Ստվերը մնում է ստվեր նույնիսկ` կառավարության տեսքով


Իրեն այլընտրանքային իշխանություն հռչակող կամ ստվերային կառավարության մոդել ձևավորող Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը ռուս-վրացական բախումների առթիվ իր անհանգստությունը նույնպես արտահայտում է Հայաստանի իշխանություններին դատափետելու «դիտարկետից»: - Սա շատ բարդ կոնֆլիկտ է: Մենք համարում ենք, որ ընդհանրապես որևէ գործողություն, որն ուղղված է ուժով այս հակամարտությունը լուծելուն, որը առաջ է բերում մարդկային զոհեր, արդարացված չի կարող լինել: Երկիրն ակնհայտ մարտահրավերների և դրանց հաղթահարման խնդիրների առջև է: Տարօրինակ է գործող իշխանության մարմինների ոչ համարժեք, տարակուսելի պահվածքը, ինչի ամենացայտուն արտահայտությունը Սերժ Սարգսյանի տևական բացակայությունն է, անվրդով հանգիստը Չինաստանում: Ի դեպ, հենց նրա ասուլիսի օրը երկրի նախագահն ու պեկինյան օլիմպիադային ներկա գտնված մեր մյուս իշխանավորները ոչ միայն վերադարձել են, այլև` Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել, ցավակցական հեռագիր հղել դրացիներին… Հուսանք, որ այս զուգադիպությունը չի վերագրվի արմատականների պահանջի անհապաղ կատարմանը: Ինչ վերաբերում է փաստացի այլընտրանքային իշխանություն լինելուն, Լ. Զուրաբյանի պարզաբանումը դարձյալ գործող իշխանությունների այպանումն է` իրենք իրենց հանդեպ բարի ցանկությունների համեմմամբ: - Գիտեք, ժողովուրդը շատ ողջամիտ է: Ժողովուրդը սկսում է հավատալ որևէ ուժի և տեսնում է, որ այդ ուժը ի վիճակի է ստանձնել երկրի կառավարումը: Իսկ դա նշանակում է, որ այդ ուժը դա պետք է ապացուցի, պետք է ցույց տա, պետք է հանդես գա երկրի կառավարման բոլոր ոլորտներում` իր լուծումների պատկերացումներով: Դա աստիճանաբար կբերի մի այնպիսի իրավիճակի, երբ հատկապես այս կոռումպացված, բարոյալքված, ապաշնորհ իշխանության ֆոնին մեր համախմբված ընդդիմությունը կսկսի ընկալվել որպես պետական էֆեկտիվ կառավարմանը ընդունակ քաղաքական ուժ: Եթե ուզում եք` դա ստվերային կառավարության մոդելն է: Մենք, իհարկե, աստիճանաբար պետք է գնանք դրան, բայց քայլ առ քայլ մենք դա անելու ենք: ՏԵԽԶՆՆՈՒՄ. արդյո՞ք 1 տարվա երաշխիք Վերջերս ավելի հաճախակի է խոսվում փոխադրամիջոցների քաոսային երթևեկի և դրա հետևանքով վթարներն ու վթարային իրավիճակները կանխելու մասին: Առանց այն էլ ավտոմեքենաներով խստագույնս ծանրաբեռնված ու ոչ ընդարձակ մեր ավտոճանապարհներին սիրողական մակարդակով շատ վարորդներ իրենց մեքենաները վարում են այսրոպեական տրամադրությամբ` հաշվի չառնելով ճանապարհային անվտանգությունը: Վթարների վտանգն, իհարկե, պայմանավորված է նաև ավտոմեքենաների տեխնիկական վիճակով: Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում տեխնիկական զննում կոչված երևույթը, որը տարին մեկ անգամ պարտադիր է բոլոր փոխադրամիջոցների համար և որի վկայություն -կտրոնը պարտադիր պետք է փակցված լինի ավտոմեքենաների դիմապակուն: Եվ ընդհանրապես, անհրաժեշտությո՞ւն է արդյոք տեխզննում կոչվածը` այս մակարդակով: Վեջին հաշվով, տեխզննության պահին ամենանորոգ մեքենան էլ կարող է ժամեր կամ օրեր հետո խափանվել: Ասել է թե` անխափան ընթացքի մեկամյա երաշխիք ակնկալելը անիմաստ է պարզապես: Ուրեմն, ավելի գործնական ինչ-որ նոր մեթոդ է հարկավոր` որպես երաշխիք անխափան երթևեկի: Ընդ որում` ոչ ձևական, այլ գործուն մեխանիզմ` ի ապահովություն և° վարորդների, և° ուղևորների ու հետիոտների: Իսկ այս ուղղությամբ առաջնահերթությունների շարքում հարկ է կարևորել մեքենա վարողների հմտությունն ու կարգասիրությունը: Երթևեկության կանոնները հարգող վարորդը հազիվ թե չմտահոգվի սեփական մեքենայի անսարքությամբ: Կարելի է օրինակ տարբեր բնակավայրերում ավտոտեխզննման ծառայություններ ստեղծել. այս պարագայում, սեփական անվտանգութ յունից ելնելով անգամ, մեքենատերերը գոնե երկու-երեք ամիսը մեկ կփորձեն «ախտորոշել» իրենց մեքենան: Եթե իհարկե, դրա համար առասպելական գներ չպահանջվեն: «Աքիլես» Ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի համոզմամբ` - Դա ձևականություն է: Այն ձևականությունը, որ գոյություն ուներ ոստիկանների կողմից տեխզննում անցկացնելու ժամանակ: Բազմաթիվ վարորդներ դժգոհություն են հայտնում տեխզննության կետերում եղած անօրինականությունների վերաբերյալ: Դեպքեր են լինում անգամ, որ առանց տրանսպորտային միջոցը տեխզննման կետ բերելու` անցկացվում է տեխզննություն: Վարչական իրավախախտումների մասին օրենքի համաձայն` եթե տեխզննման կետի աշխատողը տալիս է կտրոնը` առանց ստուգման կամ թերություն ունեցող փոխադրամիջոցին, ապա տեխզննման կետի տնօրենը պետք է 500.000 դրամ տուգանվի: Եկեք տեսնենք, ո՞ր մի տնօրենն է տուգանվել: Կառավարության որոշման համաձայն 17 նորագույն սարքավորումներով մոտավորապես 64 պարամետրերով պետք է ստուգվի ավտոմեքենան: Իսկ այդտեղ երկու փոս է, և մեկ մեքենա կարող է կանգնել: Բայց այդ ընթացքում մենակ արգելակման համակարգն էր ստուգվում: Անգամ ղեկայինն էլ չեն ստուգում:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ