Պետերբուրգյան անակնկալ, որը կարող է վնասել Հայաստանի տնտեսությանը


Իր նախընտրական արշավն արդեն սկսած Վլադիմիր Պուտինը, պարզվում է, չի բավարարվում երկրի ներսում իրականացվող քարոզչական գործունեությամբ, չի բավարարվում տնտեսության «բարելավման» իր ծրագրերը Ռուսաստանի էկոնոմիկայի մեջ ներդնելու նախաձեռնություններից և արդեն անցել է ԱՊՀ երկրների տարածք` այսպիսով ձգտելով պատանդի կարգավիճակ ստեղծել այն երկրների համար, որոնք անդամակցում են այս կառույցին: Դեռ օրեր առաջ Պուտինն առաջ քաշեց Եվրասիական միության ստեղծման գաղափարը, որը նախկին ԽՍՀՄ-ը վերականգնելու առաջին և գործնական քայլն է: Եվրասիական միությունը, ինչպես ակնհայտ է դառնում պուտինյան հայտարարություններից, նպատակ ունի ստեղծել կենտրոն-ծայրամասեր կառուցվածքը` այսպիսով Ռուսաստանի առանցքի շուրջ հավաքելու համար նախկին խորհրդային հանրապետություններին: Իր այդ գաղափարն իրագործելու համար էլ, նա Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած ԱՊՀ երկրների վարչապետ ների խորհրդակցության ժամանակ առաջարկեց ստորագրել մի պայմանագիր, որն ամբողջապես կախվածության մեջ է պահելու նաև Հայաստանի տնտեսությունը` խաթարելով մեր երկրի տեխնոլոգիա կան և հումանիտար զարգացման միտումներն ու հեռանկարները: Հայտարարելով, որ սույն պայմանագիրն անակնկալ էր, ՌԴ վարչապետն ու վաղվա նախագահը, փաստորեն, ներին կանգնեցրեց անելանելի վիճակի առաջ: ԱՊՀ ազատ առևտրի պայմանագիրը չեղյալ է դարձնում նաև Հայաստանի էներգետիկան, հաղորդակցությունները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները: Այս պայմանագիրը չեն ստորագրել Ադրբեջանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը. երկրներ, որոնցից երկուսն ունեն հզոր վառելիքաէներգետիկ պաշարներ, սերտակցված են ասիական և եվրոպական շուկաներին, իսկ Ուզբեկստանն էլ վերջին շրջանում ամեն ինչ անում է` հեռանալու ռուսական կախվածությունից ու ձևավորելու սեփական տնտեսության զարգացման ինքնուրույն հիմնուղիները: Այս փաստը հուշում է, որ Ռուսաստանի հետ ցանկացած հարաբերություններում արդեն իսկ անհրաժեշտ է դրսևորել զգուշավորություն և շրջահայացություն: Անտարակույս, այս պայմանագիրը դեռևս օրինական ուժ չունի, քանի որ կարող է նաև կյանքի չկոչվել, կարող է հետ կանչվել և կամ մերժվել ՀՀ Ազգային ժողովի կողմից, ինչն էլ պիտի շուտափույթ կերպով անեն մեր պատգամավորները: Սա չի նշանակի, թե Հայաստանը խզում է իր հարաբերությունները ռազմավարական գործընկերոջ հետ կամ հեռանում է նրանից: Պարզապես Ազգային ժողովի հստակ դիրքորոշումը կզգուշացնի Պուտինին` նախընտրական իր խաղերի մեջ չներքաշել Համագործակցության անդամ երկրներին և չփորձել կախվածության մեջ պահել նրանց էկոնոմիկան ու տնտեսական զարգացման ինքնուրույնությունը: Ոմանք այն հույսն են փայփայում, որ ինչպես ԱՊՀ շրջանակներում կնքված ցանկացած պայմանագիր, այս մեկը ևս մեռելածին է. ավելին` պարուրված նախընտրական պոպուլիստական շղարշով: Սակայն չպետք է համակերպվել այս մտքի հետ և ոչինչ չանել: Պետք է գործել:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ