Արգելվում են ծաղիկները Ջուլիետին


 

Անմահ Շեքսպիրի նույնքան հավերժական ու սիրո խորհրդանիշ դարձած հերոսուհու տունն իտալական Վերոնա քաղաքի գլխավոր դիտարժան վայրն է: Առանձնակի հիացմունք է շարժում այն փոքրիկ պատշգամբը, որի տակ, ըստ լեգենդի, աղջկա բարեհաճությունն է շահել սիրահար Ռոմեոն: Այդ վայրն աշխարհի բոլոր ռոմանտիկներին ձգող կենտրոն է: Եվ այստեղ եկող սիրահարները հավատում են, որ եթե տան պատի վրա սիրո խոստովանություն թողնեն` անպայման կերջանկանան:

Նվիրական զգացմունքների պոռթկում այդ գրությունները, սակայն, ընդամենը «աղբ» են տեղական իշխանությունների համար, և նրանք ջանադրաբար անվերջ մաքրում են հենց իրենց եկամտաբեր տան պատերը: Բայց արդեն որոշել են վերջակետել այդ ավանդույթը (տեղեկացրել է բրիտանական The TelegrΖΘh-ը):

Վերոնայի քաղխորհրդի նոր օրինագծով` ով կհամարձակվի ծամոնը փակցնել պատին կամ այն «զարդարել» այլ առարկաներով, կտուգանվի 500 եվրոյով:

Քաղաքային իշխանությունները կտրուկ են, բայց` ոչ անսիրտ: Ճիշտ նույն տեղում կտեղադրվեն շարժական պանելներ, որոնց վրա ցանկացողները կկարողանան գրություններ թողնել, պատկերներ նկարել:

Այս փոքրիկ քաղաքը տարեկան միլիոններ է վաստակում` «Ռոմեո և Ջուլիետ»-ի պատմության շնորհիվ` չնայած շատ պատմաբաններ կասկածում են, թե այդ զույգն իրականում գոյություն է ունեցել:

Հռչակավոր պատշգամբը վերաշինվել է 1930-ական թթ. վերջերին: Դրա ճակատային պատի համար հավանաբար օգտագործվել է հինավուրց քարադամբարանի մի կտոր: Եվ զբոսաշրջիկները կարծում են, որ դա կարող է լինել մի հատվածն այն դագաղի, որի մեջ ամփոփվել է սիրահար աղջկա դիակը: