Եթե խնդիրները չլուծվեն, պոռթկում կլինի. գտնում է Շիրակ ԹՈՐՈՍՅԱՆԸ


Ինչպես արդեն հայտնի է` Վրաստանի խորհրդարանը փոփոխություն կատարեց քաղաքացիական օրենսգրքում` երկրում առկա հինգ կրոնական ուղղությունների թվում նաև հայ առաքելական եկեղեցուն իրավաբանական անձի կարգավիճակ ստանալու հնարավորություն ընձեռելով: Թվում էր, թե այդպիսով վերջապես կլուծվեն հայկական եկեղեցիների չարչրկված խնդիրները: Սակայն հիշյալ օրենսգրքում կատարված փոփոխությունն արժանացավ վրաց ուղղափառ եկեղեցու, անձամբ Իլյա երկրորդ պատրիարքի և հասարակական, քաղաքական լայն շրջանակների հակազդեցությանը: Ինչպե՞ս կարելի է բացատրել Վրաստանում հայության հանդեպ առկա, մեղմ ասած, անբարյացակամ վերաբերմունքը, ո՞րն է կամ որո՞նք են դրա պատճառները, ինչպե՞ս կարելի է շտկել իրավիճակը: Այս հարցերի շուրջ է զրույցը ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական բարեգործական միության նախագահ Շիրակ Թորոսյանի հետ: - Ձեր կարծիքով, ո՞րն է Վրաստանի հոգևորականության և հասարակության ընդվզման պատճառը` քաղաքացիական օրենսգրքում կատարված փոփոխութ յան դեմ: - Նրանք հոգեբանորեն պատրաստ չեն` վրաց ուղղափառ եկեղեցուց բացի այլ կրոնական ուղղությունները ճանաչել: Փաստորեն, Վրաստանում չի հարգվում և ոտնահարված է խղճի ազատության իրավունքը: Կաթոլիկ, մահմեդական, բաբտիստական, հրեական և հայ առաքելական հոգևոր ուղղությունները Վրաստանում փաստացի են գործում և ցանկացած պարագայում կարող են «թեթև» ձեռքով արգելել այդ կառույցների դե ֆակտո գործունեությունը: Մեզ համար շատ վտանգավոր է այս միտումը, քանի որ խոսքը հարևան, բարեկամ երկրի մասին է, որտեղ ամբարված է հսկայական հակահայկականություն: - Վրաստանի մասին խոսելիս միշտ շեշտում ենք` հարևան, բարեկամ: Բայց պարզվում է` այդ նույն երկրի հետ բազմաթիվ խնդիրներ ու հակասություններ կան, և դրանք նոր երևույթներ չեն: - Հայաստանի և Վրաստանի իշխանությունները համարում են, որ մենք բարեկամ, հարևան ենք: Բայց հակահայկականությանը մի փոքրիկ առիթ է պետք, որպեսզի այն պոռթկա: Ես փորձում եմ խուսափել հայատյացություն եզրույթից, բայց պետք է նաև նշեմ, որ տեղին եզրույթ է` այս պարագայում օգտագործելու համար: Փաստորեն, հինգ հոգևոր ուղղությունների տրվեց իրավաբանորեն գրանցվելու իրավունք, բայց վրացական ամբողջ հանրությունն ընդվզեց հատկապես հայերին տրվող կարգավիճակի դեմ: Հակահայկականությունը, հայատյացությունը միշտ էլ նրանց մեջ նստած է եղել: Ի վերջո, մենք այս մասին պետք է բարձրաձայնենք, խոսենք, պարզաբանենք, փորձենք դա վերացնել: Չխոսելով և թեման փակելով` երևույթը չի վերանում, խնդիրը չի լուծվում: Երբ կոծկում ես, դրանք ավելի ուշ կպոռթկան մեկ այլ առիթով: Եվ մյուս պատճառն այն է, որ կոնկրետ մենք ենք եկեղեցիների վերադարձի խնդիրներ առաջադրել. Վրաստանում կան հայկական շատ եկեղեցիներ. երկու գործող` Թիֆլիսում և շուրջ 25-ը` Ջավախքում: Եվ´ Իլյա պատրիարքը, և´ նախկին նախագահ Շևարդնաձեն ասացին, թե` հայ եկեղեցուն կարգավիճակ տալու դեպքում անմիջապես կհետևի հայերի կողմից տարածքների պահանջը: Ըստ երևույթին, նկատի ունեին եկեղեցական տարածքները, չնայած` Շևարդնաձեի այդ արտահայտությունը շատ երկիմաստ էր: Նրանք պնդում են, որ այդ օրենքը հակասում է Սահմանադրությանը: Վրաստանի Սահմանադրությամբ ամրագրված է վրաց ուղղափառ եկեղեցու հեգեմոն, դոմինանտ դերը: Նաև նախատեսված է, որ պետությունը և եկեղեցին պետք է կնքեն համաձայնություն` կոնկորդակ, հոգևոր ոլորտում եկեղեցու միանձնյա գերիշխանության մասին: Եվ նշված է, որ Վրաստանում գտնվող բոլոր եկեղեցիների տնօրինման իրավասությունը պատկանում է վրաց ուղղափառ եկեղեցուն, և միայն նա կարող է համաձայնություն տալ այս կամ այն եկեղեցին այս կամ այն կառույցին տալու վերաբերյալ: Եկեղեցիների վերադարձի մասին մեր պահանջին նրանց ներկայացրած հակընդդեմ պահանջի մասին մեր հանրությունը տեղեկացված է: - Ձեր կարծիքով` հայերի դեմ այդ թշնամանքն արդյո՞ք դրսից ինչ-որ երրորդ ուժ չի հրահրում: - Կարծում եմ` դա վրացական քաղաքականության բնորոշ առանձնահատկություններից մեկն է: Նաև` դրսից վտանգն, իհարկե, առկա է: Վրաստանն այսօր համագործակցում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ, նրանց հետ ստեղծել է տանդեմ և տարածաշրջանային տարբեր տնտեսական, քաղաքական ծրագրեր են իրականացնում: Այդ ծրագրերն իրենց սուր ծայրով ուղղված են Հայաստանի դեմ: Հայաստանն այդ ծրագրերով մեկուսացվում է: Բնականաբար, Վրաստանի վրա Ադրբեջանի և Թուրքիայի կողմից կարող է լինել ճնշում, որպեսզի նա այս կարգի հարցերում չընդառաջի հայերին: Եվ ցավալի է, որ քրիստոնյա պետությունը, ազգը ընդառաջելով այլոց շահերը, ոտնահարում է քրիստոնյա հարևան երկրի շահերը: Շատ վտանգավոր միտում է, որովհետև ևս մեկ-երկու տասնամյակ հետո կտեսնենք, որ մահմեդական տարրի ահագնացումը Վրաստանի տարածքում կվտանգի հենց Վրաստանի պետականությունը: - Փաստորեն, մեզ համար երկրորդ «ղարաբաղյան ճակատի» բացման հեռանկար կա՞: - Մի քիչ խիստ ձևակերպում է, իհարկե: Բայց Ջավախքի համար այսօր շատ դժվարին օրեր են: Ջավախքը շատ արագ տեմպերով հայաթափվում է, և եթե որևէ քայլ չձեռնարկվի, նրան հաստատ, սպառնում է Նախիջևանի ճակատագիրը, ինչը Հայաստանի համար կործանարար կլինի: Հետևաբար, մենք ամեն գնով Ջավախքի հայապահպանության խնդիրը պետք է լուծենք: Ես դժվարանում եմ ասել` Ջավախքում ոստիկանական ռեժիմը, հայ ազգային հասարակական ակտիվիստների նկատմամբ հալածանք ներն արդյո՞ք մի օր չեն հանգեցնի պոռթկման: Իսկ այդ պոռթկումը շատ անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ և ձեր նշած սցենարին հանգեցնել: Իսկ լավագույն սցենարը կլինի, եթե Հայաստանն ու Վրաստանը ձեռք -ձեռքի, ուս-ուսի, խելք-խելքի տան և կարողանան միասին լուծել Ջավախքի առջև ծառացած բոլոր հիմնախնդիրները: - Ի՞նչ եք կարծում, վրաց եկեղեցու այդպիսի հայատյացությունը ինչ-որ խորքային արմատներ ունի՞, թե՞ պայմանավորված է պարզապես Իլյա երկրորդի անձով: - Ե´վ մեկը, և´ մյուսը: Իլյա երկրորդը անվերապահ հեղինակություն ունի Վրաստանում, նաև խորքային խնդիր կա: Գիտենք, որ Վրաստանը քրիստոնեությունը մեզանից է վերցրել չորրորդ դարում, և մինչև յոթերորդ դարը վրաց եկեղեցին եղել է հայադավան` հայ առաքելական եկեղեցու հետևորդներից: Բայց հետո վրաց եկեղեցին գնաց դեպի ուղղափառություն, մտավ հունական պատրիարքների ենթակայության տակ: Դրանից հետո հայ և վրաց եկեղեցիների միջև անջրպետ գոյացավ: Եվ Զաքարյանների իշխանապետության ժամանակաշրջանում վրաց եկեղեցին մոլեգնորեն պայքարում էր Հայաստանն ուղղափառացնելու ուղղությամբ: Եվ երբ Հայաստանի հյուսիսային շրջանները միառժամանակ մտցվել էին Վրաստանի կազմի մեջ, այդ տարածքներում կառուցվեցին հայ քաղքեդոնական եկեղեցիներ, սակայն հայերը չձուլվեցին: Արագ տեմպերով այդ ամենը վերացավ, երբ Հայաստանի հյուսիսային շրջանները դուրս եկան Վրաստանի կազմից: Եվ այսօր վրաց եկեղեցին իրեն իրավունք է վերապահում Լոռիում գտնվող այդ հինգ եկեղեցիները վրացական հայտարարելու: Իրականում, Հայաստանում քաղքեդոնիկ եկեղեցիների թիվը տասնյակների է հասնում: Բայց վրացիներն ընդամենը հինգն են պահանջում, որովհետև մենք ենք սկզբից հինգը պահանջել: Հայաստան պետությունը պետք է շատ ակտիվացնի Վրաստանի հետ շփումներն այս խնդիրները քննարկելու ոլորտում, որովհետև չի կարող իրական հայ-վրացական բարեկամություն լինել, եթե Վրաստանում հայերի իրավունքները ոտնահարվում են: Դա ակնհայտ է: Հետևաբար Հայաստանը պետք է նաև որոշակիորեն կոշտացնի իր բարիդրացիական մեղմ քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ