Դեպի բազմաբևեռ աշխարհ


Հայ-թուրքական հայտնի արձանագրությունների ստորագրումն ավելի ընդգրկուն նշանակություն կարող է ունենալ, քան երկու երկրների հարաբերությունների կարգավորումն է: Ցյուրիխում հիշյալ փաստաթղթերի ստորագրման արարողությանը հաշված օրեր անց հետևեց մեկ այլ համաձայնագրի ծնունդը, որը նվազ ուշադրություն չբևեռեց իր վրա: Չի բացառվում, որ այն կարող է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումով սկսվող գործընթացների շարունակություն պարունակել: Խոսքը Ռուսաստանի` ադրբեջանական գազի գնման պայմանագրի մասին է: Ըստ այդմ, 2010 թվականից սկսած Ադրբեջանից Ռուսաստանին կմատակարարվի 500 մլն խմ գազ: Ընդ որում, գազի գնման ծավալները 500 մլն-ով չեն սահմանափակվի, և կողմերի համաձայնությամբ պայմանագիրը կարող է երկարացվել: Ռուսաստան-Ադրբեջան այս գործարքում կողմերի քաղաքական հետաքրքրություններն ակնհայտ են: Անթաքույց խանդով հետևելով հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը, Ադրբեջանի քաղաքական գործիչները հայտարարել են, որ եթե Թուրքիայի խորհրդարանը վավերացնի ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները, ապա անհրաժեշտություն կդառնան դիվանագիտական հարաբերությունների դադարեցումը Թուրքիայի հետ և «Նաբուկո» ծրագրին մասնակցությունից հրաժարվելը: Ավագ եղբորից վիրավորված Ադրբեջանին «մխիթարելը» և նրան «Նաբուկո» ծրագրից հետ պահելը համընկնում են Ռուսաստանի քաղաքական նպատակներին. տիրանալով ադրբեջանական գազի ողջ ծավալներին, Ռուսաստանն, ըստ էության, Եվրոպային զրկում է իրենից էներգետիկ անկախությանը միտված նախագծերի իրականացումից: Իրերի այսպիսի դասավորության պարագայում Եվրամիությունը ստիպված է հայացքը շրջել Իրանի կողմը: Վերջինս տիրապետում է բնական գազի խոշորագույն պաշարների, և Եվրոպայում գիտակցում են, որ առանց իրանական ռեսուրսների հնարավոր չէ գոնե նվազեցնել Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը: Իրանը Մերձավոր Արևելքում և ընդհանրապես աշխարհում շատ խնդիրների լուծման համար հանդես է եկել որպես լուրջ գործոն, հատկապես նավթի և գազի առնչությամբ: Իրանի Իսլամական Հանրապետությունն առանձնանում է իր արևելյան համբերատարությամբ ու երկարաժամկետ ծրագրային մտածողությամբ: Նույնիսկ ուրանի հարստացման առնչությամբ ԱՄՆ-ի և Եվրամիության հետ ունեցած հակադրության մեջ, Իրանը համբերությամբ սպասում էր այն պահին, երբ աշխարհը հայացքը կդարձնի իր կողմը: Այդ պահը, կարծես, գալիս է: Ամերիկայի պատգամախոսի համբավ ունեցող Բժեզինսկին Թեհրանի և Վաշինգտոնի փոխհարաբերությունների ամենադրամատիկ պահերին էլ պնդում էր իրանա-ամերիկյան հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը: Այս իմաստով, իրանական գազի տարանցումը դեպի Եվրոպա կարող է դառնալ իրանա-ամերիկյան բանակցություն ների հիմք: Իրանի գազի մատակարարումը Եվրոպային կթուլացնի վերջինիս էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից, ինչպես նաև չի վնասի եվրոպական երկրների էներգետիկ անվտանգությանը: Պարսկական կողմը չի կարողանա շահարկել Եվրոպային իր կողմից գազի մատակարարման հանգամանքը, եթե այդ նախագիծը վերահսկի Միացյալ Նահանգները: Բայց խնդիրն այն է, որ ներկայումս ԱՄՆ-ը դեմ է «Նաբուկոյին» Իրանի մասնակցությանը: Անտրամաբանական է կազմակերպել նավթի գների կտրուկ անկումն ու միաժամանակ Իրանին ապահովել գազի արտահանումից ստացվող եկամուտներով: Սակայն, արդի պայմաններում էներգետիկան համաշխարհային քաղաքակա նության կիզակետում է, և Իրանի գազային հսկա պաշարները չեն կարող երկար ժամանակ «անգործ» մնալ: Եվրամիությունը, հակառակ պարագայում, միայնակ` առանց Միացյալ Նահանգների կլուծի այդ հարցը: Պաշտոնական Թեհրանն իր հերթին, ժամանակին հայտարարել է, որ կմիանա «Նաբուկո» ծրագրին` եթե գազամուղն անցնի Հայաստանով: Հայաստանը Հարավային Կովկասում միակ երկիրն է, որ կարող է դեպի Մերձավոր Արևելք ապահով ելք տրամադրել թե° ԱՄՆ-ին, թե° Եվրամիությանը, թեþ Ռուսաստանին: Չնայած Նահանգները բավականաչափ ամրապնդել է իր ներկայությունը Սևծովյան ավազանում` 2008 թ. ռուս-վրացական հակամարտության արդյունքում, սակայն չի կարողանում Վրաստանով լիարժեք դուրս գալ տարածաշրջան: Իսկ ի տարբերություն Վրաստանի, Հայաստանը լավ հարաբերություններ ունի և° Ռուսաստանի, և° Իրանի հետ. հայ-թուրքական սահմանն էլ, Աստծո կամոք, ուր որ է կբացվի: Այսինքն, Հարավային Կովկասում շատ հարցերի շուրջ հարմար է Հայաստանի միջոցով պայմանավորվել: Նույն Բժեզինսկին ասել է, որ Հայաստանը կարող է դառնալ ԱՄՆ-ի անփոխարինելի գործընկերն ու բարեկամը: Դե, ինչ, աշխարհը կարծես դառնում է, իրոք, բազմաբևեռ, ինչը օգտակար է նաև մեզ համար:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ