է պետություն` պետական ինստիտուտներով և ձեռնամուխ է քաղաքացիական հասարակության կառուցմանը: Մի հանգամանք, որն առավել շահեկան է դարձնում Ղարաբաղի վիճակը, քանզի այս պետությունն առավել ժողովրդավարական է, քան` Ադրբեջանը: Իսկ սա հուզական գնահատական չէ: Որևէ ժողովրդավարական երկիր չի համաձայնի կորցնել իր ձեռքբերումներն ու վերադառնալ մի վիճակի, որից ինքը վաղուց ձերբազատվել է: Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, որևէ այլ երկիր, այս պայմաններում եթե կփորձեն իրենց համար որևէ շահ որոնել, ապա պիտի իմանան, որ դատապարտված են մերժման: Իհարկե, Հայաստանն ու Ղարաբաղը տակավին չեն հռչակել այն նոր սկզբունքներն ու առաջարկները, որոնք արվել են, որոնք վերջերս ներկայացրեց Ռուսաստանի արտգործնա խարար Լավրովը: Սակայն հազիվ թե այդ առաջարկներն ամբողջապես բխեն երկու հայկական պետությունների շահերից, որովհետև ակնհայտ է, որ կան ներքին պայմանավորվածություններ Ադրբեջանի հետ: Որքան էլ վերջերս ադրբեջանական պաշտոնական շրջանակները խառնշտեն իրենց մտքերը, իրար հակասող հայտարարություններ անեն, այնուամենայնիվ, ակնբախ է, որ նրանց ինչ-որ խոստումներ տրվել են: Իսկ խոստումների հեղինակներն էլ այժմ կամենում են շուտափույթ կերպով հասնել հանգուցալուծման` հերոսանալու և պատմության մեջ մնալու համար: Բեռլինյան պատը քանդող Միխայիլ Գորբաչովի փառքը, հավանաբար, ոմանց հանգիստ չի տալիս: Ոմանց շտապողականության խորապատկերին` տեղի ունեցավ մի շատ կարևոր իրադարձություն. Հայաստանը ճանաչեց Հարավային Սուդանի անկախությունը: Եվ ահա հարց է ծագում` արդյո՞ք սա նախադուռ չէ, որպեսզի ուրիշ պետություններ էլ ճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Վերջին քսան տարիների ընթացքում բազմաթիվ պետություններ են ծնվել Եվրոպայում, նախկին ԽՍՀՄ տարածքում, Հեռավոր Արևելքում, Մերձավոր Արևելքում, Ինդոնեզիայում, իսկ հիմա էլ` Աֆրիկայում: Իր բոլոր նշաններով` Ղարաբաղի պայքարին ամենամոտը Հարավային Սուդանն է: Երկու տարբեր կրոնի, տարբեր ռասաների ներկայացուցիչներ են Սուդանում, այստեղ քսան տարվա պատերազմ են մղել, ահռելի զոհեր ու փախստականներ են գոյավորվել այդ պատերազմական գործողությունների հետևանքով: Այսինքն` գրեթե նույն իրավիճակն է, ինչ` Ղարաբաղում: Սակայն առկա է մի տարբերություն. ժամանակակից Սուդանի իշխանությունը շատ ավելի կիրթ է, ժողովրդավարական արժեքներին մերձ, ինչն էլ նրանց տարբերում է ադրբեջանական ելուզակային իշխանություններից: Ինչպես եվրոպական շատ երկրներ, այնպես էլ համանախագահողները չեն կամենում հաշվի նստել այս ճշմարտության հետ և իրենց համար առաջնային են դարձրել այսպես կոչված հաշտեցումը: Մինչդեռ առաջնային պիտի համարվի ժողովրդավարական և եվրոպական արժեքներն Ադրբեջանին ընկալելի դարձնելը: Գործընթաց, որի կայացմամբ հեշտությամբ կլուծվի Ղարաբաղի հարցը` ազգերի ինքնորոշման միջազգային իրավական սկզբունքով: Սա, այսպես ասած, խնդրի բարոյական-էթիկական կողմն է, սակայն իրավական առաջնությունները պիտի դառնան գերակա` նաև գերտերությունների և ողջ եվրոպական ընտանիքի համար: Եթե ԱՄՆ-ը կամ Ռուսաստանը, հետևելով Հարավային Սուդանի օրինակին, ճանաչեին Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ապա ոչ մի արտակարգ դրություն էլ չէր ստեղծվի համաշխարհային իրականության մեջ, Ադրբեջանը չէր հանդգնի պատերազմ սկսել Ղարաբաղի դեմ, որովհետև այս դեպքում արդեն միջազգային հանրության կողմից կճանաչվեր ագրեսոր: Սակայն ակնհայտ է, որ հենց գերտերություններն են ձգձգում հարցի կարգավորումը` շարունակելով սիրաշահել Ադրբեջանին և հաստատել երկակի ստանդարտներ: Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը: Ո՞վ ելավ այս երկրների դեմ, ո՞վ ելավ Ռուսաստանի դեմ: Ոչ ոք: Ուրեմն, համանախագահողներն են միտումնաբար ստեղծում արգելքներ, ձևական հանդիպումներ իրականացնում... Ժամանակն է, որպեսզի հայկական դիվանագիտական միտքը վճռականորեն դնի Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը` հենվելով արդեն առկա նախադեպերի վրա: Հարցի վճռական շոշափումն էլ կկանխի բոլոր նրանց ցանկությունները, ովքեր կամենում են հասնել արագացված հանգուցալուծման:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ