ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՀԱՅԸ


Այսօր, երբ հողագնդի վրա ահեղ դղրդյունով դեռևս բացվում են չարի ծաղիկները, զենքից ճառագող կրակե միջուկով և մահվան շունչ փչող ծխածածկ թերթիկներով, առավել քան երբևէ, փնտրելի է դառնում մարդու այն տեսակը, որն անմնացորդ նվիրումով պատվար է կանգնում իր նման հազարավորների կողքին` փակելով նվաստացումի ու ոչնչացումի ճանապարհը: Երբ մոլորակի քաղաքական խարդավանքների ու նյութապաշտության հրապարակի վրա սավառնում են գիշատիչ թռչունները` սպասելով անուժ ու անզոր ընկնողներին, չեն խամրում հիշողություններն ընկածին օգնելու շտապող վեհագույն հոգիների մասին, այլ գնալով պայծառանում և դեպի իր նմանի սիրտը տանող լուսե կամուրջ են դառնում տասնյակ, հարյուր-հազարավոր մարդկանց համար: Նանսենյան հիշողությունների լուսե կամրջով շաղկապվելով, այս պահին չենք կարող չզգալ նրա վեհագույն ներկայությունը, չենք կարող չխոստովանել ինքներս մեզ, թե ինչպես, ասես աներևույթ մի ձեռք մեր ներսում ցանում է Մարդ արարածի նկատմամբ պատասխանատվություն ունենալու ծիլերը: «Մերձավորին սիրելը միակ ռեալ հնարավոր քաղաքականությունն է»,- պնդում, հորդորում, համոզում էր Ֆրիտյոֆ Նանսենն իր մարդասիրական ողջ առաքելության ընթացքում: Որտե՞ղ էր այդ զգացողության ակունքը և սառցաբեկորներում աշխարհաճանաչողություն փնտրող գիտնականի կրծքավանդա կում ինչպե՞ս էր այդքան ջերմորեն բոցկլտում զարկվածի ու զրկվածի նկատմամբ ունեցած նրա սերը, դժվար է ասել, բայց այդ ազդակները նրա հետ գուցե թե գործել էին սկսած նրա ծննդյան օրվանից: Նանսենի մարդասիրական գործունեության նվաճումները վերադարձրին հազարավոր ռազմագերիների, սովի ճիրաններում հայտնվածների, գաղթական ու անօթևան մարդկանց ապրելու հույսը: Նանսենյան անձնագրերով Եղեռնից մազապուրծ 320.000 հայեր իրենց ծխացող վերքերով կարողացան նոր օջախներ ստեղծել: Հայոց եղեռնակործան տարիների արհավիրքից հետո կենսապես գոյատևելու համար իբրև հույսի շող էր վետվետում մեծ նորվեգացու մարդասիրական գործունեությունը: Նանսենն իր մարդասիրական գործունեության բարձրակետում էր, երբ, հուսախաբ լինելով Ազգերի լիգայից ու մեծ պետություններից, իր առաջացած տարիքում էլ երկար ճանապարհորդություն է կատարում ամերիկյան քաղաքներով, որպեսզի իր դասախոսություններով միջոցներ հայթայթի օթևանից ու սննդից զրկված հայ գաղթականների համար: Հանուն մեկ մանկան առջև դրվելիք մեկ ափսե ապուրի, նա ուներ նաև իր ամենավերջին միջոցը, երբ փակված էին նրանց համար օգնություն ստանալու բոլոր ճանապարհները: Նրա ամենավերջին միջոցն իր լայնեզր գլխարկն էր, որով Մեծ մարդասերը հանգանակություն էր հավաքում փողոցներում: Սարդարապատի անապատում գաղթականների համար կենսապայմաններ ստեղծելու առաքելությամբ 1925-ին Հայաստան եկած Նանսենը հիացած էր հայ ժողովրդի ազնիվ ու բարոյական կերպարով: Ամառային մի օր նա մասնակցում է Շիրակի ջրանցքի բացման համաժողովրդական տոնախմբությանը: Չբավարարվելով լուսանկարչական ապարատն անընդհատ չխկացնելուց, գթասրտության ռահվիրան ժամանակն է համարում կրկին հանելու գլխից իր լայնեզր գլխարկը, բայց այս անգամ` ջրանցքում աղմկելով հորդացող ջրերի մեջ նետելու համար: Հետո, երբ գրում էր Հայաստանին նվիրված իր «Խաբված ժողովուրդ» գիրքը, նշում է, որ «դա մեծ օր էր, քանզի ավարտվել էր մի այնպիսի գործ, որը երջանկություն կպարգևեր հազարավոր նոր օջախների...»: «Ճշմարիտ եվրոպացի»-այսպես են բնորոշել Ֆրիտյոֆ Նանսենին: Այդ բացառիկ անձնավորությունն իր մեջ բացառիկ ձևով խտացնում է Եվրոպայի գաղափարը` սկսած այն օրից, երբ Եվրոպան դեռևս առասպելաբանության մեջ էր: Ֆրիտյոֆ Նանսենն ուներ պայքարով առաջանալու, հաղթանակի համար ոգին անկոտրում պահելու խորհուրդը. «... այրեցեք ձեր ետևում թողած նավերը, քանդեցեք ձեր ետևում մնացած կամուրջները: Միայն այդ դեպքում ձեզ և ձեր ուղեկիցների համար այլ ելք չի մնա, քան միայն առաջ շարժվելը»: Նման ձևով հաղթողը կրկին տուն է վերադառնում: Սա է նանսենյան թե տրամաբանությունը, թե փիլիսոփայությունը: Չէ՞ որ երկրագունդը կլոր է, և նման ձևով տուն վերադարձողը նահանջի ճամփան անհամարձակ բռնողը չէ, այլ հաղթանակով իմաստացած և իր տունը ճշմարտապես վայելելու արժանի մեկը: Հիմա Մեծ նորվեգացին Հայաստան է վերադարձել: Ու դարձյալ հիշեցնում է մեզ, որ նույնիսկ, երբ գթասրտությունը բարձրացված է կառավարական ու քաղաքական մակարդակի, չմոռանանք, որ այն Նանսենի նման մեծ մարդասեր անհատների սիրո պտուղն է, կախված կյանքի ծառի ճյուղերից: Գալով մոլորակի վրա եղած գթասրտության ու մարդասիրության ամենամեծ օրինակին` իր նուրբ ու մանրիկ ոտքերով աղքատացած աղքատների դռներին հուշիկ-հուշիկ մոտեցող մայր Թերեզային, վկայենք վերջինիս խոսքերի ճշմարտությունը` օրինակ ունենալով Ֆրիտյոֆ Նանսենի կյանքն ու գործունեությունը: Այդ ճշմարտությունը հետևյալն է. «Սիրո պտուղը ծառայությունն է, ծառայության պտուղը` խաղաղությունը»: Ֆրիտյոֆ Նանսենը զբաղվել է հայ ժողովրդի խնդրով մինչև 1929 թ. աշունը, այսինքն` մինչև իր կյանքի վերջը: 1930 թ. մայիսի 13-ին նա փակեց իր աչքերը: - Հայրս մեռավ` «Հայ» բառը շուրթերին,- հիշում է նրա դուստրը` Լիվ Հոյեր Նանսենը: Սակայն միշտ չէ, որ Նանսենը հասկացված է եղել: Նա մեղադրվել է նույնիսկ հայերի կողմից: 1926 թ. փետրվարի 5-ին Քվիսլինգին ուղարկած նամակում նա գրում է. «Ինձ համար Մոսկվայից ուղարկել են հոդված, որը հրապարակվել է «Պրավդա»-ում հունվարի 22-ին: Այն բավականին չար բովանդակություն ունի հանձնախմբի և նրա աշխատանքի մասին... ուղարկել եմ պատասխան հոդված: Ես չգիտեմ` ով է պրն Տեր-Գաբրիելյանը, բայց նա, հույս ունեմ, հակառակում է ճշմարտությանը... Ինձ համար միևնույնն է, երբ ինձ վերագրում են չար մտադրություններ, բայց դա կարող է վնասել մեր գործին»: Տհաճ է այն փաստը, որ «Պրավդա»-ի հոդվածի հեղինակը հայ անվանի կոմունիստ Տեր-Գաբրիելյանն էր, որը հետագայում գլխավորեց Խորհրդային Հայաստանի կառավարությունը: Երեք տարի անց` 1929 թ. հունիսի 1-ին, Մոսկվայում Քվիսլինգի հետ հանդիպման ժամանակ, հատկապես Տեր-Գաբրիելյանը խափանեց հայրենադար ձության և շինարարության ֆինանսավորման համար դրամական փոխառության ծրագրերը: Այս անգամ նրա փաստարկները հանգեցնում էին այն բանին, որ նշված ծրագրերի ետևում կանգնած են մի խումբ հայ փախստականներ, որոնք իրենցից ներկայացնում են խաբեբաների խմբակ` խաբելով և° Նանսենին, և° հայկական կառավարությանը: Ֆրիտյոֆ Նանսենի` Հայաստանին և հայ ժողովրդին նվիրված «Խաբված ժողովուրդ» գրքի գրախոսականում դանիական «Պոլիտիկեն» թերթը գրում է. «Իմաստ չէր լինի ապրել այս տխուր հարյուրամյակում, եթե չլինեին այնպիսի մարդիկ, որոնք` որպես ճառագող աստղ, փայլում են Եվրոպայի մայրամուտում»: * * * Այս հարյուրամյակում էլ իմաստ չէր լինի ապրելու, եթե չլինեին մարդիկ, որոնց ողջ գործունեությունը միավորված է իսկական բարությամբ ու մարդու նկատմամբ վստահության դժվարին, սակայն անդորր խիզախությամբ, մարդիկ, որոնց գործն իրենց համար և° կոչում է, և° նզովք, և° երջանկություն, և° տառապանք, և° սրբազան պարտք: Իսկական, մեծատառով Մարդն անընդմեջ պայքար է մղում ինքն իր հետ և ստեղծում է ինքն իրեն: Բայց այդ ամենը ձեռք է բերվում թանկ գնով` ներքին պայքարով և սրտի արյամբ: Հայրենասիրական այրումը, բուռն եռանդը, մտքի խռովահույզ սրությունն են յուրահատուկ մեր հայրենակից Պարույր Ջամբազյանի գործունեությանը: Նրա առջև միշտ հարցեր են ծառանում, և նա փնտրում է դրանց լուծումը` սեփական սրտի միջով անցկացնելով բազմաթիվ մարդկանց ճակատագրերը և երկրի համընդհանուր երևույթները: Պարույր Ջամբազյանը ծնվել է 1971 թ. հուլիսի 27-ին Բեյրութ քաղաքում, երաժշտի ընտանիքում: 1976 թ. ընտանիքը մեկնում է Գերմանիա մշտական բնակության: 1978 թ. հաճախում է տեղի վարժարան, ուր սովորում է 13 տարի: Դպրոցին զուգահեռ 1979 թ. հաճախել է երաժշտական դպրոց` ջութակի բաժին, ուր դրսևորել է փայլուն ընդունակություն և ավարտել 1991 թ.: Դպրոցում ուսանելու տարիներին մասնակցում է նաև թատերական խմբակին և նվագում կիթառ` երաժշտական ներկայացման մեջ: 1991 թ. ընդունվում է Մյունստեր քաղաքի Վիլհելմի անվան համալսարանի հոգեբանության ֆակուլտետը, որն ավարտում է 1998 թ.: Առաջին անգամ Հայաստան է եկել 1989 թ. իր հոր` հայ մեծ բարերար Հակոբ Ջամբազյանի հետ, որն իր բարեգործական առաքելություն էր սկսել հայկական հողում 1988 թ.: 1988 թ. Պարույր Ջամբազյանի հայրը հիմնում է «ՀՕԿ» հ/կ-ը և գլխավորում այն մինչ 2000 թ.: Հայոց հողը չէր կարող իր ուժն ու կանչը ցույց չտալ հայ երիտասարդի հոգում, ու նա 1999 թ. գալիս է Հայաստան` սատար կանգնելու իր հորը, իսկ 2000 թ. ստանձնում է «ՀՕԿ» հ/կ-ի նախագահի պարտականությունները և նվիրվում հայրենիքը շենացնելու ազգանվեր գործին: 2001 թ. ամուսնանում է հայուհու հետ, ունենում 2 երեխաներ` մեկ որդի և մեկ դուստր: Օգնության տեսակները, որոնք տրամադրել ու տրամադրում է «ՀՕԿ» հ/կ-ը բազմաբնույթ է` սնունդ, հագուստ, գրենական պիտույքներ, բժշկական ծառայության, ուսման ու բնակարանի վարձեր... Այս ամենը կարելի է անվերջ թվարկել, բայց եթե խոսենք փաստերով, այն ունի այսպիսի պատկեր` Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում օգնություն է ստանում թվով 9000 մարդ ու այս ամենը քիչ համարելով, տեսնելով երևանաբնակ բազմազավակ մայրերին, որոնք չունեն օթևան, Պարույր Ջամբազյանը 2001 թ. հիմնադրում է ևս մեկ բարեգործական հիմնադրամ «Դիակոնիա» անվամբ, որը 2001 թ. հոկտեմբերի 10-ին կառավարության Մ-328 որոշմամբ հաստատում է «Հույսի ավան» ծրագիրը: Ծրագրի շրջանակում պետք է կառուցվի 100 առանձնատուն` 200 բնակարանով, դպրոց` նախատեսված 300 աշակերտի համար, պոլիկլինիկա, ուսումնարան իր արտադրամասով, վարչական շենք, հյուրանոց, հանգստյան գոտի, նաև եկեղեցի: 2001 թ. մինչ այսօր թաղամասում բնակարանամուտ է տոնել 58 ընտանիք` թվով 400 հոգի, կառուցվել է վարչական շենք և պոլիկլինիկայի մի մասը` ատամնաբուժարան, կառուցվում են դպրոց և մի քանի առանձնատներ: Բնօրրան կորցրածի հիշողությունն անընդհատ խռովքի մեջ է պահում Պարույրի ներաշխարհը: Հիշողության խռովքը Հայրենի տան ամրությունը պահող մի նոր շաղախ է, արմատն ընձյուղող շաղախ: Ու իր «Հուսո ավանով» հույս է սփռում նա, դաս տալիս դատարկ ճառեր արտասանող մեծահարուստներին, դաս` արդարացված գոյությամբ ապրելու մասին: Երբ այցելում ենք «Հուսո ավան», հանդիպում այստեղի ոգեշունչ և երջանիկ բնակիչներին, ճակատագրական հակասություններից բզկտվող, աղետի և խելահեղ ինքնաոչնչացման եզրին կանգնած այս աշխարհի փոքրիկ անկյունում, պարզ գիտակցում ենք, որ պարոն Պարույր Ջամբազյանն իր գործունեությամբ հաստատում է ոչ թե ոգու առաջնությունը իրականության նկատմամբ, այլ հոգեկանինը` անհոգիության: Եվ յուրաքանչյուր մարդ, ով ոտք կդնի «Հուսո ավան», այստեղ հավատ կգտնի մարդկային բանականության խիզախության նկատմամբ: Մաղթենք մարդկությանը դեպի մարդասիրություն և գթասրտություն, ինչպես կտակել է Ճշմարիտ Եվրոպացին, ինչպես ապրում է Հայրենասեր Հայը:

Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ