Ուսումնական ձեռնարկներ կեղծողները պատասխանատվության կենթարկվեն


 

Դեռևս սեպտեմբեր ամսին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության «Քեմբրիջ Յունիվերսիթի Փրես» կրթական հաստատության ներկայացուցչությունից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի մի շարք գրախանութներում իրացվում են հեղինակային իրավունքով իրենց ընկերությանը պատկանող կեղծ ուսումնական ձեռնարկներ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում` Երևան քաղաքի մոտ մեկ տասնյակի հասնող գրախանութներում, ինչպես նաև «Վերնիսաժ» տոնավաճառի մի շարք վաճառակետերում հայտնաբերվել են InterchΖnge, J.C. RichΖrd և English grΖΗΗer in use, RΖyΗond MurΘhy անվանումներով 636 հատ ուսումնական կեղծված ձեռնարկներ և 245 հատ սկավառակներ:

Նախապատրաստված նյութերով նշանակվել է փաստաթղթաբանական փորձաքննություն և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրոյից» ստացված եզրակացությամբ հիմնավորվել է հայտնաբերված ուսումնական ձեռնարկների կեղծվածության հանգամանքը:

«Քեմբրիջ Յունիվերսիթի Փրես» կրթական հաստատության հեղինակային իրավունքները ապօրինի օգտագործելու արդյունքում պատճառված վնասի ընդհանուր չափը կազմում է շուրջ 4.325.000 դրամ:

Ոստիկանությունը հայտնաբերել է մեծբրիտանական հայտնի կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությանը ֆինանսական խոշոր չափերի հասնող վնասներ պատճառած ընկերություններին և անձանց, ովքեր ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով առաջիկայում կենթարկվեն պատասխանատվության: