ՈՒԶՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼ


 

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդներից մեկը` Անուշ Սեդրակյանը, կարող է մեր երկրի պատմության մեջ դառնալ ՀՀ նախագահի առաջին կին թեկնածուն: Գուցե առաջինը լինելու գայթակղությունն էլ տիկին Սեդրակյանին ինքնավստահություն է ներշնչել: Իհարկե` առաջադրվելու, այլ ոչ թե ընտրվելու վստահություն: Նախընտրական քարոզարշավն, իհարկե, բավական բարենպաստ կլինի թե´ Ա. Սեդրակյանի, թե´ նրա կուսակցության համար: Ասուլիսներում, ընտրողների հետ հանդիպումները, քաղաքական վերլուծություններն ու բանավեճերը ճանաչելի կդարձնեն երկուսին էլ: Մեզ թվում էր, թե երկուշաբթի օրը տեղի ունեցած ԲՀԿ-«Ազատ դեմոկրատներ» կառուցողական հանդիպումից հետո Անուշ Սեդրակյանն, այնուամենայնիվ, կհրաժարվի այս գաղափարից` ճամփա բացելով ԲՀԿ թեկնածուի համար: Սակայն այդ հանդիպումը Անուշ Սեդրակյանին կարծես ավելի էր ոգեշնչել: Գուցե ԲՀԿ-ն ակնարկե՞լ է աջակցել առաջին կին թեկնածուին... Սակայն դա հիպոթեթիկ կարելի է համարել, քանզի ԲՀԿ-ն սեփական թեկնածուն առաջադրելու մասին է խոսում: Ու այդ թեկնածուն չի´ կարող այս տիկինը լինել: