ՍԵՐՈԺԻԿ


Եվս մեկ պրեմիերա Պետական կամերային երաժշտական թատրոնում համալրվեց Սերգեյ Դանիելյանի «Սերոժիկ» մոնոներկայացմամբ (ռեժիսոր` Սերժ Մելիք-Հովսեփ յան): Ռեժիսորական հետաքրքրական լուծումներով օժտված մոնոներկայացումն առանձնանում է իր բացառիկությամբ: Սերգեյ Դանիելյանը, որը հեղինակն է և դերակատարը «Սերոժիկ» մոնոներկայացման, նույնպես առանձնանում է իրեն հատուկ համարձակությամբ և բացառիկությամբ: Հանդիսատեսի խանդավառ ոգևորությունն անսահման էր, երբ բեմում հայտնվեց դերասան Սերգեյ Դանիելյանը` նույն ինքը` «Սերոժիկը»: Մարմնավորելով միառժամանակ իրարից տարբեր կերպարներ, յուրաքանչյուր կերպարին առանձնակի շունչ տալով, երբեք չկրկնեց իրեն` հանդիսատեսին պահելով միշտ զգոն, ոգեշնչող սպասումների մեջ. այս ամենն արդեն խոսուն վկայությունն էր վերջինիս դերասանի վարպետության մասին: Կենցաղային, զավեշտական տարրերից բաղկացած այս ընտանեկան պատմության հիմքում մարդկային փոխհարաբերություններից ձևավորված ոչ առողջ մթնոլորտն է, մշտապես իրար չհասկանալու, իրար չզիջելու առկայությունը, մարդկային գաղափարական բախումների անհանդուրժողականությունը: Միևնույն ազգային պատկանելություն ունեցող մարդկանց չհաղթահարված անջրպետը, սերունդների տարաձայնությունը, հայ ժողովրդին բաժին հասած տառապանքների հորձանուտներով անցած ավագ սերնդի դառը հիշողությունն է: Այս ամենին ակամայից հանդիսատեսի կարգավիճակում է հայտնվում իր կյանքի արշալույսին, իրեն շրջապատող երևույթներին անհաղորդ, ճիշտն ու սխալն իրարից տարանջատելու ունակությունից զուրկ, մի անմեղ արարած, որի օրորը սահմռկեցուցիչ «Հեքիաթներն» ու վերոնշած փոխհարաբերությունների անհատական դրսևորման արտահայտչական միջոցներն են, սակայն այս ամենից զատ առկա է նաև այն հոգատարությունը, այն անբացատրելի սերը, որը չի ենթարկվում և անկախ է իր դրսևորման մեջ` բոլորին միաձուլելով իր շուրջ: Սովորաբար ընտանիքներում միշտ էլ լինում են այնպիսի բացեր, որոնք մենք ջանասիրաբար փորձում ենք քողարկել: Միշտ լինելով անկեղծությանը կողմնակից` նման անկեղծությունն ինձ ապշեցրել էր:

Ազնիվ ՎԱՐԴԱՆՅԱՆ