Պետական վերահսկողության մեխանիզմներ են անհրաժեշտ


«Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ իրականացրած սպառողական զամբյուղի մի շարք սննդամթերքների գների մոնիտորինգի արդյունքները Ինչպես հայտնի է, մի շարք մեծածախ պարենային ապրանքատեսակների գները միջազգային շուկայում աճել են: Միևնույն ժամանակ, եթե հաշվի առնենք միջազգային շուկայում էներգակիրների գների հաստատուն աճը և որ Հայաստանը էներգակիր ներմուծող երկիր է, ապա ակնհայտ է, որ սա իր բացասական ազդեցությունը պետք է թողներ տեղի գների փոփոխությունների վրա: Սակայն, որքանո՞վ է տեղի գների բարձրացումը համարժեք միջազգային գներին և արդյո՞ք գոյություն ունի չհիմնավորված թանկացում: Եթե այո, ապա ինչպես պետք է պայքարել այդ արատավոր երևույթի դեմ: Հաշվի առնելով այն, որ սպառողները խիստ զգայուն են արձագանքում գնային այս տատանումներին, "Սպառողների իրավունքների պաշտպանություն" ՀԿ-ն, որը գործում է Հայաստանում ավելի քան 11 տարի, նպատակ ունենալով երկրում ապահովել անվտանգ սպառողական միջավայր և պաշտպանել սպառողների ոտնահարված իրավունքները, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ համատեղ, օգտագործելով միևնույն մեթոդոլո գիան, իրականացնում է սպառողական զամբյուղի ավելի քան 60 անուն պարենային ապրանքատեսակների գների մոնիտորինգ Երևանի մանրածախ առևտրի մի շարք խանութներում, Հայաստանում Ամերիկյան Դեսպանատան աջակցությամբ: Մոնիտորինգի արդյունքները համադրվում են Ադրբեջանի և Վրաստանի մայրաքաղաքների մանրածախ առևտրի կետերում ՍԻՊ-ի համագործակից կազմակերպությունների կողմից իրականացված նույնանուն պարենային ապրանքատեսակների գների մոնիտորինգի արդյունքների հետ: Գների դիտանցման արդյունքում, որ ՍԻՊ-ն իրականացնում է սույն թվականի մարտ ամսից սկսած, պարզվել է, որ վերջին ամիսների ընթացքում ձեթի, կարագի, ալյուրի գներից բացի բարձրացել են նաև բրնձի և սուրճի գները: Վերջին շրջանի այս գնաճը հիմնականում համընկել է միջազգային շուկայում նույնանուն պարենային ապրանքների և բենզինի, դիզելային վառելիքի գների աճին, ինչն էլ անդրադարձել է երկրում գների թանկացման վրա: Գների նմանատիպ թանկացում է գրանցվել նաև Ադրբեջանում և Վրաստանում: Ավելին, գները մեր ապրանքային շուկայում որոշ դեպքերում ավելի ցածր են, քան մեր հարևան հանրապետություններում: Համաձայն գների դիտանցման արդյունքների, եթե Հայաստանում 200գր «Վալիո» կարագի միջին գինը 2008-ի հունիս ամսին կազմել է 1.32-1.36 Եվրո (630-650 դրամ), ապա Ադրբեջանում այն կազմել է 1.72-1.81 եվրո (822 -865 դրամ), իսկ Վրաստանում այն կազմել է 1.74 եվրո /832 դրամ/: Նույնը կարելի է ասել ձեթի մի քանի տեսակների մասին: Սակայն միևնույն ժամանակ, եթե դիտարկենք հիմնական պարենային ապրանքատեսակների գների տատանումների գծապատկերը, ապա պարզ կդառնա, որ մի շարք ապրանքատեսակների գները Հայաստանում ավելի են աճել, քան հարևան հանրապետություններում` մասնավորապես Վրաստանում: Ստորև ներկայացված գծապատկերում պատկերված են վերջին ամիսների ընթացքում կարագի գների տատանումը Հարավ Կովկասյան հանրապետություններում: Իսկ ինչ վերաբերում է վերջին շրջանում միջազգային շուկայում բրնձի գնի աննախադեպ բարձրացմանը, ապա դրա ազդեցությունը տարածաշրջանի հանրապետություն ների շուկաներում խիստ հակասական է: Այսպես, եթե Հայաստանում և Ադրբեջանում գրանցվել են երկարավուն բրնձի գնի թանկացում, ապա Վրաստանում, համաձայն մոնիտորինգի արդյունքների, բրնձի գինը մնացել է գրեթե անփոփոխ: Ակնհայտ է, որ գնաճը բացի միջազգային գների բարձրացումից ունի նաև այլ պատճառներ: Այլապես ինչպես կարելի է բացատրել այն, որ դեռևս անցյալ տարվա ընթացքում համաշխարհային շուկայում ալյուրի և ցորենի գների բարձրացման հետևանքով մեզանում թանկացած ալյուրի գինը այսօր չի նվազում, այն դեպքում, երբ վերոհիշյալ ապրանքատեսակների գները միջազգային շուկայում նվազել են 40 տոկոսով: Նշենք, որ ապրանքատեսակը ներկրող տնտեսվարող սուբյեկտների պատճառաբանությունը, թե գները չեն իջնում կապված տրանսպորտային փոխադրումների դժվարությունների հետ, անհիմն են, քանի որ այս դեպքում տրանսպորտային բաղադրիչը ապրանքի գնի ինքնարժեքում ընդամենը 12 տոկոս է կազմում: Ասենք, որ այս կապակցությամբ ՀՀ ՏՄՊՊՀ-ն հուլիսի 29 _ին կայացած նիստում նախազգուշացում է ներկայացրել ոլորտի տնտեսվարողներին և պահանջել է 15-20 օրվա ընթացքում վերանայել իրենց վարքագիծը շուկայում և համապատասխանեցնել այն մրցակցային օրենսդրության պահանջներին, այլապես կհարուցվի վարույթ: Ընդհանուր առմամբ` Երևան քաղաքի մի շարք խանութներում իրականացված սպառողական զամբյուղի մոտ 60 անուն պարենային ապրանքատեսակների գների մոնիտորինգի արդյունքների համաձայն` հիմնական սննդամթերքները, որոնց գներում նկատվել են շոշափելի փոփոխություններ, սույն թվականի փետրվար ամսվա համեմատ հետևյալն են. « Ձու, որի գինը նվազել է 3-ից 5 դրամով, որն էլ արդյունք է Վրաստանի կողմից Հայաստանից ձվի ներկրման դադարեցման: « Կարագ, որի որոշ տեսակների գնում նկատվել են տևական տատանումներ, սակայն ներկայումս ապրանքատեսակի գինը փետրվար ամսվա համեմատ գրեթե նույնն է: « Բրինձ, որի 1 կգ-ի գինը աճել է 150-ից 200 դրամով: « Մակարոնեղեն, որի 500 գր.-ի գինը աճել է 60-ից 70 դրամով: « Սուրճ, որի մի քանի ապրանքատեսակների 100 գր.-ի գինը թանկացել է 10-20 դրամով: Ի դեպ, եթե սուրճի գները այս ընթացքում մեր հարևան հանրապետություններում չեն փոփոխվել, ապա մակարոնեղենի գները (500 գր.) Ադրբեջանում աճել 25 %- ով (240-ից 250 դրամին համարժեք), իսկ Վրաստանում այն աճել է գրեթե 10%- ով (100 դրամին համաժեք): Ավելացնենք, որ արևածաղկի ձեթի գինը հիմնականում նվազել է: Այսպես միջինում 1 լ. ձեթի գինը փետրվար ամսվա համեմատ նվազել Է 50-ից 70 դրամով, չնայած, ինչպես երևում է ստորև բերված աղյուսակից, կան ձեթի տեսակներ, որոնց գինը նույնքան աճել է կամ մնացել է նույնը: Մյուս ապրանքատեսակների գներում նկատելի տատանումներ չեն արձանագրվել: Այս ամենից ակնհայտ է դառնում, որ երկրում գրանցված գնաճը չի կարող բացատրվել միայն միջազգային գների աճով: Հակամրցակցային համաձայնությունները, շուկայում առկա մենաշնորհները, ստվերի և կոռուպցիոն ռիսկերի բարձր մակարդակը և միևնույն ժամանակ երկրի իրավական դաշտում վերահսկիչ հստակ և խիստ մեխանիզմերի բացակայությունը պայմանավորում են երկրում անհավասար մրցակցային պայմաններ և գնային կամայականություններ, որից Էլ առաջին հերթին տուժում է հասարակ սպառողը: Այսօր շուկայում պետական վերահսկողության ճիշտ մեխանիզմներ չկան: Անհրաժեշտ է, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին լայն իրավունքներ տրվեն, քանի որ նրանք ընդամենը իրավունք ունեն շուկայում գերիշխող դիրք գրավող ընկերության նկատմամբ սանկցիա կիրառել: Հայաստանում շուկան կարգավորելու համար առաջին հերթին անհրաժեշտ է վերացնել ստվերը և կոռուպցիան: Եթե հրապարակվեն, թե ապրանքները ինչ քանակությամբ են ներմուծվում երկիր, և որքան է երկրում այդ ապրանքի սպառման իրական ծավալները, ապրանք ներմուծողը որքան շահույթ է ստանում և որքան հարկ է վճարում, այդ դեպքում շուկայում կտիրեն հավասար պայմաններ : Հուսով ենք, որ վերջին շրջանում երկրում ստվերի կրճատման նպատակով ՀՀ կառավարության իրականացրած մաքսային և հարկային բարեփոխումները կնպաստեն ոլորտում իրավիճակի բարելավմանը: «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ