Ինչի՞ց է դժգոհում հեռուստադիտողը


 

Սերիալների մասին վերջին շրջանում այնքան շատ ենք խոսում, որ այն տպավորությունն է, թե մեր երկրում բոլոր դժբախտությունների ու անհաջողությունների պատճառը հենց սերիալներն են, հենց դրանք են դառնում մեր կյանքի զարկերակը: Նման մոտեցումն առնվազն կարող է վկայել այն մասին, որ մեր հանրության ուշադրության կենտրոնում ուրիշ ոչինչ չկա, բացառությամբ սերիալների:

Իհարկե, բոլոր նրանք, ովքեր դժգոհում են սերիալներից, ինչ-որ տեղ իրավացի են, որովհետև հայկական մի շարք հեռուստաալիքներ գրեթե հրաժարվելով գրական-գեղարվեստական, մշակութային, հրապարակախոսական հաղորդումներից, երբեմն մոռացության մատնելով հեռուստատեսության` իբրև լրատվամիջոցի, գլխավոր գործառույթները, ամեն ինչ կենտրոնացրել են սերիալների շուրջ` այսպես մարդկանց պահելով մեկուսացվածության ու սահմանափակվածության մեջ: Իհարկե, հիմա այլևս այն ժամանակները չեն, երբ մարդիկ պարտադրված լինեն հեռուստասերիալ դիտել, որովհետև գոյություն ունեն բազմաթիվ հեռուստաալիքներ, օգնության է գալիս համացանցը, և սերիալներ դիտելու ցանկություն չունեցողները կարող են շատ հանգիստ իրենց գեղագիտական պահանջմունքները բավարարել այլ միջոցներով` գուցեև հիշելով համերգասրահների ու թատրոնների մասին: Այսուհանդերձ, սերիալները կան ու խնդիրներ են ծնում, որոնց կողքից չի կարելի անտարբեր անցնել:

Ի տարբերություն այս կինոտեսակն ամբողջապես ժխտողների, նշենք, որ այն զանգվածային մշակույթի տեսակ է, որից չի կարելի հրաժարվել և չի կարելի ժխտել նրա գոյությունը: Պարզապես խնդիրն այն է, թե ինչ և ինչպես է մատուցվում, թե 21-րդ դարասկզբին ինչ սյուժեներ ու թեմաներ ենք առաջադրում, ինչ արտահայտչական միջոցներ ենք կիրառում: Սենտիմենտալ, այսպես կոչված «հնդկական» սյուժետային գծերով ֆիլմաշարերը, բնականաբար, այսօր դուրս են մղվում ողջ աշխարհի հեռուստաարտադրանքից` իրենց տեղը զիջելով բարձրարվեստ սերիալային կինոյին, որը գլխավորապես հենվում է դասական ստեղծագործությունների էկրանավորումների, «դիմանկարային կինոյի» ավանդույթների վրա: Խոստովանենք, որ այլևս կորած երկվորյակների, մանկատներից անհետացած երեխաների, սիրային պարզունակ եռանկյունիների, հիշողությունը կորցրած անձանց մասին պատմությունները չեն հետաքրքրում: Մարդիկ կամենում են տեսնել դասական գրական երկերի էկրանավորումներ, ցանկանում են ծանոթանալ մեր պատմությանն ու իրականությանը` դիտարկված գեղարվեստի որոշակի չափանիշների դիրքերից: Հեռուստադիտողը կամենում է էկրանից տեսնել կյանքի ճշմարտությունը` ներկայացված տրամաբանության ու հավաստիության սկզբունքներով: Հազիվ թե այսօր որևէ մեկն առանց քմծիծաղի դիտի այնպիսի սյուժե, ըստ որի միլիոնանոց բնակչություն ունեցող քաղաքում ընդամենը ոստիկանական մի բաժանմունք է գործում` 3-4 ոստիկանով ու մեկ քննիչով, բազմաթիվ հանցագործությունների մեջ թաթախված, անխնա սպանող, պատանդ վերցնող մի քանի հանցագործներով, որոնց անհնար է վնասազերծել ու պատժել, անհնար է կորած ոստիկանին հայտնաբերել և էլի նման բաներ: Իսկապես ծիծաղելի է տեսնել սյուժե, ուր մեկն իբր զոհվում է, թաղվում, հետո հայտնություն առնում: Կամ տասնութ տարի անց հանդիպել «մեռած» մորը, չճանաչել նրա ձայնը, դիմագծերը, աչքերը, երբ նրա լուսանկարը 18 տարի շարունակ երեխաների աչքերի առջև է եղել…

Այսօր հեռուստադիտողներից շատ-շատերը քննադատում են «Դժվար ապրուստ» սերիալն ու նրա հեղինակին: Իսկ հեղինակը բոլոր քննադատություններին պատասխանում է փիլիսոփայորեն.

- Առողջ քննադատություններն ընդունում եմ, հիվանդագին քննադատություններն անտեսում: Ինձ համար շատ կարևոր է մարդկանց կարծիքն ու գնահատականը, եթե գտնում եմ` առողջ է, անպայման կիրառում եմ: Իսկ ընդհանուր առմամբ, նորմալ եմ վերաբերվում քննադատություններին. անտարբերությունից վատ բան չկա: Բնականաբար, իրարամերժ կարծիքներ պետք է լինեն, չէ՞ որ ոչինչ իդեալական ու անթերի չի կարող լինել… դա նորմալ է, առողջ է, ճիշտ է:

Հազիվ թե առողջ քննադատություններն ընդուներ սցենարի հեղինակը, հազիվ թե ականջալուր լիներ առողջ դիտողություններին… Եթե այդպես լիներ, ապա լուրջ տեղաշարժեր կլինեն սյուժեում, այնպես չէր ստացվի, որ հոգեբանության դասախոսը փնտրեր իր երկու կորած դուստրերին, որոնցից մեկը «տիկին Անահիտի աղջիկն» է, մյուսն էլ, հավանաբար, «Գոռի առաջին կին Մերին»: Հազիվ թե մի հսկա քաղաքում այնքան նեղ լիներ շրջանակը, որ բոլոր իրադարձությունները կենտրոնանային մի ընտանիքի շուրջ, հարազատներն իրար կապված լինեին «առեղծվածներով», և պարզվեր, որ Նոյը, Էլենը, Բինան, Մերին քույր ու եղբայր են, Սևակը Եվայի տղան է, գուցե քույրեր են Մարիցան ու գյուղում ապրող Էսթերը: Իսկ միգուցե պարզվի, որ Մարիցան էլ Ալբերտի աղջիկն է, ում նա ունեցել է անձը չպարզված կնոջից… Իսկապես ծիծաղելի ու պարզունակ է, իսկապես մեր շատ հեռուստադիտողներին տանում է դեպի արևելյան հեքիաթները, որոնք անգամ հնդիկներին այլևս չեն հետաքրքրում…

Ահա ինչի դեմ են բողոքում հեռուստադիտողները: Նրանք կամենում են սերիալներում նկարահանվող շնորհալի շատ դերասան-դերասանուհիների տեսնել բարձրարժեք էկրանային ստեղծագործություններում, որոնք շատ ավելի մեծ լսարան կապահովեն, քան ամեն կարգի մելոդրամաները: Հանդիսատեսն արդարացիորեն բողոքում է այն լեզվից, որը մատուցվում է հեռուստաեթերից:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ