«ՄԻ° ԿԱՐԾՐԱՑՐԵՔ ՁԵՐ ՍՐՏԵՐԸ»


Պետության համար ճակատագրական պահերին հատկապես, տեսակետներդ ճշտելու պահանջ ես զգում: Բնականաբար` այնպիսի անհատի հետ, ով իրավիճակին լավագույնս ծանոթ լինելով, ուղղամիտ է նաև ու վեր` նեղ-անձնական շահերից: Ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆԻՑ հարցազրույց խնդրելուց առաջ ակամա կասկածում եմ, թե կհամաձայնի` մեր որոշ գործընկերների անհիմն մեղադրանքների պատճառով: Բարեբախտաբար սխալվում եմ: Շիտակությունն ու անմիջականությունն ուժեղ մարդկանց չեն լքում` եթե նույնիսկ ցեխանետ մեքենան է «կրակափողն» ուղղում նրանց դեմ: Զրույցի առանցքը, բնականաբար, հայ-թուրքական հարաբերությունների շուրջ շարունակվող բորբոքուն թերն ու դեմն է: Երկրի անվտանգության երաշխիք Հայոց բանակի բարձրաստիճան սպայի վերաբերմունքը, բնականաբար, կարևոր է: Առավել ևս` երբ զրուցակիցդ անկախության նվաճման ու պետության կայացման ակունքներից անդավ է իր սկզբունքներին: - Պետք է հասկանալի լինի, որ չի կարելի տասնամյակներ շարունակ խոսել ազգի ցավի մասին, աշխարհից խնդրել, որ ճանաչի Հայոց Եղեռնը, բայց հրաժարվել երկխոսությունից: Հարևանիդ հետ չխոսելով, նրա ընտանիքի անդամներին` թուրք հասարակությանը, չես կարող ճշմարտությունը բացատրել: Չէ՞ որ այս տասնամյակների ընթացքում նրանց սերունդներն այլ դասեր են սերտել: Այլ հարց է` հնարավոր վտանգները: Այդ վտանգները բացառել չի կարելի մեր մյուս հարևանների և գործընկեր բոլոր պետությունների հետ հարաբերություններում: Երկխոսությունից պետք չէ խուսափել: Մենք առաջին քրիստոնյա ազգն ենք և Հիսուս Քրիստոսի հավատով պետք է ապավինենք ողջախոհությանը, մեկ բռունցք դառնանք, միաբանվենք, չտրվենք գայթակղություններին: Այս պարագայում միայն կարող ենք դիմագրավել ամեն տեսակի մարտահրավեր ու վտանգ և գտնել այն ճիշտ լուծումները, որոնք երաշխիքն են ինքնապահպանման: Նայենք մեր անցած ճանապարհին. պառակտվելով, սրա-նրա հրահրմամբ միմյանց դեմ դավեր նյութելով` կորցրել ենք անընդհատ: Երկիր ենք կորցրել, մեղանչել ենք քրիստոնեական հավատքի դեմ, ինքներս մեր հանդեպ վստահությունն ենք կորցրել ու նույնիսկ ամենանվիրական գաղափարի շուրջ դադարել ենք միաբան լինել: Ու այդպես` դարեր շարունակ անթերի կերպով կրկնել ենք սեփական սխալը: Դարեր շարունակ խոսել ենք միայն անցյալի մասին ու քննադատել «ուրիշների» սխալները, բայց նորից նույն «հետևողականությամբ» սխալվել: Այս անգամ չի° կարող այդպես լինել. ժամանակն է ամուր կանգնել այս մի բուռ հողի վրա, իրատեսորեն գնահատել իրավիճակը և տեր դառնալ սեփական ճակատագրին: Անցյալը չի° կարելի մոռանալ. բայց ոչ թե ողբալ, այլ դասեր է հարկավոր քաղել: Աշխարհը փոխվել է: Ինչ խոսք, բոլոր հարաբերություններում էլ ամեն երկիր ձգտում է իր դիրքերն ամրապնդել, իր օգուտները քաղել. գոնե այս անգամ մենք էլ փորձենք մեր շահը գտնել: Մինչդեռ փոքրիկ այս երկրում բանակների բաժանվելով, անխնա վատաբանում ենք իրար, քարկոծում երկրի Նախագահին և օտարներից մի գրպանաչափ վարձատրություն ակնկալում: Երկրի նախագահը ցանկացած պետության, պետականության խորհրդանիշն է, իսկ մենք ի լուր աշխարհի քարկոծում ենք նրան: Հասել ենք այնտեղ, որ հայհոյաբանությունը, «աքլորիկային» անհնազանդությունը «լավ տղա» լինելու չափանիշ է դարձել…: Թող ամեն մեկն իր գործով զբաղվի. ամբոխավարությունը պարապների ժամանցն է, որի դառը պտուղները բոլորիս քիմքին են տհաճ: Այդ ո՞ր ղեկավարը կարող է դավաճանել իր պետությանը, մանավանդ` երբ այդ պետության անկախության նվաճման պայքարի մարտիկն է եղել: Ես վստահում եմ իմ երկրի իշխանավորներին: Անկեղծ եմ ասում` ինձ հպարտություն ներշնչեց մեր Նախագահի կեցվածքը` իր թուրք պաշտոնակցի հետ հանդիպումներում: Որպես Հայաստանի քաղաքացի, որպես հայ սպա, ես այդ կեցվածքում տեսա պետության արժանապատիվ տիրոջը, վճռականությունից չվախեցող Գերագույն գլխավոր հրամանատարին: Կամ, վերջերս լսում էի մեր Վարչապետի զրույցը լրագրողների հետ. այնքան կոնկրետ ու մատչելի խոսեց մտահոգող խնդիրների լուծման մեխանիզմների մասին, որ պարզապես անկարելի էր չընկալել: Ու եթե մարդիկ դրանից հետո էլ շարունակում են զազրախոսել և դատարկաբանել` դա արդեն հոգեկան շեղումների կամ դաստիարակության խնդիր է: Ինչևէ, ես համոզված եմ, որ մեր ժողովուրդն ի վերջո դարձի է գալու, հայ-թուրքական սահմանն էլ բացվելու է, և ամեն ինչ շատ ավելի լավ է լինելու, քան պատկերացնում են հոռետեսները: Վախենալ պետք չէ. զգո°ն լինել է պետք ու պահանջկոտ` նախևառաջ սեփական նկարագրի հանդեպ: Երբ ազգը, ժողովուրդը զուլալ է ու միաբան, ոչ մի օտար չի կարող պղտորել նրան: Ինքնամաքրումի ուղին պիտի ընտրենք և ազգային մեր արժանապատվությունը վերագտնենք: Տարրական մի օրինակ. վերջին շրջանում հաճախ ենք բացահայտում, որ ուրիշ երկրներում ոչնչացնում կամ փորձում են որպես սեփականը ներկայացնել հայկական կոթողները: Պարտավո°ր ենք ահազանգել, տեր կանգնել այդ ամենին: Բայց ի՞նչ վիճակում են Հայաստանո°ւմ գտնվող մշակութային շատ արժեքներ: Քրիստոնեական ու հայկական մշակույթն ավիրող նույն թուրքերը վաղը Հայաստան գալով չե՞ն ասելու` մեզանից պահանջում եք պահպանել ձերը, իսկ դո՞ւք… չե՞ք տեսնում ավերակվող սրբավայրերը, խոնարհված այն տաճարները, որոնց պատերին սատանայական բառերից մինչև սիրային խոստովանություններ են դաջված: Այ` դա մեր խայտառակությունն է: Եկեք այս խարանը գոնե սրբենք մեր ճակատից: Եվ դա միայն Եկեղեցու գործը չէ, այլ` իր պատմությունը հարգող ամեն քաղաքացու: Եկեղեցու սպասավորները չէ, որ այդ կերպ անարգել են մեր հավատի տները: Կամ, Բուրսայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ. թուրք ֆուտբոլիստները բոլորն անխտիր երգում էին իրենց պետության հիմնը, իսկ երբ Հայաստանի Օրհներգը հնչեց, հայ մարզիկները մոլորված, բացակա հայացքներով այս ու այն կողմ էին նայում: Ինձ համար դա վիրավորական էր. դա նրանց վերաբերմունքն էր երկրի հանդեպ: Թող տարօրինակ չհնչի, և հիվանդ երևակայությունները թող չբորբոքվեն, բայց ազգային ինքնության պահպանման և պետության պաշտպանության ամենագլխավոր նախապայմանը համազգային դարձն է առ Աստված, առ Հիսուս Քրիստոս ու Հայ Առաքելական Եկեղեցի և, իհարկե` դեպի իշխանություն: Աստվածաշնչյան ճշմարտություն է` «Որդեակս, վախիր Տէրիցը եւ թագաւորիցը»: Խոսքը հարգալից երկյուղածության մասին է: - Տարօրինակ չի հնչում, զի Դուք մեկտեղում եք մեր ավանդական խորհրդանիշերից մեկը` Սուր և Խաչի միասնությունը: Հայոց բանակի բարձրաստիճան սպա և ճշմարիտ հավատացյալ` Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի ատենապետ. ասել է, թե` պատասխանատվության կրողն եք պետականության երկու կարևոր սյուների: Առիթն օգտագործելով, թույլ տվեք շնորհավորել վերջերս` Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև ցուցաբերած արիության և անձնական խիզախության համար Ձեզ շնորհված «Վարդան Մամիկոնյան» շքանշանի ու դրանից առաջ էլ` Կոտայքի թեմի ատենապետ ընտրվելու կապակցությամբ: Ու նաև ներողություն եմ խնդրում, բայց պիտի հարցնեմ. այդ նույն ընթացքում մամուլում հրապարակումներ եղան Ձեր դեմ` աստվածասիրության համար հեգնախառն որակումներով: Ինչպե՞ս եք վերաբերվում նման երևույթներին: - Հեգնանքով ու արհամարհանքով, բայց և` ներողամտորեն. մոլորյալ են` չեն հասկանում, թե ինչ են անում: Տերը թող իմ արդարությամբ ինձ դատի, իրենց արդարությամբ` նման չարամիտներին: Նախկինում գուցե հուզականությունս մղեր` պատասխանել, բայց նենգամիտների հետ բանավիճել, նշանակում է ջուր լցնել չարի ջրաղացին: Ինչ վերաբերում է Սուր և Խաչին… Մեր սուրը մեր խաչն է` բոլոր իմաստներով: Երբ խաչի հավատով ես սուրը պատյան դնում, երկուսն էլ զորանում են մեկը մյուսով և զորացնում իրենց ապավինող բազուկը: - Այդուհանդերձ` հետաքրքիր է, թե ինչո՞ւ մարտյան դեպքերի առնչությամբ հանկարծ Ձեզ հիշեցին. այն էլ` 1,5 տարի հետո: Ինչ-որ մեկն անհանգստությո՞ւն ունի, ինչ-որ մարդկանց խանգարո՞ւմ եք… - Որևէ մեկի հանդեպ կանխակալ վերաբերմունք չունեմ. ո՞ւմ խանգարեմ, ինչի՞ համար: Ընդհակառակը, Աստծո որդիներին օգնելուց ինձ վարձատրված եմ զգում: Այլ խնդիր է, որ կան ինքնախանգարման տենդով տառապողներ. դա արդեն իրենց խոտոր ճանապարհից է` կեղծել, ստեր մոգոնել… - Տպագրելուց առաջ Ձեզ վերաբերող մեղադրանքների իսկությունը չե՞ն ճշտում Ձեզ հետ կամ գոնե մեկնաբանություն չե՞ն խնդրում: - Որպես կանոն` ոչ: Նրանց իրականությունը չի հետաքրքրում. այդպիսիներն իրենց պատվիրատուների կամակատարներն են և երևի իրենք էլ համոզված են, որ ստեր են տիրաժավորում, ու ճշտելու դեպքում պատվիրատուն կարող է հայտնվել խայտառակ վիճակում: Չեմ էլ մտածում արձագանքել. այդպիսի գրչակներին խղճալ է պետք: Նմանների հետ բանավիճելը սատանային կերակրել է նշանակում: Ասում են` ոչ մի բարի գործ անպատիժ չի մնում, բայց նաև` ոչ մի ստորություն չի° մոռացվում: Ինձ թույլ էլ չեմ տա անդրադառնալ նման հիմարություններին. 2008-ի մարտի 1-ը բոլորիս խայտառակությունն էր: Բայց ինձ համար ավելի ցավալի է, որ Աստվածաշնչյան ճշմարտություններն են օգտագործվում չար նպատակների համար: Բոլոր սրբությունները կորցրած` վարկաբերում են մարդկանց. բարոյական նորմերին անտեղյակ` դավաճան են հորջորջում նրանց, ովքեր իրենց նման չեն մտածում: Անիմաստ է նույնիսկ ինչ-որ բան բացատրել չար շնչով առաջնորդվող այդպիսիներին: Սովորաբար տեղում բռնված գողն է բոլորից բարձր գոռում` բռնե¯ք գողին: Իսկ ովքե՞ր են դատավորները: Կուզենայի, որ նրանք էլ դարձի գան` համոզված, որ իրենց համար չի° լինելու հաղթանակ. մեր երկիրն ամուր է, և ես հպարտ եմ, որ ունեմ քրիստոնյա պետության քրիստոնյա Նախագահ: Իսկ հայ քրիստոնյան չի° կարող անարդար, նենգ ու չար լինել: - Որքան էլ Դուք խուսափում եք այս մասին խոսել, բայց արդեն շատերը գիտեն, որ խոնարհված եկեղեցիներ եք բարձրացնում` նորոգ տեսք պարգևելով ու մոռացումի փոշին սրբելով դրանցից: Մեզանում, սակայն, մի տեսակ ավելի ընդունված է Աստծո նոր տներ կառուցելը, քան հները նորոգելը… - Այս խնդրին կնախընտրեի չանդրադառնալ, որովհետև դա հոգու թելադրանք է. ամեն մարդ իր հոգո°ւ տունը միշտ նորոգ պետք է պահի, իսկ հոգևոր կոթողների հանդեպ անփութության համար ինքներս մեզ չենք ներելու: Ասված է, չէ՞` աջ ձեռքը չպետք է իմանա, թե ձախն ինչ է անում (և ընդհակառակը): Ուրեմն այդ թեման քննարկելի չէ: Տերն ասում է` երբ քո փառքի համար ես անում, ինձ մոտ այլևս վարձ չունես: Իմ օգտակարությունը ես նաև այդ գործում եմ տեսնում. ուղղակի գիտեմ, որ անարգանքից պետք է սրբել դարերին դիմակայած մեր սրբավայրերը: Սովետական հավատուրաց տարիներին դրանք պահեստների ու նույնիսկ անասնատների էին վերածվել: Ջերմացնող զգացում է, երբ նորից վերհառնում են` նորոգ տեսքով: Իմ հավատակից քույրերի ու եղբայրների համար եմ դա անում, և առաջնահերթ խնդիր եմ համարում համախմբվել Հայ Առաքելական Եկեղեցու և իշխանությունների շուրջ, նորոգենք ու նորոգվենք և նորովի ներկայանանք աշխարհին, հատկապես` չկամներին: - Ոչ մեկս չի կասկածում Սփյուռքի մեր հայրենակիցների անկեղծությանը, բայց հատկապես վեջին տարիներին Հայաստանից հեռացածները մի տեսակ թելադրողի կեցվածք են ընդունել: Չգիտես, ինչ հոսանքներից ունեցած թյուր տեղեկատվությամբ, սարսափած կամ զայրացած են, թե հայաստանաբնակներս կործանում ենք երկիրը. այս երևույթը նույնպես չի՞ նպաստում մեր պառակտումներին: - Ես մի քիչ այլ կերպ եմ մտածում: Սփյուռքում մեր եղբայրներն են, մեր ընկերները, մեր բարեկամները: Նույնիսկ անծանոթ սփյուռքահային ես ինձ օտար չեմ համարում: Նրանք իրենց պահանջատեր են զգում և ունե°ն այդ իրավունքը: Պարզապես չպետք է ընկնել այն թայֆաբազների, այն քաղգործիչների որոգայթը, որոնք այդ կերպ` հրահրելով ու ապակողմնորոշելով, իրենց վճարվող աշխատավարձն են արդարացնում: Խոսքս այն 7 միլիոն սփյուռքահայերի մասին չէ, այլ ինչ-որ մարդկանց, ինչ-որ թիմերի, որ ապրում են «որքան վատ` այնքան լավ» սկզբունքով: Հենց նմանների կողմից մոլորեցվածներին, որոնց վերջին պահվածքի համար շատերս ամաչեցինք, նախագահ Սերժ Սարգսյանը շատ ավելի լավ խորհուրդ տվեց` բողոքի արժանապատիվ ձևերն էլ կան. օտար երկրում ինքներդ ձեզ մի խայտառակեք: Մի խոսքով, անցյալը վերարժևորելով ու ներկա իրավիճակը սթափ գնահատելով` դեպի գալիքը հաստատուն քայլ կատարելու ժամանակն է: Արարիչը մեզ բանականություն է տվել, իր շնորհառատ օրհնանքը և բացառիկ հնարավորություն: Մենք պահանջատե°ր ենք և պետք է ուժեղ լինենք: Ես չեմ վախենում Թուրքիայի հետ երկխոսությունից, որովհետև հավատում եմ իմ պետությանը և մեր Տիրոջը: Պետք է առաջ քայլել` ժամանակին համընթաց, ազգային նկարագիրը վերագտնելով և պետության հեղինակությունն ու պաշտպանությունն ամրապնդելով: (Տես նաև էջ 4-ը)

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ