Լացն էլ է օգնում


Չգիտես ինչու` ոմանք թուլություն են համարում լացը: Առավել ևս` տղամարդկանց պարագայում: Իսկ տղամարդիկ, իսկապես, հազվադեպ են լալիս: Իհարկե, դա չի նշանակում, թե նրանք ավելի անտարբեր են: Տղամարդկանց արտասվելը թուլություն են համարում ոչ միայն ավանդապահ ազգերն ու ժողովուրդները: 1968 թ., օրինակ, ամերիկացի սենատոր, Դեմոկրատական կուսակցութ յունից նախագահի թեկնածու Էդմունդ Մասկին մինչև քվեարկության օրը կորցրեց ընտրվելու հույսերը: Պատճառն այն էր, որ ընտրողների հետ հանդիպման ժամանակ նրան «բռնեցրել» էին թաց աչքերով: Լաց լինելը նա հերքել էր` պնդելով, թե աչքերն արտասվակալել էին ուժեղ ցրտից: Սակայն նրան ոչ մեկը չէր հավատացել, և թեկնածությունը հանել էին` պնդելով, որ նա «չափազանց» թույլ է` նախագահ դառնալու համար: Ասում են` հիմա մարդիկ ավելի ըմբռնող են դարձել և իշխանավորների արտասվախառն հուզմունքն այլ կերպ են ընկալում: Ավստրալիայի նախկին վարչապետ Բոբ Հոուկը հանրության ներկայությամբ լաց է եղել մի քանի անգամ, բայց պատմության մեջ մնացել է որպես ամենաերկարակյաց 2¬րդ պաշտոնյան (հաղորդել է The odd body-ն): Որոշ հետազոտողներ պնդում են, որ տղամարդիկ ավելի հաճախ են լալիս, քան ընդունված է կարծել: Դիցուք, Ամերիկայում կատարված հարցումները ցույց են տվել, որ կանայք միջին հաշվով լալիս են ամիսը 5,3 անգամ, իսկ տղամարդիկ` 1,4: Ըստ այս հաշվարկի` տղամարդիկ տարեկան արցունք են թափում շուրջ 17 անգամ: Եթե լացը կենսականորեն անհրաժեշտ է` առողջական առումով և նպաստում է թուլացնել կամ կանխել սթրեսները, ուրեմն դժվար չէ բացատրել, թե ինչու են տղամարդիկ ավելի հաճախ ենթարկվում սրտամկանի և ուղեղի կաթվածների ու ավելի շուտ մահանում: Տա Աստված, որ բոլորի արցունքները միայն ուրախության լինեն: