ԻՆՔՆԱԿՐԹՎՈՒՄ Է


Հաջորդ ամիս ծննդյան 57¬րդ տարելիցը նշել պատրաստվող Ռոբերտ Քոչարյանը վերանայել է նախասիրությունները, և ըստ վերջինիս գրասենյակի հավաստիացում ների` սկսել է գրքեր կարդալ: Հետաքրքիր է, որ ներկայացված ցանկում մայրենի լեզվով որևէ գիրք չկա: Ռ. Քոչարյանի ռուսերենի հանդեպ ունեցած հակումն իհարկե վաղուց է հայտնի, սակայն տարօրինակ է, որ անգլերեն լեզվով գրականություն էլ է ընդգրկված ցուցակում: Տարիներ առաջ` Հայաստանի վարչապետ նշանակվելուց հետո, խոսելով հայոց լեզվի իր ընդունակությունների մասին, երկրորդ Նախագահը խոստովանել էր, թե «պարապվում եմ», իսկ արդեն Նախագահ եղած տարիներին Պետհամալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ (հավանաբար միայն իր մասով) արձանագրել էր, թե գիրք կարդալու ժամանակներն անցել են… Այժմ միգուցե երիտասարդ թոշակառուի կարգավիճակն է նրա համար ազատ ժամանակ ստեղծել ու մինչև անգամ ընթերցանությամբ զբաղվելու հնարավորություն տվել: Ամեն դեպքում, նախկին պաշտոնյայի աշխարհայացքում ինչ¬որ բան է փոխվել, քանի որ, սովորույթի համաձայն, ազատ ժամանակը նա դարձյալ սպորտին կարող էր նվիրել: