ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԽԱՂԱՑՈ՞Ղ


 

Նոյեմբերի 27-ին նախագահ Սերժ Սարգսյանը ելույթով հանդես է գալու Լիբանանի խորհրդարանում: Սա բավական ուշագրավ լուր է, որովհետև այս ելույթը հաջորդում է նախագահի Ֆրանսիա կատարած այցին, որի ընթացքում քննարկվել են նաև սիրիական խնդրին վերաբերող հարցեր:

Ֆրանսիայի նախագահն ասել է, որ Սարգսյանի միջոցով ուղերձներ են հղվել Իրանին, իսկ հիմա էլ Լիբանանում սպասվում է ելույթ, որը, ինչպես ենթադրվում է, ուղղված է լինելու Սիրիային: Եվ ոչ միայն Սիրիային, այլև ողջ Մերձավոր Արևելքին:

Նշենք, որ  Հայաստան ժամանած Լատվիայի ԱԳ նախարարը շահագրգռված է եղել Սիրիայի հետ հարաբերություններում` Հայաստանի փորձով: Թե ինչ նկատի ուներ` նա չի պարզաբանել, սակայն նկատի է առնվել հայերի յուրահատուկ դերը Սիրիայի իշխանության ու ընդդիմության հետ հարաբերություններում: Իսրայելա-պաղեստինյան հակամարտութ յան սրման խորապատկերին ԱՄԷ ու Քուվեյթ է մեկնում Հայաստանի ԱԳ նախարարը: Սա նշանակում է, որ նրան ինչ-որ հանձնարարություններ են տվել` Արևելքի մի շարք ղեկավարների հետ շփումներում հստակեցնելու Թուրքիայի հետ հարաբերությունների հարցը:

Ստացվում է, որ Արևմուտքը կարևորում է Հայաստանի դերը տարածաշրջանային քաղաքականության մեջ և նրան առաջադրում միջնորդի դեր: Սա այն դեպքն է, երբ վերջապես իրականություն է դառնում դեռևս 1990-ականների սկզբներին Ֆրանսիայի կողմից մշակված նախագիծը` Հայաստանը դիտարկել Արևմուտքի և Արևելքի միջև քաղաքական բանակցությունների խաչմերուկ` անպայմանորեն օգտագործելով ՀՀ Սփյուռքի հետ հարաբերություններում հսկայական փորձը: