ԲԱՆԿԵՐԸ ԹԱԼԱՆՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ


 

Շատ վաղուց հայաստանյան բանկերը վերածվել են յուրօրինակ պետության` պետության մեջ և թալանում են հայաստանցիներին, կողոպտում` որևէ պատասխանատվություն չկրելով:

Արդեն մենք գրել ենք այն վարկերի չափազանց բարձր տոկոսադրույքների մասին, որոնք տրամադրվում են գյուղացիներին` ըստ էության նրանց դարձնելով պատանդ սեփական երկրում և սեփական հողի վրա: Հիմա էլ մեր ուշադրությունը սևեռեցինք բանկային այն վարկերին, որոնք տրամադրվում են ապառիկ հիմունքներով ապրանքների ձեռքբերման համար: Մեզ հետաքրքրում էր, թե ինչն է պատճառը, որ շատերը չեն կամենում օգտվել ապառիկ ծառայություններից, խույս են տալիս բանկերի հետ համագործակցությունից: Իրողու-թյունն այն է, որ այստեղ էլ կատարյալ թալան է, մի այնպիսի խայտառակ վիճակ, երբ տարեկան տոկոսադրույք է սահմանվում 24 տոկոսը, այսինքն` գնվող ապրանքի գնի մոտ մեկ քառորդը` չհաշված բանկային ծառայությունների համար ամեն ամիս վերցվող գումարները:

Այս ամենի մասին ոչ միայն տեղյակ է Կենտրոնական բանկը, որը մեր երկրում բանկային կարգուկանոնի և օրենսդրության երաշխավորը պիտի լիներ, այլև ամեն ինչ տեղի է ունենում ԿԲ-ի գիտությամբ ու համաձայնությամբ:

Ի պատասխան մեր հարցման, ԿԲ-ից ասացին, թե առևտրային բանկերն իրենք են սահմանում իրենց տոկոսադրույքները, ԿԲ-ն չի կարող միջամտել: Ասենք, որ այս պատասխանը որևէ աղերս չունի Հայաստանում ընդունված օրենսդրության հետ և ընդամենը խուսագրություն է, որի նպատակն է արդարացնել Կենտրոնական բանկ-առևտրային բանկ համաձայնությունները, որոնք այս դեպքում գործում են ի վնաս վարկառուների: