ՍԵՐԻԱԼԱՅԻՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ


 

Սերիալների թեման շարունակում է մնալ մեր հասարակության և հատկապես երիտասարդության ուշադրության կենտրոնում: Ինչպես ֆեյսբուքյան, այնպես էլ հանրային քննարկումներում այսօր արդեն աստիճանաբար բուռն արձագանքները, կտրուկ արտահայտությունները տեղի են տվել` առաջնային դարձնելով մասնագիտական մոտեցումներն ու գնահատականները: Շատերը նաև գիտակցել են, որ չնայած սուր քննադատությանն ու մերժողականությանը, որոշ հեռուստաընկերություններ, արհամարհելով հասարակական կարծիքը, շարունակում են իրենց գործը` այսպես սերիալային ինդուստրիայի արժեքավոր շատ դրսևորումներ դարձնելով երկրորդական և գետնաքարշ:

Մի շարք կազմակերպություններ հարցախույզի միջոցով ցանկացել են պարզել ամենալավ ու ամենավատ սերիալները: Ինչպես կռահվում էր, սերիալային արտադրանքի մեջ ամենավատը ճանաչվել է Դիանա Գրիգորյանի սցենարով նկարահանվող «Դժվար ապրուստը», որում ընդգրկված մի շարք արհեստավարժ դերասանների ներկայությունն անգամ չի փրկում սերիալն իր պարզունակությունից ու անտրամաբանական լուծումներից, օրավուր ծիծաղելի դարձող իրավիճակներից ու հարաբերություններից, հակաիրական դիպվածներից: Ձգտելով ստեղծել լարված սյուժե, հիմա էլ սցենարի հեղինակն ու ֆիլմի բեմադրիչները անցել են «հեքիաթայինին»` գերազանցելով անգամ ամենապարզունակ պերուական և բրազիլական սերիալներին: Հեռուստադիտողներից շատերը քմծիծաղով են հետևում այստեղ սյուժետային զարգացումներին` իրենց հետաքրքրությունը բացատրելով այսպես.

- Տեսնենք, թե ո՞ւր կարող է հասնել սցենարական «երևակայությունը»:

«Դժվար ապրուստին»` իբրև ամենաանհաջող սերիալ, հաջորդում է «Շանթ»-ի եթերով ցուցադրվող «Անծանոթը»: Շատերը գիտեն, որ սա թուրքական ճանաչված սերիալի թարգմանությունն է, բայց չգիտեն, որ թուրքերն էլ իրենց հերթին են սցենարը թարգմանել` այսպես «Շանթին» կանգնեցնելով յուրատեսակ փակուղու առջև: Եթե «Դժվար ապրուստ» սերիալում, այնուհանդերձ, կան հետաքրքիր դերասանական կատարումներ, ապա այստեղ Անահիտ Քոչարյանի ու Հայկ Թորոսյանի նման շնորհալի մարդիկ հայտնվել են սցենարական պարզունակության «ճիրաններում»` ստիպված լինելով կատարել այն ամենը, ինչը թելադրվում է գրական միամիտ նյութով:

Շատերի համար զարմանալի` Հանրայինի եթերով ցուցադրվող «Գեներալի աղջիկը» հայտնվել է երրորդ տեղում` որպես վատագույն սերիալներից մեկը: Այստեղ Աննա և Արմեն Էլբակյանների, Արմինե Պողոսյանի դերասանական ակնառու հաջողությունները ստվերվում են գրեթե սիրողական որակներով, ռեժիսորական դիլետանտականությամբ, հեռուստա մոնտաժի չիմացությամբ, սցենարի արհեստականությամբ և ձգձգվածությամբ:

Վատագույն սերիալների եռյակին հաջորդում են «Եռաչափ սեր», «Քաղաքում» և «Եղբայրներ» սերիալները: Հատկապես «Եղբայրներ» սերիալը, որն ուներ ինքնատիպ մտահղացում և գրական ակնառու սցենար, դրամատուրգիական հիմնավորված և կուռ կառույց, դերասանական որոշակի հաջողություններ, այսօր արդեն միտվում է դեպի ձախողումը:

Իսկ ահա լավագույն սերիալների եռյակը գլխավորում է «Եզրագծից այն կողմ» հեռուստապատմությունը, որին հաջորդում են «Անուրջներ» և «Տիգրանի մոլորակը» ֆիլմաշա րերը:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ