ՄԻԱՅՆ ԹԵ ԿԱՐԴԱՑԵՔ


 

Թեկուզ զուգարանում

Մոտավորապես այսպես են մեկնաբանում իրենց մտքի թռիչքը` գերմանական Klo-VerlΖg ընկերության գործարարները: Մինչդեռ նրանց այդ քայլը պիտի որ վիրավորական լիներ ոչ միայն դասական, կամ նույնիսկ ճանաչում չունեցող հեղինակների, այլև գրականասեր ընթերցողի համար:

Նշյալ ընկերությունը զուգարանի թուղթ է արտադրում, և տնօրեն Ժորժ Հեմերստոֆերը «հաշվարկել» է, որ հիմա մարդիկ կարդում են կա´մ անկողնում` քնելուց առաջ, կա´մ զուգարանում: Հաշվարկել ու «գլխի է ընկել», որ գրականությունը պետք է հարմարեցնել այդ պայմաններին: Եվ հարմարեցրել է…

Գերմանացի դասականներ Հայնեի և Մորգենշտերնի գլուխգործոցները, ինչպես նաև ժամանակակից դետեկտիվներ և մանուկների համար հեքիաթները շուտով «լույս կտեսնեն» զուգարանաթղթի փաթեթների վրա:

Ասում ենք` գրողներն ու ընթերցողները կարող են վիրավորվել: Բայց ահա Ֆրանկֆուրտում կայացած գրքի տոնավաճառում հավանության է արժանացել այդ գաղափարը, և ընկերությունը մեծաքանակ պատվերներ է ստացել: Նույնիսկ մի գրողից, ով ցանկություն է հայտնել իր ստեղծագործությունները տպագրել միայն նրանց թղթի վրա:

Բնականաբար` նեղ փաթեթը չի կարող տեղավորել ծավալուն երկերն ամբողջությամբ: Հնարամիտ գործարարը դրա ելքն էլ է գտել. դրանք կտպագրվեն «հատորներով»: Մեկ փաթեթավորման մեջ կդրվի 12 փաթեթ` որոնց վրա շարունակաբար կտպագրվի ամբողջական տեքստը:

Խե˜ղճ ընթերցող. նախ` ստիպված կլինի զուգարանաթղթի անձնական «գրադարան» գնել, ու եթե հանկարծ հետաքրքիր վեպ գնած լինի, քանի՞ ժամ ու օր է անցկացնելու զուգարանում` 12 «հատոր» «թերթելու» համար:

Ի դեպ, զուգարանային այդ «գրադարանները» վաճառվելու են Գերմանիայի գրախանութներում և հուշանվերների կրպակներում: