«Չգլորվելու համար էժանագինի գիրկը» Երրորդ «Վերադարձի» հնչյունները


Բարձր գնահատելով «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանի և տնօրեն Գարիկ Նազարյանի նախաձեռնած ու ավանդականի հայտով հայ արդի մշակութային կյանքում ուրույն առաքելությամբ հաստատվող «Ազգային պատկերասրահ» և «Վերադարձի» միջազգային երաժշտական փառատոների հաղորդած հոգևոր-բարոյական ապրեցնող լիցքերը` դժվարանում եմ ըմբոշխնել դրանց երկացանկն անմիջական հաղորդակցությամբ: Առաջինի` ապրիլ-մայիսյան 6 համերգնե րից մի քանիսի ունկնդրությամբ, այդուհանդերձ, կարողանում եմ մշակութային միջոցառումներով գերլարված առօրյայիս վազքուղում ներառել Ազգային պատկերասրահը: Շահինյանի ու Նազարյանի հնարամիտ մտահղացմամբ` 5 տարի անընդմեջ մեր ազգային ամենահարուստ մշակութային գանձապահոցի Որմնանկարների սրահում վերահաստատվում է դասական երաժշտարվեստի և կերպարվեստի անգերազանցելի արժեքավորությունը` մերօրյա ոգեզրկող մշակութային քաոսում դրանց միաժամանակյա պրոպագանդմամբ: Դասականության վերադարձով խանդավառվածների բանակի տարեց-տարի ստվարացման հուսադրող փաստի թելադրանքով, մշակութային առաջընթացին հետևողականորեն աջակցելու գործում առաջատարի դերը ստանձնած ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության (գլխավոր տնօրեն` Ռալֆ Յիրիկյան) բացառիկ հովանու աննախադեպ խթանով, կյանքի է կոչվում «Արվեստների պատկերասրահի» երկրորդ խոշոր երաժշտատոնը` «Վերադարձի» միջազգային փառատոնը: Նպատակը` անկախական թոհուբոհով աշխարհասփյուռ տաղանդավոր երաժիշտներին, գեթ ժամանակավորապես, հայրենի տանը մեկտեղելն է և նրանց արվեստով դասականության վերադարձի նկատելի տեղաշարժի տեմպն արագացնելը: Իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մարտավարության մշակութային բազում նախագծերում երաժշտական այս մտահղացման կենսագործմանը ևս աջակցելն այսպես է հիմնավորում նորօրյա անզուգականորեն բարեկիրթ գործարարը. «Կորպորատիվ քաղաքացի լինելը մեր հավատի և ազգի հանդեպ պատասխանատվության արտահայտումն է: ՎիվաՍել-ՄՏՍ-ը համոզված է, որ «Վերադարձի» փառատոնը, հավաքելով մեր հայրենակից երաժիշտներին, լավագույն հողն է ստեղծում, որում կարելի է ցանել ազգի շարունակականության սերմերը` երիտասարդ սերնդին տալով հայ և համաշխարհային դասական երաժշտությունը վայելելու, իսկ հետագայում միգուցե նաև դրան իր կյանքը նվիրելու բացառիկ հնարավորություն: Այս փառատոնը նաև հիանալի հնարավորություն է կիսվելու ձեռք բերած փորձով և փոխանցելու այն` հանուն բոլորիս ապագայի»: Երաժշտական կյանքի բարձրարվեստ աշխուժացումը նորովի խթանած երկու փառատոներն էլ շուտով արժանանում են պետության կայացնող դրվատանքին: Եվ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան կամարների ներքո, սեպտեմբերի 22-ից կենդանանում են երրորդ «Վերադարձի» հոգեպարար հնչյունները: Զրնգում է Ջուլիետ Գալստյանի (Շվեյցարիա) և «Սանկտուս» վոկալ քառյակի (Հայաստան) երգը: Հենդելի «Ագրիպինա» օպերայի նախերգանքին հաջորդում են արիաները «Ռինալդո»-ից ու «Թեոդորա»-ից: Հանրահայտ թավջութակահար Արամ Թալալյանը` լեգենդար Հերոնտիի տաղանդավոր որդին, ղեկավարում է փառատոնային «Բարոկո» նվագախմբի կամերային կատարումները: Միքայել Բալյանի (Գերմանիա) կլավեսինի հնչյունները, դուրս հորդելով մայրաքաղաքից, հմայում են նաև հեռավոր Գորիսի երաժշտասերներին կենդանի կախարդանքով: Նոր ձայնելևէջներ են հնչեցնում տատիկից` արվեստի վաստակավոր գործիչ Կետի Մալխասյանից երաժշտության առաջին դասերը ստացած, ներկայումս Շոլոխովի անվան համալսարանում ուսուցչի դեր ստանձնած դաշնակահարուհի Նինա Սարապյանն (Ռուսաստան) ու ՌԴ վաստակավոր արտիստ, ջութակահար Գրաֆ Մուրժան: Տարազգի երաժշտարվեստների հրաշալի երկխոսություն է ապա ծավալվում «Հայաստան-Բուլղարիա երաժշտական կամուրջներ» առանձնահա տուկ համերգում: Բուլղարիայի երաժշտական ակադեմիայի 8 շնորհառատ շրջանավարտների յուրօրինակ ստուգատեսում Միրոսլավ Դանեի, Իվելին Դիմիտրովի, Պենչո Ստոյանովի, Անդրեյ Դիամանդիևի, Յորդան Գոշևի, Վելիսլավ Զաիմովի, 1999-ին Բուլղարիայի կոմպոզիտորների միության նախագահ ընտրված Նիկոլայ Ստոյկովի հետ միասին իր բազմաժանր ստեղծագործություններից էր ներկայացնում մեր հայրենակից Արթին Փոթուրլյանը:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ