ՀՈՒՄՈՐ ԹԵԿՆԱԾՈՒՀԻՆ
Մոտենում են Ազգային ժողովի պատգամավորների ընտրության օրերը: Թեկնածուների թիվը, փառք Աստծո, Աստված տվել, չի խնայել: Կոնկուրսը մեծ է. մի տեղի համար 13 թեկնածու: Մի դյուժինից մեկին են ընտրելու, բայց այդ մեկն էլ այնքան մարդկային բարությամբ պետք է օժտված լինի, որ իրեն տեղը¬տեղին տեսնելուց հետո ականջը կանչի` այդքան ձայն տվողներից գոնե մի երկուսի ձայնը լսի: Հիմա հին պատգամավորներից շատերը, չասենք դեն գցելու ապրանք են դարձել, բայց մաշվել, հնացել են: Քիչ չէ, չորս տարում այնքան են կոճակ սեղմել, սուտ ու փութ օրենքներ քննարկել և ընդունել, միմյանց մեր ու հեր հայհոյել, մինչև կոկորդը կրծելով` իրար միս կերել… Այդ իրենց համար կարճ չորս տարում, ոմանց անհամ բերանները ընենց հաճելի համ է ընկել, որ նորից են ուզում մնալ, համը հանել` վերընտրվել, որ իրենց բիզնեսին նոր բիզնես ավելացնեն` դառնան անձեռնմխելի օլիգարխ, տեսնեն օլիգարխ ասածն ի՞նչ է: Իբր այդքան թեկնածուների թիվը քիչ է, մեր թաղամասի բուքմեյքերական կետի հավաքարարի մտքով էլ էր թագուհիություն անցել, ցախավելի պոչը հենել էր դնչին ու մտածկոտ հայացքով նայում էր երկնքի հորիզոնին: Եվ ով հրաշք. հայտնվեց ինքը` Հորիզոնը, Գուրգենն էլ հետևից: Հավաքարարի մտքով անպայման անցավ, ըհը` Շորն ու Շորշորն էկան… - Տիկին Մաքրուհի, քո գործը մաքրելն է, իսկ դու շվարել, կանգնել ես, էսպես որ տեսնի շեֆդ` չի բերի քեֆդ, գործից կազատի: Իմացիր, քո սիրելի տեղի վրա աչքածակ աչքեր կան, նախանձելի աշխատատեղ է,¬ զգուշացրինք երկուսով: - Տղաներ, մտածում եմ. հիմա չգիտեմ` իմ թեկնածությունը դնե՞մ, թե՞ չդնեմ, օրը տասն անգամ գցում¬բռնում եմ: - Տիկին Մաքրուհի, էդ թեկնածուական միտքդ որ բռնում ես, էլ քեզանից մի գցիր: - Ախր ես ո˜ւր, պատգամավոր լինե˜լս ուր, ես դրանից էնքան եմ հեռու, ինչքան խոզը տուռնիկից: Հիմա ես էդ թեկնածուների նման հո տուռնիկ խաղացող չեմ: Կնիկարմատը, որ տուռնիկի վրա ֆռռա` տակաշորերը կերևա… - Տիկին Մաքրուհի, տուռնիկ բարձրանալիս վարտիք կհագնես, հաճելի կազմվածքիդ այն կսազի: Քեզ մի´ թերագնահատիր, ումի՞ց ես պակաս, չեղար¬չեղար, էդ չեղածների չափ էլ չեղա՞ր: - Կրթությունս ա պակաս: - Դու պակաս չլինես, ԱԺ¬ում շատերն են կրթության պակասից տուժում: - Չհասկացա, էդ ԱԺ¬ն ի՞նչ է, երևի ուզում էիք ասել այժմ: - Էդ ԱԺ¬ը կրճատ ասած` Ազգային ժողովն է: Ու, քանի որ նրանց արածը շատ չնչին ու փոքր է, մենք այդ երկու բառի փոխարեն երկու տառ ենք ասում, դա էլ է իրենց շատ… - Էդ լավ էր, որ իմացա, բա որ ԱԺ¬ում այդժամ քնե՞մ: - Ինչ ասենք… Այնտեղ ժամերը ծանր ու ձանձրալի են. մի մասը գալիս ներկայանում, գնում է, քնկոտ մասն էլ գալիս նստում, մուշ¬մուշ քնում է: Քնելը միակ փրկությունն է և´ առողջության, և´ ընտիր¬ընտիր ու հատընտիր երազների գիրկն ընկնելու: Այդտեղ, այնպես որ, որևէ մեկի գիրկն ընկնելն համարյա պարտադիր է: - Իսկ որ հանկարծ սխալվեմ, կոճակն իրենց ուզածի հակառակը սեղմեմ ու դառնամ, ոնց ասում են` ընդդիմությո՞ւն: - Հանգիստ մնա, ԱԺ¬ում, չնայած տարբեր կուսակցություններին, քվեարկության հարցում նրանցից շատերը միանգամից դառնում են մի խելքի: Եթե դեմ են` բոլորն են դեմ, եթե կողմ են, բոլորն են կողմ` անցավ միաձայն, դրան հակառակ ոչ մի ձայն… ԱԺ¬ի այբուբենը որ սովորես, այնտեղ գաղտնի շատ բաներ կկարդաս: Իզուր չի ասված` ով որ մտնի մեր մեշեն, կսվորի մեր փեշեն: - Որ ամեն ինչ սովորելու վրա է, նրանց չափ էլ չեղա՞: Հազարավոր քաղաքացիներ են իմ փողոցով քայլում, իմ պլպլացրած մայթերում կանգնում, տաղանդիս վրա ուղղակի ապշում… Հորիզոնը չհամբերեց. - Դրա համար է ապուշների թիվն այդքան շատացել: - Վայ, Հիսուս Քրիստոս,¬ երեսը խաչակնքեց թեկնածուհին,¬ ես ապշելը լավ իմաստով ասի: - Լավ, լավատես Մաքրուհի, շարունակիր զրույց¬ելույթդ, քիչ¬քիչ արհեստավարժ ես դառնում, շատերի նման բերանդ ջուր չառնես, մեկ¬մեկ էլ ամբիոնից ելույթ կունենաս: - Հա, ասացի, բոլորն են հիանում ինձանով, ես էլ ներկայանում եմ` էս բոլորը իմ սեփական շնորհքն ա: Հիմա էլ ես չհամբերեցի. - Սեփականաշնորհե՞լ ես շնորհքդ: - Մի տեսեք ու լսեք` ինչքա˜ն բարի խոսքեր, ինչքա˜ն գովեստներ… Սիրահարներն էլ իմ սեփականաշնորհված շնորհքը տեսնելով, իրենց ծաղկեփնջերից ընտրում մի¬մի վարդ, մանուշակ, մեխակ են մտցնում ճակատիս լաչակի տակ: Հիմի ի՞նչ, էդքան լավ¬լավ բաներից հետո ես իրավունք չունե՞մ ձեր ասածի պես մեր ազատ¬անկախ երկրում իմ թեկնածութ յունը դնեմ: Ամոթ չի՞ էդքան տղամարդկանց մեջ մի երկու լաչակավոր կնիկ էլ ըլնի: Թող ես էլ նրանց լաչակի տակի վարդ, մանուշակ, նունուֆարը լինեմ: Թող ոչ մի տղամարդ ինձնից չվախենա, ես ոչ մեկի գլխին նստողը չեմ, իմ հասանելիք ազատությունից եմ օգտվում: Ես խոզ էլ եմ պահում: Էնքան մաքուր են, որ ոչխարից չեն տարբերվում: Խոզ¬ոչխարներս էլ լավությանս դիմաց չեն թողնում խոզի գրիպ ընկնեմ: - Ապրես, տանդ մահապարտներ ես աճեցնում: Այդպիսիք քչացել են մեր կյանքում: Ոչ ոք թեկուզ իրեն ճիշտ գաղափարի համար չի գնա անձնազոհության: - Դե որ լավ է, խոստանում եմ խոզերս էնքան շատացնել, որ իրար միս ուտելու փոխարեն խոզի միս ուտենք: Ասեմ, իմ հորական Ժորժետա անունս մի կողմ են գցել, Մաքրուհի են ասում, շատերը` Մաքուր Մաքրուհի: Բայց ընտրվելու դեպքում, համաձայն եմ ինձ կանչեն` Վարդանուշ Կնյազի Նազարբեկյան: - Դու իսկը ԱԺ¬ի համար ես ծնվել. այնտեղ մոդա է մականուն ունենալը: Նրանց կեղծանունները շատ կեղծիքներ են ծածկում, թաքցնում: Երկրորդ անունն ավելի ճիշտ է բնորոշում մարդու անձը, ինչպես քեզ` քո Մաքուր Մաքրուհի մականունը,¬ գովազդեց Հորիզոնը: - Վայ, ինչ բարի մարդիկ կան, ես չէի հավատում, կարծում էի իմ գործը կյանքում մենակ ավել անելն է, ով կմտածի, տնով¬տեղովիս մտքով չէր անցնի, որ պատգամավորի շիվ եմ տալու: - Տիկին Մաքրուհի, դու բավական ընդունակ հավաքարար ես, ինչ քեզ պետք է, դա ես հավաքում: Որ մեր ներկայությամբ երկու ժամում այդքան առաջադիմեցիր, զարգացար, այ էլի զարգանաս դու, հա… Խորհրդարանում` երկու քեզպեսի հետ էլ բերան թրջես, դու էլ քո բերնի համը կիմանաս: Հետո նրանց պես կամաց¬կամաց հին գայլ կդառնաս: Բայց որ կին ես` գայլուհի: Ցախավելդ ձեռքիցդ կառնեն, միանգամից անձեռնմխելի անձ կդառնաս: Բյուջեի փողերով կտանեն արտասահմանները, մի կուշտ կֆռֆռացնեն, հետդ մեքենա, քո ուզած բաները կբերես: Գլուխդ ներսից ու դրսից կփոխեն, լաչակդ կհանեն, մի խոսքով կդառնաս մորե մերկ տղամարդ կին: Բայց չհամաձայնես սեռդ փոխել, թե չէ ձեռք բերած փառքիցդ անուն ազգանունդ ու ծննդյանդ թիվը կմնա: Մենք անշահախնդիր մեր ձայնը քեզ կտանք, հուսով` ոմանց նման հիշողությունդ քեզ չի դավաճանի նախընտրական շռայլ խոստումներդ: Գոնե խելքը գլխին մի պատգամավոր կունենանք, քո տված բարիքներից կբախտավորվեն քո ընտրողները, չէ՞ Հորիզոն: - Իհարկե` այո, միայն չիմացանք` մեր նորընծա պատգամավորը ցախավելը հե՞տը կտանի, թե՞ չէ: - Չէ, Հորիզոն, ցախավելն ինչո՞ւ տանի: - Այնտեղ շատ մաքրելու բաներ կան, գոնե մեկի ձեռքին ցախավել չլինի՞, որ էդ օլիգարխներին աթոռներից մաքրի, դա իրենց տեղը չէ: Նրանց արածն ի՞նչ է. փողի ուժով ընտրվում են, փողի ուժով խոստանում, գլխներին ստեղծում տանիք, որ դրա ներքո առևտուր ծավալեն, մտնեն խարդավանքների մեջ, ազատ, անկաշկանդ գռփեն ու խաբեն, դառնան դասական բիզնեսմեն: Եվ ով կհամարձակվի այս անսանձ, սանձարձակ, լկտիացած, օրինազանց օլիգարխ բիզնեսմեններին, թեկուզ կարգի հրավիրելու համար, նրանց բզի գլխին բռունցքով խփի… - Հորիզոն, մի քիչ մեղմ ներկայացրու, թե չէ թեկնածուհի Մաքուր Մաքրուհին մաքուր վախեցավ. տես, գույնը գցել է, երևի հետ կանգնի այդ դրախտից: - Չէ, կգնամ-վախս չափել կտամ, կգնամ, միայն թե Աստված տա` ընտրվեմ: - Գնա, գնա, մեծարգո Մաքուր Մաքրուհի, ոչ միայն գույնդ, այլև ամեն ինչդ էլ ինքն իրեն տեղը կընկնի…: