Մերկացվել են հերթական կաշառակերները


 

Վերջերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում մի քաղաքացի` Հրանտ Բ.-ն, հայտարարություն է տվել, որ 2010-2012 թթ. իր կողմից Կոտայքի մարզի Նուռնուս համայնքում կառուցված ամառանոցի շինարարությունն օրինականացնելու համար դիմել է «Հ. և Ռ. Ղուկասյաններ» ՍՊԸ տնօրեն Հովհաննես Ղուկասյանին: Տնօրեն կոչվածն իրենից պահանջել է 150.000 դրամ գումար` պարտավորվելով գրել, թե իբր նշված շինարարությունն իրենց ընկերությունը կատարել է դեռևս 2010 թվականին:

Միաժամանակ Հ. Ղուկասյանը միջնորդել է ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինության պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ-պետական տեսուչ Էդվարդ Երիցյանին` համապատասխան գումար տալու դեպքում ավարտական ակտը հաստատելու համար: Հրանտ Բ.-ն իր հերթին պայմանավորվել է նաև Էդ. Երիցյանի հետ, իսկ վերջինս ավարտական ակտը հաստատելու համար նրանից պահանջել է 100 ԱՄՆ դոլար կաշառք:

Միջոցառումների իրականացման ընթացքում Նուռնուսի իր ամառանոցում 150.000 դրամ կաշառք վերցնելու փաստով մերկացվել է «Հ. և Ռ. Ղուկասյաններ» ՍՊԸ տնօրեն Հ. Ղուկասյանը: Նրա անմիջական միջնորդությամբ Հրանտ Բ.-ից 100 դոլար կաշառքը վերցնելու փաստով իր աշխատասենյակում մերկացվել է նաև Էդվարդ Երիցյանը:

Կաշառքի մեկ այլ դեպք էլ վերջերս բացահայտվել է «Զվարթնոց» օդա-նավակայանում, որի գծային բաժին էր դիմել Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի մի բնակիչ` հայտնելով, որ Երևան-Օդեսա չվերթով իր հարսին ճանապարհելիս` հաշվառման աշխատակիցը 17 կգ հավելյալ քաշի համար իրենից պահանջել և ստացել է 15.000 դրամ:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կաշառք վերցնողը օդանավակայանի հաշվառման բաժնի վերահսկիչ Արմենակ Սարգսյանն է, ով բերման է ենթարկվել բաժին: