«Ամերիկայեն եկած է…»


 

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնում նյութեր են ստացվել, որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մաքսային պահեստում զննության է ենթարկվել ԱՄՆ քաղաքացի Միքայել Ս.-ի անվամբ ԱՄՆ-ից միջազգային փոստային ծառայությամբ ուղարկված ծանրոցը: Դրանում եղած HeΖd Ζnd shoulders ֆիրմայի շամպունի տարայից հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթում փաթեթավորված 6.509 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Արձանագրված փաստն, անկեղծ ասած, և´ տխրեցնում է, և´ ուրախացնում. ցավալի է, որ թմրամոլությունը և թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը տարեցտարի ընդլայնում է սահմանները` իր ծավալներով և մասշտաբներով ներառելով բոլոր աշխարհամասերը: Իսկ կոնկրետ այս դեպքում ուրախալին հայ իրավապահների և համապատասխան մասնագետների զգոնությունն է, աչալրջությունն ու արհեստավարժությունը: Փաստորեն, Աստված շատ չհամարի` Ամերիկային անցանք… Հետաքրքիր է, այդ ինչպե՞ս պատահեց, որ գերհզոր տերության մասնագետներն ու սարքավորումները վրիպել ու չէին հայտնաբերել թմրամիջոցը: Այն դեպքում, երբ ՄԱԿ-ի «Թմրամիջոցների մասին» համաշխարհային վերջին զեկույցում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության համաշխարհային շարժի վերաբերյալ լուրջ ահազանգեր են հնչեցվել և խիստ պահանջներ են դրվել բոլոր երկրների համապատասխան ծառայությունների առջև:

Այդ զեկույցից բերենք մի քանի փաստ. տարեկան երկրագնդի 15-64 տարեկան բնակչության 3.5-ից 5.7 տոկոսը կամ` 155-ից 250 միլիոն մարդ, գոնե մեկ անգամ օգտագործում է արգելված թմրամիջոց: Թմրամիջոցների չարաշահման հետևանքով տարեկան մահանում է 7.3 մլն մարդ: Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից ստացված տարեկան եկամուտը կազմում է 200 մլդ դոլար:

Աշխարհում քրեական հանցագործությունների կեսից ավելին կատարվում են թմրամիջոցների ազդեցության տակ:

Իսկ ի՞նչ նկարագիր ունի այդ չարիքի դեմ պայքարը Հայաստանում:

2012 թ. 6 ամիսների ընթացքում ՀՀ-ում հայտնաբերվել է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության 575 հանցագործության դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 871 դեպքի դիմաց: Անցած 6 ամիսների ընթացքում առգրավվել է 5 կգ 586 գրամ տարբեր տեսակի թմրամիջոց, 18.8 գրամ հոգեմետ նյութ, 207.3 միլիլիտր պրեկուրսոր (քացախաթթվի անհիդրիդ, աղաթթու):

Այսպես կոչված «ծանր» թմրամիջոցներից «ափիոնը», «ամֆետամինը» Հայաստան ապօրինի ներկրվում է հիմնականում Իրանի Իսլամական Հանրապետությունից` ինչպես ցամաքային, այնպես էլ օդային ճանապարհով: «Հերոին» տեսակի թմրամիջոցը քիչ քանակությամբ ներկրվում է Թուրքիայից ցամաքային ճանապարհով, իսկ սինթետիկ թմրամիջոցներից «սուբուտեքսը», որի առգրավումը վերջին տարիներում ավելացել է` օդային ճանապարհով ներկրվում է Ֆրանսիայից: