ԱՆՏԵՐՈՒՆՉՈՒԹՅԱՆ ՄԱՏՆՎԱԾ


Գավառի թատրոնի շենքը գրեթե փլուզվում է, իսկ հիմնանորոգման համար խոստացված գումարները ոչ միայն չափազանց քիչ են, այլև մինչև օրս չեն հասել հասցեատիրոջը: Գավառի պետական թատրոնը պատրաստվում է նշել իր հիմնադրման 135-ամյակը: Անտարակույս, այս հոբելյանը վերաբերում է ոչ թե բուն թատերական կառույցին, որն այսօր կրում է հայ ականավոր բեմադրիչ ու մանկավարժ Լևոն Քալանթարի անունը, այլ թատերական ներկայացումների կազմակերպման փաստին, Բայազետ-Գավառում թատերական կյանքի սկզբնավորմանը: Իսկ պետական թատրոնը շատ ավելի երիտասարդ է. հիմնադրվել է 1930-ականների սկզբներին և դարձել տարածաշրջանի միակ թատերական արհեստավարժ հաստատությունը: Միակը լինելու հանգամանքն ինչ-որ չափով կարևորվել է խորհրդային իշխանությունների տարիներին. կառուցվել է թատերական շենք, ձևավորվել է կայուն դերասանախումբ, պետությունն ու կառավարությունը չեն մոռացել արվեստագետների գնահատման հարցերը: Հիմա իր հոբելյանին պատրաստվող թատրոնում, սակայն, մտատանջության մեջ են. ինչպե՞ս իրականացնել հոբելյանական միջոցառումներ, ինչպե՞ս ներկայանալ հանդիսատեսին, երբ մշակութային այս օջախի շենք մտնելն ուղղակի տհաճություն է ծնում, երբ այն դուրս է մղվել հանրային գիտակցությունից` նշանակություն չունենալով նաև մարզային իշխանությունների համար, որոնց ենթակայությանն է հանձնված 1995-ից ի վեր: Դեռ 2008-ին թատրոնի տնօրինությունն ուրախությամբ հայտարարում էր, թե շուրջ 800 հազար դոլարին համարժեք դրամ է հատկացվելու` շենքի հիմնանորոգման համար: Սակայն երեք տարի անց տասնապատիկ անգամ կրճատվեց խոստացված գումարի չափը, որը, բնականաբար, չի կարող հիմնանորոգման հնարավորություն տալ: Ասենք, այս խոստացված գումարն էլ մինչև օրս գտնվում է «յոթ սարից այն կողմ», քանզի, ի տարբերություն 2003-2004 թթ. մեր երկրում իրականացված մշակութային կառույցների շինարարության ու վերանորոգման` վերջին տարիներին մշակութային նշանակության կառույցների հանդեպ հետաքրքրությունը դուրս է մղվել իշխողների տեսադաշտից: Ավելին, եթե երբեմն¬երբեմն էլ առկայծվում է այդ հետաքրքրությունը, ապա միայն ու միայն սպառողական տեսանկյունից… Մինչդեռ Գավառի թատրոնում հիմնանորոգումը պարզապես անհրաժեշտ է, քանզի անհնար է մտնել գրեթե ծեփազուրկ դահլիճ, ձմռանը կուչ գալ դահլիճում վառվող միակ անդրպատմական վառարանի շուրջ, օգտվել թատրոնի զուգարանից, որը վերածվել է գարշահոտություն տարածող «օբյեկտի»: Ծանր պայմաններում են աշխատում նաև դերասանները` բավարարվելով 50 տարուց ավելի չվերանորոգված դիմահարդարման սենյակներով, խարխուլ բեմով, չտաքացվող փորձասենյակով… 21-րդ դարում ունենալ նման պետական ու խաղացանկային թատրոն` պարզապես ամոթալի է: Ամոթալի է մե´զ համար, որ ճամարտակում ենք 2000-ամյա թատրոնի մասին` երկրի ամենամեծ մարզում ունենալով նման կառույց: Շենքային պայմանները զուգակցվում են ստեղծագործական գործունեությանը, կաթվածահար անում թատերախմբին, որը տարվա մեջ հազիվ 25-30 ներկայացում է խաղում` երբեմն թափառաշրջիկ դերասանախմբերի պես հանդես գալով այս կամ այն դպրոցի միջանցքում: Թատրոնը չի կարողանում ներկայացումներ կազմակերպել մարզի Սևան, Վարդենիս, Մարտունի, Ճամբարակ քաղաքային բնակավայրերում` փոխադրամիջոցների բացակայության, համապատասխան հանդիսասրահներ չունենալու պատճառով: Եվ գեղարվեստական ղեկավարությունն ու տնօրինությունը ստիպված է բավարարվել դպրոցականների համար ստեղծվող բեմադրություններով` օգտագործելով հին դեկորներն ու հանդերձարանում գտնվող վաղուց մաշված, գործածության համար գրեթե ոչ պիտանի բեմական զգեստները: Կատարյալ թշվառություն, որն էլ անդրադարձվում է ստեղծագործության մեջ, թատրոնի գործունեությունը դարձնում գրեթե ինքնանպատակ: Քանզի, որքան էլ ինքնատիպ լինեն ռեժիսորական հղացումներն ու բարձրարվեստ` դերասանական խաղը, ոչ մի հանդիսատես չի կամենա գալ մի վայր, որը վանում է թատրոնից, այն հրաշքից, որին կամենում է մերձենալ ամեն ոք: Թատրոնի տնօրինությունը մեծ ջանքեր է գործադրում` պահելու դերասանախումբը, որը տարվա ընթացքում աշխատում է ընդամենը վեց ամիս, ձգտում է թատրոն բերել երիտասարդների: Այստեղ «եղանակ ստեղծողները» ավագներն ու միջին սերնդի ներկայացուցիչներն են, զի մոտ քսան տարի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ոչ մի շրջանավարտ չի եկել այստեղ: Եվ ինչո՞ւ գան, երբ մարզային իշխանությունները, «աղայական գթասրտությամբ»` սահմանել են չնչին աշխատավարձեր` 50 հազար դրամը համարելով «մեծագույն երջանկություն»` իրենց ողջ կյանքը թատրոնին նվիրաբերած վաստակաշատ դերասանների համար: Թշվառության ու աղքատության մեջ շուլալված` վաստակավոր արտիստի կոչում ունեցող արվեստագետները ոգևորությամբ ելնում են բեմ, խաղում գրեթե դատարկ դահլիճի առջև ու գնում տուն` միօրինակ-միապաղաղ օրերի ձգվող շղթայի մեջ մեռցնելով իրենց ստեղծագործական ծրագրերն ու երազանքները: Նրանք մարզային իշխանություններից որևէ ակնկալիք չունեն, որովհետև Գեղարքունիքի մարզպետի համար թատրոնը գրեթե գոյություն չունի. երկու տարի առաջ նա իր սեփական ձեռքով, իբրև թե պետական միջոցները խնայելու նպատակով, կատարել էր հաստիքների կրճատում` հաստիքացուցակից դուրս թողնելով թատրոնի ողնաշարը կազմող մասնագետների և դերասանների: Բոլորի հույսը մնում է Մշակույթի նախարարությունը, որի ենթակայության տակ չէ թատրոնը, այնուհանդերձ երբեմն-երբեմն կարող է պետական պատվեր տալ` որևէ ստեղծագործության բեմադրության համար…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ