«Ճիշտ ախտորոշումը բուժման նախապայմանն է»


Պետականություն ունենալու նախապայմանը Բանակն է: ՀՀ Նախագահի հրամանագրով արդեն սկսվել է հերթական` աշնանային զորակոչը: Ու որքան էլ դեռ կան զինծառայությունից խուսափել փորձողներ, այնուամենայնիվ էականորեն փոխվել է հասարակության վերաբերմունքը Հայոց բանակի` հայ սպայի, հայ զինվորի հանդեպ: Եվ ակնհայտորեն աշխուժացել է բանակային առօրյան, ավելի թափանցիկ են դարձել այնտեղ տարվող աշխատանքները: Ներկայումս զորակոչվում է այն ցուրտ ու մութ տարիներին ծնված սերունդը, որը որոշակի բարդույթներ ունի` օրինաչափորեն: Ի՞նչ նկարագիր ունի այսօր Հայոց բանակը, ի՞նչ մթնոլորտում են առնականանում հայ զավակները: Այս և բանակին առնչվող այլ հարցերի շուրջ է զրույցը ՀՀ ՊՆ ՌՈ վարչության պետ, գեներալ-մայոր Վլ. ԳԱՍՊԱՐՅԱՆԻ հետ - Մենք ունենք լավ զինվոր, լավ նկարագիր` առկա թերություններով հանդերձ: Լրագրողներդ պարզապես մղում եք` խուսափել պաշտոնյաների մասին դրականն ասելուց` դա որակելով որպես հաճոյախոսություն: Քավ լիցի, դա ինձ չի կաշկանդում: Լավը չնկատելն ու չգնահատելը պարզապես անբարոյականություն եմ համարում: Մի խոսքով` այս օրվանով դատելով, ես լավատես եմ բանակի վաղվա օրվա հանդեպ: Շեշտում եմ` թերությունները լավագույնս իմանալով հանդերձ: Ու հենց դա է կարևորը. մենք գիտենք թերությունները, տեղյակ ենք դրանց պատճառներից: Իսկ ճիշտ ախտորոշումը բուժման կարևորագույն նախապայմանն է: Գիտենք` ինչից սկսել, ինչը կատարելագործել, ինչից հրաժարվել: Այս վստահությունը հենց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից է գալիս: Եթե սկզբում ոմանց համար անհասկանալի էր նրա ընտրած մարտավարութ յունը, կարճ ժամկետում հասկանալի դարձավ բոլորին: Նա սկսեց այն հոգեբանության արմատավորումից, որ ծրագրային ոչ մի բարեփոխում չի կարող մեզ օգնել` եթե ինքներս մեզ ու մեր աշխատաոճը չփոխենք: Այդ ճիշտ մարտավարությունն էլ մղեց` փոխելու մտածելակերպը, վերաբերմունքը, որպեսզի ռեֆորմներին համահունչ կարողանանք աշխատել: Դժվար ընթացք էր. ոմանք չէին կարողանում հաշտվել իրենց ազդեցության ոլորտների որոշակի կորուստների հետ: Բայց ի վերջո հաջողվեց բարձրացնել բոլորի պատասխանատվությունը, բոլորի գիտակցությանը հասցնել, որ ոչ միայն ժամկետային զինծառայողների շրջանում, այլև հատկապես ղեկավար կազմում անպատժելի, օրենքից դուրս մեկը չկա: Ամենագլխավորը` որ սպայական կազմում հարաբերությունների, շփման ձևի փոփոխություն տեղի ունեցավ: «Արա-ապեր-ընգեր» դիմելաձևերը փոխարինվեցին հարգալից անուն-հայրանուններով… - Բանակի, զինվորի թերությունները լավագույնս ճանաչել` նշանակում է ճանաչել հասարակության թերություն-թուլությունները, որոնցով տարին 2 անգամ համալրվում է Զինված ուժերը: - Բնականաբար: Եվ ավելին, այդ ամենը բանակում ավելի ցայտուն է դրսևորվում. այստեղ ոչինչ չես կարող թաքցնել` նույնիսկ համակարգից դուրս գտնվող հասարակութ յունից: Վերջին հաշվով` ամեն զինվոր մի տան ճրագ է: Առկա վատ երևույթների մի մասն արդեն վնասազերծված է, մնացածն էլ` այդ ճանապարհին են: Կրկնեմ` մենք բուժման, առողջացման մեթոդները գիտենք: Դժվարությունն այն է, որ փոքր-ինչ դանդաղ է բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխության ընթացքը, բայց տեղաշարժն ակնհայտ է: Այո, մենք մեղավոր ենք ցանկացած վատ դեպքի համար և բոլորս ունենք պատասխանատվության մեր բաժինը: Բայց նույն կերպ պետք է մտածեն և ծնողները: Սիրելի եղբայրներ ու քույրեր, 18 տարի դուք եք դաստիարակել ձեր երեխեքին. պատասխանատվության ձեր բաժինն էլ գիտակցեք: Բանակ ճանապարհելիս ձեր զավակներին ոչ թե «լավ տղա», այլ լավ զինվոր լինելու խորհուրդ տվեք, բացատրեք, որ կարգապահությունը հենց իրենց շահերից է բխում, իրենց անվտանգության երաշխիքն է: Խաղաղության կոչեք, ոչ թե ագրեսիայի: Հիմարությունը հիմարություն է ծնում, ուժին ուժ է հակադրվում, դիմադրությանը` դիմադրություն: 6 ամիսը մեկ, այո` ամեն զորակոչի հետ նոր որակներ նոր պրոբլեմներով են ներթափանցում բանակ: Կաշառք մի° տվեք, մի տրամադրեք, որ ծառայությունից խուսափելն ավելի անվտանգ է: Փորձանքը, պատահական դիպվածները դրսում քի՞չ են: Տկարամիտներ ու անդաստիարակներ, իհարկե, կան. օգնեք` հայտնաբերենք, կարգի հրավիրենք: Արդար լինելու ամենամեծ կարիքը մե°նք ունենք, որովհետև 18-20 տարեկան երեխաների հետ ենք աշխատում: Նորից պետք է դառնամ ձեզ. վատը ուռճացրած տարածելու համար ջանքեր չեն խնայում լրատվամիջոցները` անմտություններ տպագրելով: Որքան էլ ներողամիտ ես լինում, երբեմն ուզում ես անհանդուրժող դառնալ. համբերությունդ սպառվում է: Բանակի ղեկավարությանն եք վարկաբեկում, երբ մենք ոչ պատերազմ-ոչ խաղաղություն իրավիճակում ենք: Է°լ ԶՈՒ գլխավոր հրամանատար, է°լ նախարար, է°լ շտաբի պետ ու բարձրաստիճան սպայակազմ: Չէ, թերությունները կոծկելու մասին չեմ խոսում. եթե սխալներ կան` ասեք, բայց ասելու ձև ու ոճն էլ ընտրեք, փաստերո°վ խոսեք: Հոդվածներ են լինում, որ բացի անուն-ազգանունից, ուրիշ ոչ մի ճշմարիտ փաստ չես գտնի: Չէ՞ որ դա մեղք է: Բանակի պարագայում` շատ ավելի մեծ մեղք: Ի դեպ` իմ անունը նույնիսկ ճիշտ չեն գրում. իմ անունը Վլադիմիր է. ես Վովա եմ միայն հարազատներիս ու մերձավորներիս համար, և պատահական զառանցողներին ինձ մտերմաբար դիմելու իրավունքը չեմ տվել: Անվանարկում են անխնա, և ասողն էլ ո՞¯վ է` դասալիքը, նրա բարեկամը կամ էլ նրանց պատվերը կատարող ինչ-որ գրչակ: Աղանդ չէ՞ սա: Զազրախոսության թիրախ դարձած նույն այդ սպաների մեծ մասը մարտական ուղի անցած մարտիկներ են, կենսագրություն ունեցող մարդիկ: Նենգություն չէ՞ դա. նենգամտորեն մարդկանց ստորացնել փորձելով չե՞ք մտածում, որ այս երկրի, հենց վայ-լրագրողների պաշտպանության ծանր պատասխանատվությունը ա°յդ մարդկանց ուսերին է: Ամո°թ է: Հեգնանքի ու արհամարհանքի են արժանի այդպիսիք: Գոնե բանակի ու ԶՈՒ ղեկավարության մասին գրելիս արդարամիտ եղեք: Փաստի դեմ ընդվզելը, դժվար է, բայց երբ մոգոնում են… Ես ներում եմ իմ հանդեպ սխալ գործողներին և ինձ թույլ չեմ տալիս` իրենց ոճով պատասխանել: Ոչ այն պատճառով, որ ասելիք չունեմ. պարզապես «խոզերի առաջ մարգարիտներ շաղ տալ» չեմ էլ փորձի: - Այդ տիպի հրապարակումներն, իհարկե, մամուլի մեղքերից են: Բայց խեղաթյուրված լրատվություն տրամադրողներն ու լրագրողին հրահրողները համակարգին մոտ կանգնածներն են: Ձեր մասին, օրինակ, ասում են, որ ավելի շատ զինվորներին եք պաշտպանում և ավելի անզիջում եք սպաների հանդեպ: - Խնդրեմ` հերթական ասեկոսեն: Երբ զինվորին մեղադրում ես` նրա հարազատները վայնասուն են բարձրացնում, թե սպայի օգտին ենք աշխատում: Վատ արարքի համար սպային ես պատժում, դժգոհում են` թե զինվորին ենք պաշտպանում: Ուրեմն ստիպված ենք բացարձակ արդարացի լինել, չմեղանչել խղճի դեմ. ներել` եթե հնարավոր է, և եթե զգում ես, որ մեղավորը հասկանում է իր սխալը: Ռազմական ոստիկանությունը կոչված չէ միայն պատժելու, այլ` զինվորականի շահերը պաշտպանելու, նրան վերադաստիա րակելու և բանակի հեղինակությունն ամրապնդելու: Մենք փորձում ենք առավելագույնն անել, որպեսզի կարգազանցները, հանցագործության հակում ունեցողները դաստիարակվեն զորամասերում, այլ ոչ թե ուղղիչ աշխատանքային հիմնարկներում: Թ. Ղ.