1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Հայաստանում առաջիկայում սպասվող թանկացումները «թանկացումներով» են պայմանավորվելու: Խոսքը մասնավորապես վերաբերելու է ակցիզային դրոշմանիշերով հարկվող ապրանքներին: Դիցուք, օղին ու ծխախոտը տարիներ շարունակ հետ չեն մնացել գնաճային մրցավազքից: Մինչդեռ այսպես կոչված ակցիզային հարկը սպրդել էր ոմանց ուշադրությունից ու մնացել անփոփոխ: Այն թեև հիմա էլ էժան չէ, բայց էլի է թանկանալու: Այսպես, պաշտոնական տվյալներով` տեղական արտադրության մեկ օղու շշին փակցվող դրոշմանիշն արժե 380 դրամ, ներկրվողինը` 600:380 դրամն առաջիկա հունվարից մոռացության է տրվելու, և 600¬ը նվազագույն շեմն է: Թեև դժվար է հասկանալ, թե ինչ սկզբունքով է որոշվելու խմիչքի այսինչ կամ այնինչ տեսակի համար ավելի բարձր հարկաչափ սահմանելը: Մի՞թե տարեցտարի ավելի անտանելի դարձող որակական հատկանիշներով է դրույքաչափը սահմանվելու... Բացի այդ, ո՞ւր մնաց տեղական արտադրողի (թեկուզ օղու) համար համեմատաբար արտոնյալ հարկային պայմաններ ապահովելու խոստումը: Դե ինչ, եթե խուսափենք` հավատալով, որ ոգելից խմիչքն առանձնապես լայն սպառման ապրանքատեսակ չէ, և նրա նոր գինը շատերի, բայց ոչ բոլորի գրպանին է հարվածելու, ապա հարկային բեռի ծանրացման վտանգի առջև հայտնված ծխախոտի շուկայում տեղի ունենալիքի մասին նույն վստահությամբ չենք կարող խոսել: Այնպես է ստացվել, որ տարիքային, սեռային, սոցիալական կարգավիճակից անկախ` մարդիկ Հայաստանում այնքան շատ են ծխում, որ մեր երկիրն այս առումով առաջիններից մեկն է համարվում աշխարհում: Փորձն էլ ցույց է տվել, որ այս շուկայում գնաճը սպառման ծավալների վրա ամենևին էլ չի ազդում: Այսինքն, եթե հունվարի 1¬ից ծխախոտի տեսականին նույնիսկ 20 տոկոսով թանկանա, ապա միգուցե նոր գնաճի առաջացրած զայրույթն է´լ ավելի մեծացնի դառնահամ գլանակների սպառումը: Մի բան պարզ է. թե´ ծխախոտի, թե´ օղու պարագայում ներկրողներն ու արտադրողները հաստատ չեն պատրաստվում անխուսափելի թանկացումը շահույթների հաշվին մեղմել: Այսինքն, սպառողն ավելին վճարելուց չի կարողանալու խուսափել: Ու չնայած երկու ոլորտներն էլ ավանդաբար գերաշահութաբեր են համարվել, այսուհանդերձ թանկացումից հետո նույնպես վաճառքի ներկայիս ծավալները պահպանելու երաշխիքներ կան, ինչն էլ ներկրող-արտադրոդներին միանգամայն անհոգ է դարձնում: Անհոգ և անհոգի: Եվ ստացվում է, որ հարկային բեռը ոչ թե վերջիններիս, այլ նորից սպառողի ուսերին է ծանրանալու: