…ԵԹԵ ՍՈՍԿ ԳՆՈՐԴ ՉՄՆԱՆՔ


Իրոք որ հետաքրքիր ժողովուրդ ենք մենք: Թեև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ընդդիմացողներն ակնհայտորեն պարզ փոքրամասնություն են կազմում, բայց որևէ մեկը բողոքելով հանդերձ չի էլ փորձում պատկերացնել, թե փակ սահմանը կարող է նաև չբացվել: Այսինքն, մինչև այժմ առկա «փակ» հարաբերությունների պահպանման կողմնակիցները սեփական անիրատեսության հետ առաջիկայում հաշտվելու են, ուզած թե չուզած ավելի սթափ հայացքով են նայելու իրականությանը: Իսկ մինչ այդ նրանք նույնպես կիսում են լավատեսների տեսակետը` համոզված, որ հայ-թուրքական հարաբերություններն առավելապես առևտրային կապերի աշխուժացմամբ են նշանավորվելու: Տարբերակ, որում, պատմության հավաստիացմամբ, մենք միշտ ենք փայլել, և հայկական ավանդական լավատեսությունը թերագնահատելու հիմքեր այս պարագայում նույնպես չկան: Այս իրողությունն ինքնին հաստատում է, որ Հայաստանը պատրաստ է նախանշվող գործակցությանը: Տեղական ապրանքատեսականին մեր շուկայում որոշակի ներկայացվածություն ունի, և եթե խոսվում է, որ սահմանի բացումից հետո հարևան երկրի արտադրանքի տեսակարար կշիռն այստեղ մեծանալու է, ուրեմն կարելի է վստահ լինել, որ ապրանք մատակարարող բեռնատարներն հաստատ այստեղից դատարկ չեն հեռանալու: Ամբողջ խնդիրը հավասարակշռության պահպանման, ներմուծման ահռելի ծավալներին արտահանման ոչ խորհրդանշական տոկոսներ առաջադրելու շրջանակներում է: Այս հանգամանքն էլ ինքնաբերաբար հետաքրքիր «հաշվետության» տեսակ է դառնալու տեղական արտադրողների համար` վերջիններիս ստիպելով մտածել մրցունակ արտադրանքի ու նոր արտադրատեսակների մասին: Ու դա էլ հեռահար այն հաշվարկով, որ կարողանան հայաստանյան շուկան բազմապատկված հետաքրքրասիրությամբ ուսումնասիրող թուրք գործարարներին համագործակցության մղել: Օրեր հետո մեկնարկելիք «գնենք հայկականը» ակցիան, թերևս, տեղական արտադրողներին խրախուսելու և հայկական շուկայի հանդեպ նույնիսկ տեղում առկա անհասկանալի վերաբերմունքը վերանայելու վաղուց հասունացած նպատակն ունի: Այն ինքնին հիշեցնում է տարիներ առաջ կազմակերպված` «Օգնենք մեզ, գնենք մերը» նույնաբո վանդակ կոչը, ինչի արդյունքներն այդպես էլ անհայտ մնացին: Եվ ուրեմն ո՞ւմ է ուղղված ամերիկյան կառավարության ֆինանսական աջակցությամբ իրականացվելիք հին ծրագրի նոր կրկնությունը: Իհարկե` տեղական սպառողին, ով ոչ թե ապրանքի ծագումնաբանության խնդիրը զանազանելու, այլ ավելի շատ ամենամատչելի ու գոնե մի քիչ որակյալ ապրանք հայթայթելու գերխնդիրն ունի: Հանգամանք, որը գուցե նաև անտարբեր թողնի գերազանցապես սեփական արտադրատեսակները հնարավորինս մեծ քանակությամբ ու բարձր գնով իրացնելու առաքելությամբ Երևանում հայտնվելիք թուրք գործարարներին: Հետևաբար, որքան էլ տեղական արտադրության ու դրա արտահանման ծավալների մեծացումը խրախուսելի համարվի, միաժամանակ ակնհայտ է նաև, որ սույն քարոզչական արշավի համար այնքան էլ հարմար ժամանակահատված չի ընտրվել: Այլ խնդիր է, որ ծրագրի ֆինանսավորումը միայն հիմա է գլուխ բերվել, բայց որ այս նորամու ծությունն էլ իր հերթին է առավել ընդգծված դարձնում այն մեծ բացթողումը, որը մինչև հիմա ենք ունեցել: Ու ստացվում է, որ եթե սահմանի բացման խնդիրը չառաջանար, տեղական արտադրատեսակների իրացման խնդիրը նույնքան անկարևորներից էր մնալու, որքան մինչև հիմա էր: Բայց, այնուամենայնիվ, կարելի է ավելի լավատես լինել` ենթադրելով, որ հայրենական արտադրությունը սկսում է խրախուսվել հենց մրցակցության աշխուժացման հեռանկարներին զուգահեռ: Ի վերջո, գոնե թուրքականի համեմատ մեր ապրանքները կարող են մրցունակ համարվել. պե°տք է մրցունակ լինեն: Իսկ եթե գնողունակությունը քարոզչությամբ խթանելուց բացի, թեկուզև պետական աջակցությամբ տեղական արտադրողին խրախուսելու իրական նախապայմաններ նույնպես ստեղծվեն, ուրեմն հայ-թուրքական ջերմանալիք տնտեսական հարաբերություններում ոչ միայն վտանգներ չարժե փնտրել, այլ գծագրվող հարաբերություններին միանգամայն լավատեսորեն կարելի է նայել: