ՏԵՍԱԿԱՆ ԽԱԲԿԱ՞ՆՔ, թե՞ խաբեություն


 

Հայաստանում նախագահի ընտրությանն ընդառաջ թափ է առնում խորհրդարանական կառավարման մոդելի քննարկումը: Ընդհանուր առմամբ, որպես խորհրդարանական կառավարման մոդելի անցման անհրաժեշտություն, գլխավոր փաստարկ է բերվում հակակշիռների մեխանիզմի անհրաժեշտությունը:

Բայց, այստեղ ըստ երևույթին կա տեսական խաբկանք, որը հակադրության մեջ է գործնական իրողությունների հետ: Չի բացառվում նաև, որ իրականում ոչ թե խաբկանք է, այլ պարզապես խաբեություն, որով փորձում են խորհրդարանական կառավարման մոդելը հանրությանը մատուցել որպես երկրի փրկության ելք` իրականում փրկելով ինքզինքը:

Խորհրդարանական կառավարման մոդելն իրականում կատարելու է ոչ թե հակակշիռների մեխանիզմի ձևավորման, այլ համակարգային համերաշխության գործառույթ:

Համարվում է, թե Հայաստանում միանձնյա նախագահական կառավարում է, և նախագահը որոշում է ամեն ինչ: Իրականում, Հայաստանում երբեք չի եղել նախագահական միանձնյա կառավարում, եթե անգամ մինչև 2005 թ. սահմանադրական բարեփոխումը նախագահը Սահմանադրությամբ օժտված է եղել անսահմանափակ լիազորությամբ:

Հայաստանում պետական կառավարումն ըստ էության իրականացվել է Սահմանադրությունից դուրս:

Թե´ Լևոն Տեր-Պետրոսյանը, թե´ Ռոբերտ Քոչարյանը, թե´ այժմ Սերժ Սարգսյանը չեն իրականացրել միանձնյա նախագահական կառավարում: Նրանք միանձնյա չեն որոշել ամեն ինչ: Մինչ Ռոբերտ Քոչարյանի դե ֆակտո նախագահությունը, Հայաստանում հաստատված էր կառավարման ավտորիտար-կլանային համակարգ, որտեղ նախագահը ստիպված էր հաշվի առնել հեղինակություններին ու նրանց կլաններին: Հենց այդ ժամանակահատվածում Հայաստանի իշխանության մեջ ձևավորվեցին բավական հզոր կլաններ: 1995-1996 թվականների ընտրական ցիկլը վկայեց, որ երկրում իշխանությունը կլաններինն է, այլ ոչ թե միայն Տեր-Պետրոսյանինը: Այլ հարց է, որ հանուն իշխանության մեջ իր դիրքերի, Տեր-Պետրոսյանը չէր ընդդիմանում կլանների ձևավորմանը և պատասխանատու էր համակարգի այդ ընթացքի համար, ինչն էլ ի վերջո նրան դարձրեց այդ ընթացքի «զոհը»:

Ռոբերտ Քոչարյանը կլանային համակարգից անցում կատարեց օլիգարխիկ համակարգի, որտեղ արդեն կանոնները շատ ավելի մեծ նշանակություն ունեն, քան անձերը` «ավտարիտետները»: Այսինքն, գուցե ոչ դասական իմաստով, բայց ըստ էության ավտորիտար-կլանային համակարգին փոխարինելու եկավ շահերի համակարգը, որտեղ արդեն նշանակություն ուներ ոչ թե անհատի «կալիբրը», այլ այն, թե որքանով է նա համապատասխանում իշխող համակարգի շահին: Պատահական չէ, որ այդ համակարգում իրենց գտան նորանոր շատ անհատներ:

Օլիգարխների համակարգը հայտնվեց ճգնաժամի մեջ` նախագահի փոփոխությունից:

Այդ ճգնաժամն ավելի խորացավ ժամանակի գործոնների հետևանքով` հասարակական-քաղաքացիական ակտիվություն, ինֆորմացիոն տեխնոլոգիաների արագ զարգացում, համաշխարհային տնտեսական ճգնաժամ, աշխարհաքաղաքական նոր և առավել դինամիկ զարգացումներ, որոնցում Հարավային Կովկասն ու Հայաստանը առանցքային նշանակություն ունեցող կետեր են: Դա էլ իր հերթին Հայաստանում սրեց Արևմուտքի և Ռուսաստանի միջև ազդեցության պայքարը:

Այդ գործոնները Հայաստանում առաջ բերեցին շահերի նոր դասավորություն. Սերժ Սարգսյանի իշխանական շահը, որի ելակետը դե յուրե պատասխանատվությունն է միջազգային քաղաքական սուբյեկտ Հայաստանի վարքի համար` աշխարհաքաղաքական դինամիկ գործընթացներում: Այդ համատեքստում` Սերժ Սարգսյանի ու օլիգարխիկ համակարգի հակասությունը և, վերջապես հասարակության-քաղաքացիների շահը, որի գիտակցումը ավելի է մեծանում տնտեսա-քաղաքական խորացող ճգնաժամի պայմաններում:

Այդ պարագայում, Սերժ Սարգսյանի իշխանական շահը պահանջում է ռեֆորմներ, ինչն անհնար է արդյունավետ իրականացնել առանց օլիգարխիկ տնտեսական քաղաքական համակարգի ապամոնտաժման: Օլիգարխիան բնականաբար դիմադրում է այդ զարգացմանը: Սերժ Սարգսյանն իհարկե հաճույքով կդիմեր այդ քայլին, սակայն դրան խանգարում են թե հասարակության մեջ տեղի ունեցող գործընթացները, թե տնտեսական ռեսուրսների սպառումը, թե արտաքին միջավայրի ճնշումները:

Այդ պայմաններում ներիշխանական հակասությունները ռազմավարական իմաստով դառնում են անհաղթահարելի, և ձևավորվում են հակակշիռների երեք կենտրոններ` Սերժ Սարգսյան, օլիգարխիա և քաղաքացիական հասարակություն: Այստեղ, կարճաժամկետ իմաստով շահերի ներդաշնակություն կարող է լինել եռանկյունու բոլոր կողմերի միջև, բայց հենց այդ հանգամանքն էլ իրավիճակը դարձնում է խիստ անկանխատեսելի: Այսինքն, հակակշիռների մեխանիզմն առավել կենսունակ կարող է լինել հենց ներկայիս դասավորության պայմաններում:

Հայաստանում, այս փուլում խորհրդարանական կառավարումը, փաստացի, չեզոքացնում է եռանկյունին, մեջտեղից հանում է նախագահի ինստիտուտը: Այսինքն, զգալիորեն չեզոքացնում, հարթում է ներիշխանական կոնֆլիկտը` այն փոխարինում հակակաշիռների դե յուրե մեխանիզմով: Իսկ դե ֆակտո ընդլայնում է ներհամակարգային պայմանավորվա ծությունների դաշտը և ավելացնում ինքնապահպանության սպառվող պոտենցիալը: