ՊԱԼԱՏԱԿԱՆ «ԳԵՂՑԻՆԵՐԻ» ՊԵՐՃԱՆՔԸ


 

Լրագրողի ծոցատետրից

Հայաստանում, ավելի ճիշտ` մայրաքաղաք Երևանում, ձևավորվել է «արվեստի» պալատական գործիչների մի խումբ, որն ապրում է բավական ճոխ, այցելում միայն բարձրակարգ ռեստորաններ, հյուրընկալվում «էլիտար» ակումբներում, ապրում էլիտար շենքերում և ժամանակ առ ժամանակ սեփական ունեցվածքը ցուցադրում հեռուստատեսությամբ` միայն իր համար ստեղծված հաղորդումներում:

Հեռուստատեսային «պրոյեկտների» հեղինակներն ու վարողները «հասարակ» արվեստագետների բնակարաններ չեն գնում, նրանց չեն նվիրում տարբեր ֆիրմաների սրճեր ու թեյեր, գինիներ: Միայն այս «էլիտարներին» են այցելում` կարծես հասկացնել տալով մյուսներին, որ նրանք «արժանի» չեն նման հաղորդումների, որ նրանք չեն կարող այնպիսի ճաշեր պատրաստել եթերում, ինչպես պատրաստում են պալատական «գեղցիները»` երբեմն կարտոֆիլն ու գազարն իրարից չտարբերելով, չիմանալով այս կամ այն կաթսայի կիրառման նշանակությունը... Սրանք այսօր գրավել են հեռուստատեսությունը, սրանց են կանչում ամենատարբեր «վիտամիններ» ու «32 ատամներ» և ցուցադրում սրանց հռհռոցն ու «կայֆերը»... Սրանք ծիծաղում ու «ծիծաղից մեռնում են»` լսելով ամենապարզունակ արտահայտություններ անգամ` չհասկանալով, որ հենց իրենց մեջ են նստած յուրատեսակ եկատերինները:

Սրանք են այսօր դարձել մեր «հասարակության սյուները», սրանց են ուզում ընդօրինակել շատ պատանիներ ու աղջիկներ` հավանաբար կարծելով, թե այս «էլիտար գեղցիներն» են ձևավորում մեր արժեքային համակարգերը, թե սրանք են մեր դիմանկարի անկապտելի մասերը... Երևի այդպես մտածելու իրավունքն ունեն, որովհետև հեռուստատեսության «բանուկ» ժամերը նրանց են բաժին հասնում, մինչդեռ ազգային ճշմարիտ մեծություններին նվիրված հաղորդումները ցուցադրում են կեսգիշերից հետո, մի տեսակ վախվորած ու ամաչկոտ, այնպես, որ հանկարծ «գեղցիներով» հմայվածների «քիմքերը չպղտորվեն»...

Ե՞րբ և ինչու՞ սրանք սկսեցին գերակա դիրքեր գրավել, ե՞րբ և ինչու՞ սրանց վրա սկսեցին հենվել մեր լրատվական դաշտի և հանրության բազմաթիվ ներկայացուցիչները: Այս ամենը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ճշմարիտ հերոսները մարտնչում էին պատերազմի դաշտում, երբ համալսարանական նստարանները ռազմադաշտով փոխարինած` նրանք երկիրն էին պաշտպանում: Երբ ռազմադաշտից տուն դարձածների արևից ու ցրտից խանձված դեմքերը «տելեգենիկ» չէին համարվում, երբ ճշմարիտ հերոսի ու հերոսականի մասին պատկերացումները մղվում էին խորշեր` առաջ տանելով կիսատ-պռատ հայերենով խոսող, «սլենգն» իրենց լեզվական աղքատ պաշարի մատուցման միակ «ելակետը» համարող «գեղցիներին»: Սրանք էլ հովանավորների ու տարբեր միջոցառումներ կազմակերպողների փողերով մերթ ամերիկաներում էին հայտնվում, մերթ` մոսկվաներում` «վերևից նայելով» խեղճուկրակությունից կուչ եկած, իրենց հնամաշ տաբատներով ու կարկատած կոշիկներով քայլող այն երիտասարդներին, ով-քեր համալսարանական միջանցքներում հայտնվում էին ոչ թե հերթական «սուպեր» շապիկներն ու շրջազգեստները ցուցադրելու, այլ գիտության հետ մերձ լինելու համար:

Ծռմռվելով այս կամ այն իշխանավորի զավակի կնունքի ու հարսանիքի սրահներում, ընդամենը «էլիտար խեղկատակի» դեր կատարելով` այս «գեղցիներին» թվաց, թե իրենք են ազգի ընտրյալները: Հավատացին, թե Հայաստանն իրենց վրա է հենվում, թե միայն իրենց է տրված հայոց երիտասարդության խորհրդանիշը լինելու իրավունքը: Եվ այլափոխեցին ու այլասերեցին պատկերացումները մեր այն երիտասարդության մասին, որն այս կիսագրագետ «ինտելեկտուալներից» էլ լավ գիտի մայրենին և համաշխարհային գրականությունն ու արվեստը, որը ոչ թե «էլիտար քլաբներում» է սովորում բառեր ու կապակցություններ, այլ օրավուր խորացնում է իր գիտելիքները` բնավ չմտածելով ինքնացույցի մասին:

Մտավորականի կեցվածքից հեռու, ապազգային ու աննկարագիր` հենց սրանք են ուղղորդում շատերին, սրանցով են գնահատում մեր արվեստի գործիչներին գնահատելու իրավունք ունեցողները: Ու բնավ էլ պատահական չէ, որ ռաբիս երգիչների ու էժանագին հացկատակների առջև բաց են ամրապինդ շատ դռներ:

Չենք ուզում մեկ անգամ էլ չարչարել «ոգու սովի» իսահակյանական ողբերգական կանխատեսումը, որովհետև սա սոսկ ոգու սով չէ, սա այլասերում է, որից հղփանում ու հրճվում են մի խումբ «գեղցիներ»` ցավալիորեն ոչնչացնելով մեր պատկերացումներն ու ընկալումները...