Ե՞րբ կճանաչի Թուրքիան Հայոց ցեղասպանությունը


Ուշադրություն դարձրեք` ոչ թե կճանաչի՞, արդյոք, այլ` ե՞րբ կճանաչի: Դեռ տարի-տարիուկես առաջ այս հարցին կարելի էր անվարան պատասխանել` երբեք: Այդ «երբեքի» մեջ մեր ողջ ժողովրդի բացարձակ մեծամասնության անհուսալի հոռետեսությունն էր առ այն, թե թուրքերը երբևէ ընդունակ կլինեն…մարդեղենանալու: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտությունից» հետո, ի դեմս Թուրքիայի և թուրքերի` մենք տեսնում ենք մի այնպիսի պետություն և հասարակություն, որը, համենայն դեպս ներկա պահին, կանգնած է սեփական արյունարբու անցյալից ձերբազատվելու, սեփական նախնիների անպարագիծ ոճիրի ահռելի բարոյական պատասխանատվությունից դեմքի թուքումուրը և խղճի խայթոցները մաքրել-հաղթահարելու անհրաժեշտության առաջ: Անցյալ շաբաթավերջին Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը «Էքսպրես» ամսագրին տված հարցազրույցում հայտարարեց, թե իրենք «օտարերկրյա պատմաբաններին էլ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման միջկառավարական հանձնաժողովի պատմական հարցերի ենթահանձնաժողովին էլ այդ խնդրում ազատ աշխատելու իրավունք են տալու»: Ավելին, «Թուրքիան բացելու է իր բոլոր, այդ թվում ռազմական արխիվները, դրանք տրամադրելու է հիշյալ ենթահանձնաժողովին և պատրաստ է ճանաչելու և ընդունելու նրանց ուսումնասիրությունների արդյունքները»: Սա նշանակում է, որ 1-ին` Թուրքիայի արխիվները մինչև հիմա լիովին բաց չեն եղել, ինչպես տեղի-անտեղի շեշտում էր պաշտոնական Անկարան, 2-րդ` ամենամոտ ապագայում Թուրքիան փոփոխություն է կատարելու օրենսդրության մեջ և վերացնելու է իր քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածը, որը Հայոց ցեղասպանության փաստի ոչ միայն ճանաչումը, այլև դրա հիշատակումը համարում է…քրեական հանցագործություն, «թուրք ինքնությանը հասցվող վիրավորանք»: Երբ այդ հոդվածը քրեական օրենսգրքից հանվի (ինչն, ի դեպ, Եվրամիություն ընդունվելու համար Թուրքիային առաջադրված և առայժմ չկատարված նախապայմաններից մեկն է), շատ թուրքեր այլևս չեն վախենա բացեիբաց խոստովանել, թե կոնկրետ իրենցից յուրաքանչյուրին ի՞նչ է հայտնի «հայկական զուլումի» մասին (թուրքերը ժողովրդա խոսակցական մակարդակում «հայոց զուլում» են բնորոշում մեր ժողովրդի ցեղասպանությունը, որին պաշտոնապես անվանում են «1915-ի ողբերգական իրադարձություններ»): Որևէ տարակույս չի կարող լինել, որ միլիոնավոր թուրքեր անվերապահորեն տեղյակ են իրենց նախնիների պատմածներին և այսօր դեռ վախենում են այդ մասին խոսել: Քրեական օրենսգրքի տվյալ հոդվածի վերացումը այդպիսիների լեզուն կբացի: Չի կարելի ասել, թե «խիղճ» հասկացությունը հակացուցված է բոլոր թուրքերին: Նույնիսկ Հայոց ցեղասպանության զարհուրանքի տարիներին են եղել թուրք պաշտոնատարներ, ովքեր հրաժարվել են իրենց ենթակայության տակ գտնվող հայ ազգաբնակչությանը տեղահանելու, արաբական անապատներ աքսորելու և ճանապարհին գլխովին ոչնչացնելու մարդակերական հրամաններին ենթարկվել: Եղել են նույնիսկ այնպիսի թուրքեր, ովքեր այդօրինակ կառավարական հրամաններին պատասխանել են, թե իրենք «այդ ժողովրդի կառավարիչներն են և չեն կարող նրա դահիճը դառնալ» (այդպիսի մի քանի թուրք պաշտոնատարի մարդակեր Թալեաթի հրամանով նույնիսկ… կախաղան են բարձրացրել…): Առայժմ չի կարելի ասել, թե Թուրքիայի ներկայիս ղեկավարների մեջ կա՞ն սեփական խղճի առաջ չմեղանչելու համար կյանքով հատուցելու պատրաստ ազնիվ մարդիկ: Սակայն ակնհայտ է, որ կան այնպիսիները, ովքեր հստակորեն գիտակցում են` Հայոց ցեղասպանության հետագա համառ ուրացումը իրենց համար գնալով անհնարին է դառնում: Նախնիների զարհուրելի ոճրագործությունը այժմ հետին թվով անցյալից ուղղակի «կրակում է» իրենց… ապագայի վրա: Գթասրտությունից ու մարդասիրությունից չէ, որ համաշխարհային հանրությունը գնալով առավել մեծ համառությամբ է Թուրքիայի առաջ դնում «սեփական պատմության հետ առերեսվելու քաջության», այսինքն` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջը: Հայոց ցեղասպանությունը միջազգային մակարդակով ճանաչելն ու դատապարտելը միայն ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություն դարձնելով կամ սփյուռքի հայկական շրջանակների լոբբիստական ջանքերով նույնպես չի կարելի բացատրել: Այդ ջանքերն ընդամենը նպաստել են Հայոց ցեղասպանության ճանաչմանը զանազան պետությունների կողմից, ոչինչ ավելի: Հետևաբար ենթադրել, թե հայ-թուրքական միջպետական հարաբերությունների բնականոնացման գործընթացը, իբր, «մեծապես կվնասի» կամ նույնիսկ «արդեն իսկ վնասում է» Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացին` կամ միամտություն է, կամ քարոզչական աղմկարարություն: Եթե այլևայլ պետություններ ցանկանան առաջիկայում ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը` նրանք այդ կանեն, ամենևին ուշադրություն չդարձնելով, թե ի՞նչ զարգացումներ կլինեն հայ-թուրքական միջպետական հարաբերությունների բնականոնացման հարցում: Նույնիսկ շատ հավանական է, որ այդ բնականոնացմանը զուգընթաց` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացն ավելի լայն թափ ստանա: Ինչո՞ւ: Որովհետև. 1-ին` ցեղասպանությունների դատապարտումը համամարդկային արժեհամակարգի բաղկացուցիչ մաս է: Ում համար Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը զուտ ձևականություն չէ, այլ` եվրոպական արժեհամակարգով առաջնորդվելու արտահայտություն, չի կարող որևէ պատրվակով հետ քաշվել այդ բարոյական քայլից: 2-րդ` Եվրոպայում կան պետություններ և քաղաքական ուժեր, որոնք ամենևին հիացած չեն Թուրքիան Միացյալ Եվրոպայի կազմում երբևէ տեսնելու հեռանկարից: Նրանք Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը անպայման կդնեն Անկարայի առաջ` որպես նրա քաղաքակրթվածության, իր արյունարբու անցյալից հրաժարվելու պատրաստակամության յուրահատուկ «փորձաքննություն»: 3-րդ` նույնիսկ եվրոպական այն պետությունները, որոնք մինչև հիմա իրենք էլ դեռ չեն ճանաչել ու չեն դատապարտել Հայոց ցեղասպանությունը, երբեք չեն ցանկանա իրենց կազմում տեսնել այն պետությանը, որի նախնիները ցեղասպանություն են իրականացրել, սակայն իրենք ազնվություն չեն ունեցել այդ մեղքը խոստովանելու, ներողություն խնդրելու, երբեմնի զոհերի ժառանգների Հայրենիք վերադառնալու իրավունքն ընդունելու և նրանց նյութական ու բարոյական փոխհատուցում վճարելու: Ցավալի է, բայց փաստ` մոտ 100 տարի առաջ Հայոց ցեղասպանության իրագործումը թուրքերի արյունռուշտ բարբարոսության ապացույցն էր ամբողջ աշխարհի աչքում: 100 տարի հետո այդ բարբարոսության ընդունումն ու դատապարտումը նրանց պիտի ծառայի որպես…մարդեղենության, քաղաքակրթության փորձաքննություն: Ինչու՞ «100 տարի հետո», ինչու՞ ոչ ավելի վաղ: Որովհետև առաջիկա 5-6 տարին Թուրքիային դեռ պետք է գալու` սեփական ժողովրդին իրենց նախնիների անպարագիծ ոճիրն ընդունելուն նախապատրաստելու համար: Հոգեբանորեն դա նրանց համար ամենևին հեշտ չի լինելու: Նրանք պիտի խոստովանեն ոչ միայն 1915-1922 թթ իրենց կառավարությունների ծրագրավորած և ժողովրդի մեծ մասի ակտիվ աջակցությամբ իրականացրած սահմռկեցուցիչ ոճրագործությունը, այլև հետագա կառավարությունների ուրացման, պատմությունը համարյա ամբողջ 100 տարի գիտակցաբար խեղաթյուրելու, աշխարհին ու սեփական ժողովրդի նոր սերունդներին թյուրիմացության մեջ գցելու քաղաքականության ամբողջ ահավոր անբարոյակա նությունը: Վաղ-ուշ` թուրքերը դա պետք է անեն: Թեկուզև հենց միայն նրա համար, որ մարդկությունը վերջնականապես երես չթեքի իրենցից, չհամարի քաղաքակրթվելու անընդունակ հանրություն: Մի ներքին ձայն հուշում է, որ մինչև 2015 թ. ապրիլը, մինչև Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը Թուրքիան պետական մակարդակով այդ բարոյական քայլը… կանի°: Եվ այնժամ բոլոր նրանք, ովքեր այսօր դեռ աղմկում են, թե «ֆուտբոլային դիվանագիտության» արդյունքում «պատմաբանների ենթահանձնաժողով» ստեղծելը, իբր, նշանակում է «հարցականի տակ դնել Հայոց ցեղասպանությունը», զարմանքով կտեսնեն, որ ճիշտ հակառակն է տեղի ունեցել` տվյալ ենթահանձնաժողովը նպաստել է Հայոց ցեղասպանությունը առաջին հերթին հենց Թուրքիայի° կողմից ճանաչելու և դատապարտելու խնդրի լուծմանը…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ