Կարևորը ոչ թե անձերն են, այլ ծրագիրը


Քաղաքական իրողությունների սրընթաց այլակերպումները հասարակական-քաղաքական շրջանակներում բուռն բանավեճերի և տարակարծիք գնահատականների տեղիք են տալիս: Այդ իրողությունները դիտարկելով ոչ միայն չոր քաղաքական, այլև հասարակական դաշտում` ՀՅԴ անդամ, գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանը վերադառնում է ազգային զարթոնքի ժամանակներ, երբ «երկրի ապագան մեզ ավելի հետաքրքիր էր որպես գրող: Գրողները մի մեծ բաց էին լրացնում` մեր երազների, մեր պահանջատիրության ամբողջ թնջուկը»: Խնդիրն այն է, թե ասպարեզը հաջորդ սերնդին ձգելով` սարսափելի պատեհապաշտ այս ժամանակներում ի՞նչ ենք ժառանգում նրան: Ալվարդ Պետրոսյանը լավատես է. «Կարծում եմ, որ նրանք, ովքեր այսօր բան են ասում, բան են անում, մթնոլորտ են կերտում, պիտի կարողանան հանել այս չարությունը, քաղաքական-հասարակական դաշտում առկա անթույլատրելի բախումները` սերունդներին թողնելով քաղաքակիրթ բանավիճելու մշակույթ: Մի քիչ էլ հումոր, որի պակասի զգացումից բառերը կարող են տեղ հասնել «քաջ որսկանի գյուլլի պես» և տարանջատումների պատճառ դառնալ: Այն, որ Նախագահի թեկնածուների ներկապնակը այսպես բազմազան է և տարաբևեռ, ոչ թե ազգային մենթալիտետի, այլ ժողովրդավարության դրսևորում է, որի ամենակարևոր տարրը այլընտրանքն է: Իսկ ի՞նչ ասել հավակնոտ այն քաղաքական գործիչներին, ում ասպարեզ գալը ժողովրդավարության տարր չէ բնավ, այլ ընդամենը քաղաքական մշակույթի ապականում: «Նշանակում է, որ մեր պահանջների լրջության չափանիշների սանդղակն այնքան ցածր է, որ այդպիսիները համարձակվում են մտածել թագավոր դառնալու մասին»: Քաղաքական գործիչը ցավալի է համարում մեր ժամանակներում «ուժն է ծնում իրավունք» գաղափարախոսության բացասական ներգործությունը հասարակության գիտակցության վրա: Այս և այլ ազդեցություններին ենթարկվելը մեր հասարակության քաղաքացիական տգիտության հետևանքն է: Պարզվում է, այն հայերս ժառանգել ենք 17 թ. հեղափոխությունից (չէ մի, չէ) և ժառանգողն ու այն մինչև մեր օրերը հասցնող էլ ոչ այլ ոք է, քան ՀՀՇ-ն: Պահո¯, ՀՀՇ-ի ականջներն այստեղ էլ երևացին: Ժողովուրդը կասեր. «սրանց քարը ծանր է»: Ի դեպ, նախկինների մասին: Ազատության հրապարակում հավաքվողները բոլորը հո նրանց արևով չե՞ն խնդում: Շատերը գնում են լսելու` ինչ է ասում Լևոն Տեր-Պետրոսյանը: Թող այդպես լինի, բայց մերժվածին, անընդունելիին լսելու չեն գնում կամ էլ երկրորդ անգամ չեն գնում. այն էլ` ավելի շատերը: Իսկ Ալվարդ Պետրոսյանը հրեա բանաստեղծին է ցիտում. «Հո չէի՞ն գնալու նրա հետևից դեպի ծովերը, դեպի մահ»` մոռանալով իր կուսակցության` ծովերի սիրահար լինելը` մինչև կարգախոսի աստիճան: Կարգախոսներ, որոնցից արյան հոտ է գալիս: Այնպես որ, հարկ է նախկիններին փնովելու նոր հղումներ փնտրել: Իսկ թերևս դրա փոխարեն ՀՅԴ կարկառուն ներկայացուցիչը հարկ համարեր բարձրաձայնել, թե ինչ են պայմանավորվել իրենց համար այդքան մերժելի քաղաքական ուժի և նրա ներկայացուցչի հետ: Նման տեղեկացվածությունը գուցե կօգներ հասարակությանը` հետևելու Ա. Պետրոսյանի` ժողովրդին առաջարկած դեղատոմսի կիրառմանը. այն է` ընտրելուց առաջ մտածել. ո՞ւմ է ընտրում, ինչո՞ւ է ընտրում և ի՞նչ օգուտ է բերելու նոր կառավարիչն իր երկրին, պետությանը, իր ընտանիքին, իրեն: Անշուշտ, լավ դիրքորոշում է: Միայն թե նայած` ում ինչն է օգուտ: Հետաքրքիր է, Նախագահի իր կուսակցության երկու թեկնածուներից որի՞ն է նա նախապատվությունը տալու, երբ կարևորն, ըստ իրեն, ոչ թե անձերն են, այլ ծրագիրը: Ծրագիրն իրենցն է, թեկնածուներից երկուսով էլ հավասար խանդավառված է. «Ինտելենկտի հրավառություն են»: Գուցե այդ հուրն է, որ խանգարում է այլ հրավառություններ ևս տեսնել և մանավանդ` օբյեկտիվորեն տեսնել:

Սուսաննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ