ԾԱՂՐՈՒՄ ԵՆ, ՎԻՐԱՎՈՐՈՒՄ, ՀԵԳՆՈՒՄ…


 

Օրերս վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հայտարարությամբ հարուցել է հանրության շատ շերտերի ներկայացուցիչների վրդովմունքը: Տնտեսագիտական համալսարանում կառավարության ղեկավարը հրապարակավ ասել է.

- Անապահով ընտանիքների աշխատունակ անձինք պատրաստ չեն աշխատել` չնայած որ ներկայիս 30-50 հազար դրամ սոցիալական նպաստի դիմաց կկարողանան վաստակել 100-120 հազար դրամ:

Իսկ Ազգային ժողովում էլ ֆինանսների փոխնախարար Լիանա Հունանյանը հայտարարել է.

- Մեր ժողովուրդը ծույլ է, պետք չէ նրան փող տալ, նա սիրում է տանը նստել ու նպաստ ստանալ:

Ինչպես վարչապետի, այնպես էլ կառավարության անդամի տեղակալի հայտարարությունները չեն կարող տեղավորվել բանականության տիրույթներում: Եթե վարչապետի հայտարարությունը ոմանք սովորական դեմագոգիա են համարում, ապա փոխնախարարի գնահատականը` ակնհայտ ցինիզմ և ոտնձգություն է մեր ազգային արժեհամակարգերի և ազգային նկարագրի վրա: Քաղաքակիրթ որևէ երկրում նման հայտարարություն անող պաշտոնյային անմիջապես պաշտոնանկ կանեին, իսկ մեզանում փոխնախարարը շատ հանգիստ, անգամ քմծիծաղով նայել է նստածներին ու հեռացել` գիտենալով, որ իրեն ոչ ոք չի նեղի նման գնահատական հնչեցնելու համար:

Մենք փորձեցինք պարզել, թե ո՞ր ոլորտներն է նկատի ունեցել վարչապետը` սոցիալական նպաստ ստացողների համար: Եթե հաշվի առնենք, որ նպաստ ստացողների գերակշռող մեծամասնությունը նախկին բանվորներ են, արհեստավորներ կամ էլ մասնագիտություն չունեցող մարդիկ, ապա նրանց առավել նպատակահարմար կլիներ ուղղորդել դեպի որոշ շինարարական կազմակերպություններ: Հետաքրքրվեցինք, թե որքան է օրավարձը շինարարական կազմակերպություններում: Մասնագիտություն ունեցողները` կռունկավարները, զոդողները, ստանում են մինչև 6 հազար դրամ: Ամսական, եթե հաշվարկենք վեցօրյա աշխատանքային շաբաթ, կազմում է 144 հազար դրամ: Կարծես թե վարչապետի նշած թիվը գերազանցում է: Իսկ ահա շինարար-բանվորների համար սահմանված է 1500-2000 դրամ: Այս թիվն էլ բազմապատկենք աշխատանքային օրերով` կստացվի 39000-58000 դրամ: Ի դեպ, հենց այսքան էր վճարում «Գլենդել Հիլզը» Գյումրիում…

Կռունկավարներ կամ զոդողներ շատ պետք չեն, հիմնականում անհրաժեշտ են բանվորներ: Ուրեմն, վարչապետի մատնանշած թիվն այս ոլորտում իրականությանը չի համապատասխանում:

Մենք աշխատաբորսաներում ևս հետաքրքրվեցինք և տեղեկացանք, որ 100-120 հազար թվերը ուռճացված են, կապ չունեն իրականության հետ: Գուցե վարչապետն ի՞նքը մի ցուցակ հրապարակեր և ներկայացներ այն թափուր աշխատատեղերը, որոնք հենց նման աշխատավարձեր են տալիս: Եվ հետո, եթե կառավարության ղեկավարը խոսում է 100-120 հազար դրամի մասին` ինքն էլ գիտենալով, որ դա շատ է սոցիալական նպաստից, բայց բավարար չէ ցանկացած ընտանիքի գոյատևման համար, ինչու՞ նվազագույն աշխատավարձի չափ սահմանել տվեց 35 հազար դրամը, որը յուրատեսակ սիրաշահում էր բոլոր գործատուներին: Գիտենք, որ Հայաստանում շատ գործատուներ աշխատում են աշխատավարձերի վճարման մի քանի ցուցակներով, որ շատերը նշում են նվազագույն շեմը` հարկեր վճարելով այդ շեմի հաշվարկով, մինչդեռ իրականում շատ ավելի են վճարում իրենց աշխատռղներին…

Ֆինանսների փոխնախարարի հայտարարությունն էլ բացահայտ վիրավորանք է մեր ժողովրդի հասցեին: Հայ մարդը միշտ աչքի է ընկել իր աշխատասիրությամբ, իր ընդունակություններով: Միայն հայ մարդը կարող էր այս քարաստանում այգիներ ու պարտեզներ ստեղծել, հացահատիկի ցանքատարածություններ ձևավորել, երբեմնի ավերակ տարածքը երկրի վերածել: Հայ շինարարների ձեռքերով են կառուցվել Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներ ու գյուղեր: Մինչդեռ մի փոխնախարար հանկարծ հայ մարդուն ծույլ է անվանում` չհասկանալով, որ դա շարունակությունն է Իլհամ Ալիևի` մոտ երկու ամիս առաջ Բաքվում արած այն հայտարարության, թե` «հայերը ծույլ են, չեն սիրում աշխատել, դրա համար էլ ուրիշների հողերն են զավթում, որպեսզի վայելեն ուրիշների ստեղծած բարիքները»:

Մեզ հետաքրքրեց, թե ի˜նչ մեծ աշխատասիրության տեր է եղել տիկին Հունանյանը, որ նշանակվել է ֆինանսների փոխնախարար: Ընդամենը 35 տարեկան այս տիկինը 1998 թվականին ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մետալուրգիայի ֆակուլտետը: Չգիտես, թե ինչպես` մետալուրգի կրթություն և մասնագիտութ յուն ունեցող անձը հանկարծ հայտնվել է բանկային ոլորտում. 1998-2000 թթ. հանդիսացել է «Մելլաթ բանկ» դ/բ ՓԲԸ աշխատակից, SWIFT-ի թղթավարության գծով պատասխանատու, 2001-2005 թթ.` ՀՀ կենտրոնա-կան բանկի ֆինանսական գործառնությունների դեպարտամենտի մասնագետ, ռիսկերի կառավարման վարչության մասնագետ, ռիսկերի կառավարման վարչության դրամավարկային կարճաժամկետ ծրագրավորման և ներքին ռիսկերի կառավարման բաժնի ռիսկերի կառավարիչ: ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի համար երևի կարևոր չի եղել, որ տնտեսագիտական կրթությամբ բազմաթիվ շնորհալիներ մնացել են գործազուրկ, ոմանք ստիպված հեռացել են երկրից, իսկ նա գլխավոր բանկում պատասխանատու պաշտոններ է վստահել մետալուրգին:

2005 թ. Լիանա Հունանյանին արդեն նշանակել են ՀՀ ԿԲ տնտեսական հետազոտությունների վարչության տնտեսական հետազոտությունների և դրամավարկային քաղաքականության բաժնի տնտեսագետ, ֆինանսական վերլուծաբան: Նա այս ընթացքում հասցրել է ստանալ Հայաստանի ամերիկյան համալսարանի Գործարար ղեկավարման մագիստրոսի կոչում` ֆինանսներ և հաշվապահություն մասնագիտացմամբ: 2007-ին արդեն դարձել է ՀՀ կենտրոնական բանկի վիճակագրության վարչության տնտեսական վիճակագրության զարգացման բաժնի ֆինանսական վերլուծաբան, 2010 թ. մարտից` ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ, 2010 թ. սեպտեմբերից` ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ, իսկ այս տարվա հոկտեմբերին էլ նշանակվել է ֆինանսների փոխնախարար…

Միանգամայն ակնհայտ է, որ այս տիկնոջ պաշտոնական առաջխաղացումը պայմանավորված է Տիգրան Սարգսյանով: Դե, եթե «շեֆը» մի բան է ասում, ենթական էլ պիտի նրան լրացնի…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ