ՉՄԵԿՆԱՐԿԱԾ ՄՐՑԱՎԱԶՔ


Հայրենի կուսակցությունների ամենօրյա ասուլիսներին, հայտարարություններին, հաճախակի դարձած մարզային այցելություններին հետևելիս թվում է, թե քաղաքական դաշտը հերթական մեծ փոթորկի առաջ է հայտնվել: Եվ կարծես ԱԺ ընտրությունների քարոզարշավը, ինչպես նաև ուժերի վերադասավորություն կոչվածը չափազանց անկանխատեսելի ընթացք ու վերջնարդյունք է գրանցելու: Ինչ խոսք, դիտարժան իրադարձություններին հետևելը հետաքրքիր է: Անգամ` եթե խոսքը քաղաքական զարգացումների մասին է, որից հանրությունն անկասկած ամենաշատն է հիասթափվել ու ձանձրացել: Ու մինչ պաշտոնապես դեռևս չմեկնարկած նախընտրական քարոզարշավը է´լ ավելի թեժանալիք ընթացք ու իրադարձություններ է խոստանում, բոլոր գնահատականներն ու կանխատեսումները գրեթե որոշակիորեն ամփոփում են այն խճանկարը, որն արտահայտելու է մրցավազքի նետված քաղուժերի դասավորությունը նոր խորհրդարանում: Այսպես, կողմերից և ոչ մեկը չի վիճում, որ ապագա օրենսդիրում դարձյալ ՀՀԿ¬ն է մեծամասնություն կազմելու` շահելով տոկոսների ամենամեծ չափաբաժինը: Նույն վստահությամբ երկրորդ տեղն զբաղեցնողի «դափնին» շնորհվում է «Բարգավաճ Հայաստանին», և այստեղ նույնպես տարակույսներ չկան, ու ամեն ինչ դարձյալ նույնքան օրինաչափ է համարվում: Լևոն Տեր¬Պետրոսյանի ՀԱԿ¬ը թեև հավաքելիք քվեների չափաբաժնով, ըստ կանխատեսումների` զգալիորեն զիջելու է առաջատար զույգին, սակայն ընտրական դերակատարների երկար շարքում երրորդ հորիզոնականը զբաղեցնելու ամենաիրատեսական հնարավորությունը տվյալ դեպքում միայն Կոնգրեսն ունի: ՀՅԴ¬ի ու «Ժառանգության» հաջողությունը հինգ տոկոսանոց ընտրական շեմը հաղթահարելու հարցում վիճելի է, ՕԵԿ¬ինը` ավելի քիչ հավանական... Եթե հնարավորինս իրատեսորեն նայենք ուրվագծվող ու ամենայն հավանականությամբ մայիսյան ընտրություններում ամրագրվելիք` վերը ներկայացված իրավիճակին, ապա նախընտրական մրցապայքար կոչվածն այսքան շուտ կարող էր նաև սկսված չլինել: Մանավանդ` արդեն իսկ քափ ու քրտինք մտած կուսակցությունները հնարավորություն ունեին ամեն ինչ, ասենք, Ամանորից սկսել: Արդյո՞ք շտապում են հայրենի քաղուժերը... Այս անգամ, ի տարբերություն բոլոր նախորդների, ընտրական գործընթացի գոնե մոտավոր արդյունքները ժամկետից շուտ ու լավագույնս են ուրվագծ վում: Ուստիև վաղաժամ ակտիվությունն ընդամենը մի քանի տոկոս կարող է ավելացնել եղածին: Ավելին, չհայտարարված քարոզարշավն առաջիկայում համեմատաբար մեղմ քաղաքական վարքագծով փոխարինելու դեպքում ընտրական մարաթոնի հիմնական դերակատարներն առանձնապես շատ քվե չեն կորցնի: Այն տեսակետը, որ առաջիկա զարգացումները բավական հստակ են նախանշվում, հաստատվում է նաև փոքր կուսակցությունների լռությամբ: Իհարկե, սովորականի նման շուրջ մեկ ու կես տասնյակ քաղուժեր նույնպես կներքաշվեն նախընտրական մրցապայքարում` նախկինի պես դարձյալ ձգտելով նվազագույն ընտրական արգելքն ամեն գնով հաղթահարել: Բայց համանման նախորդ փորձերը նրանց պետք է վերջնականապես համոզած լինեին, որ հրաշքների սպասելն անիմաստ է: Այս առումով միանգամայն հասկանալի է նաև նրանց սպասողականությունը, լռությունը, երբ ոչ թե փորձ է արվում խոշոր քաղուժերին հակադրվել ու նրանց հավասար հավակնություններ դրսևորել, այլ ներկուլիսային բանակցությունների միջոցն է առայժմ նախընտրելի համարվում: Այսինքն, որոշ ժամանակ անց կարող է պարզվել, որ փոքր կուսակցություններից որոշները դաշինքներ են կազմել խոշորների հետ ու պատրաստվում են այս եղանակով խորհրդարան տանող ընտրական ճանապարհը հաղթահարել: Կուսակցությունների խոշորացման առումով նման մոտեցումը ելակետային կարելի է համարել, քանի որ նշված գործընթացն է´լ ավելի հզոր ու հավասարակշիռ կդարձնի խոշոր քաղուժերին` նոր ու ցանկալի որոշակիություն մտցնելով նախընտրական խաղի կանոններում: