Արգելվում է ամուսնանալ… սիրելով


 

Լսե՞լ եք կամ կարո՞ղ եք ընկալել, որ սիրելով ամուսնանալը «վնաս է հասցնում երիտասարդ մարդկանց, հատկապես աղջիկների համբավին, ինչը խայտառակություն է ողջ ընտանիքի համար»: Բայց այս ձևակերպումը համոզմունք ու սկզբունք է մայրաքաղաք Դելիից ընդամենը 40 կմ հեռու գտնվող Ասարա գյուղում (Ուտար Պրադեշ նահանգ): Եվ գյուղի ավագանու խորհուրդը տեղաբնակներին արգելել է ամուսնանալ սիրելով:

Նման արտառոց մտածողությունը տեղական օրենք դարձնելուն, թերևս նպաստել է այն իրողությունը, որ այստեղ բնակչության հիմնական մասն արմատական մահմեդականներ են (ԹպրՑՌ.Ru):

Հնդկաստանի գյուղերում հաճախ է պատահում, տոհմավագները երկրի օրենսդրությանը հակասող որոշումներ են կայացնում: Չնայած նրանց մոգոնած կանոնները սահմանադրական ուժ չունեն, բայց փոքր բնակավայրերում դրանք անառարկելի պահանջներ են դառնում: Հայտնի են դեպքեր, երբ տոհմավագների սրտով չի եղել այս կամ այն աղջկա վարքագիծը, և նրա նկատմամբ մահվան դատավճիռ է կայացվել:

Նույն` Ասարա գյուղում նույն ավագանիները մինչև 40 տարեկան կանանց արգելել են բջջային հեռախոսից օգտվել և առանց տղամարդու կամ ծնողների ուղեկցության փողոց դուրս գալ: Դե, դա գեղեցիկ սեռի ապահովությա˜ն համար: Հնդկաստանի պաշտոնական իշխանություններն, իհարկե, հավանություն չեն տալիս նման հոգատարությանը, բայց մարդիկ շարունակում են «իրենցը դնել»: