Ուսուցչի օգնական շունը


 

 

Բրիտանացիների նորամուծությունն է, որի փորձարկումը հաջողություն է արձանագրել:

Դևոնշիր կոմսության Բարնստեպլ քաղաքի` կրտսեր տարիքի երեխաների ուսումնական հաստատությունում ինքնատիպ փորձարարության են դիմել: Իրենց սաների առաջադիմությունը բարձրացնելու, ուսման հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու նպատակով աշխատանքի են ընդունել ալյասկյան մալամութ ցեղի 2 տարեկան մի շան` Վայնոնա մականվամբ: Ընդգծենք` ոչ թե նրան պարզապես դասարան են թողնում, այլ` աշխատանքի են ընդունել:

Վայնոնա շունը, ուսուցչի օգնականի կարգավիճակով պարապմունքների ընթացքում երեխաների կողքին է: Մասնագետների կարծիքով` նրա ներկայությունը բարյացակամ մթնոլորտ է ստեղծում, ինչը նպաստում է ընկալունակության և առաջադիմության բարձրացմանը:

- Ես շատ կցանկանայի, որպեսզի բրիտանական յուրաքանչյուր դպրոցում շներն աշխատեին որպես մանկավարժների ընթերականեր,- ասել է կենդանավարժ Թրեյսի Բեռիջը, ով Վայնոնային պատրաստել է` երեխաների հետ աշխատելու:- Կենդանիներն օգնում են վստահության մթնոլորտ ստեղծել, ինչը նշանակալիորեն մեծացնում է ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների ինքնագնահատանքն ու ինքնավստահությունը:

Ի դեպ, դպրոցի տնօրինությունը ոչ միայն գոհունակություն է հայտնել աշակերտների առաջադիմությունից, այլև նշել է, որ նկատելիորեն բարելավվել է հաճախելիությունը: Ծնողները ևս խոստովանել են, որ երեխաները սիրով են դպրոց գնում և անհամբերությամբ են սպասում, թե երբ դասասենյակ կմտնի ուսուցչի չորքոտանի օգնականը: