Վրաց բանակի հայ զինվորը


2003-2006 թթ. Վրաստանի բանակում ծառայությունից ազատվելու և տարկետում ստանալու համար Ջավախքի զինակոչիկներից Վրաստանի պետական բյուջե է գանձվել շուրջ 300.000 ԱՄՆ դոլար: Խնդիրն այն է, որ զինակոչիկը վճարելով չնչին գումար` ընդամենը 2000 վրացական լարի (ինչը կարող էր վճարել միջին խավի յուրաքանչյուր ընտանիք), ազատվում էր ծառայողական պարտականությունից, իսկ 27 տարեկան դառնալուց հետո ստանում էր ծառայողական գրքույկ: Հայերին բանակում չծառայելու այս քայլին էր դրդում ոչ միայն վրացական բանակի ծայրահեղ ծանր վիճակը, այլև ակներև ազգային խտրականությունը. - 2005 թվականին ծառայում էի բանակում, ոչ երանի այդ ժամանակները. սովին այլևս հնարավոր չէր դիմանալ, մի օր էլ ընկերոջս հետ որոշեցինք ու փախանք...,- վերհիշում է Արմանը: Այսօր դրությունն այլ է: Նախ հարկ է նշել, որ ծառայությունից ազատվելու 2000 լարին կորցրել է իր առաջվա ուժն ու մոգական զորությունը: «Զինապարտության մասին» նոր օրենքի ընդունման հետ վերացել է ոչ միայն զինակոչիկից գումար վերցնելու սովորությունը, այլև խստացվել են զինծառայության պարտականությունները: 2008 թվականի վրաց-օսական պատերազմից հետո Վրաստանի զինուժը հասցրել է ոչ միայն վերականգնել իր մարտունակությունը, այլև գերազանցել նախկին մակարդակը: Բանակը հայտնվել է Վրաստանի իշխանությունների հատուկ ուշադրության ներքո, նրա կայունությունն ու ժամանակակից ռազմական զենքով հագեցվածությունը դարձել է գերխնդիր. - Մի քանի ամիսը մեկ արձակուրդ էին տալիս, ամեն ինչ լավ էր, ասես տանը լինեի,- պատմում է վերջերս զորացրված Վարդանը: Չնայած սրան, ազգայնամոլությունն ու խտրականությունը շարունակում են մնալ վրացական բանակի կայունության խորհրդանիշերը: Ներկա դրությամբ Վրաստանի զինմիջուկը կազմում են վրացիները, իսկ այլազգիները չնչին տոկոսն են լրացնում: Վրաստանում բնակվող այլ ազգերի ներկայացուցիչներին ու մասնավորապես հայերին, կարելի է ասել արգելվում է վրացական բանակում ծառայության անցնել: Եթե նախկինում հայ պատանին գումար էր վճարում բանակից ազատվելու համար, այսօր ընդհակառակը` անգամ այդ գումարով նա չի կարող ծառայել: Այս պարագայում նրա միակ օգնականը «լավ թիկունքն» ու ծանոթ-բարեկամն են: Իսկ ծառայությունը առավել քան կարևոր է, քանզի բարձր պաշտոններն ու աշխատատեղերը վստահվում են բանակում պարտադիր ծառայություն անցած անձանց: - Կանչում են ստուգման, գնում ենք, բայց արդյունքում, չգիտես ինչու` բոլորս անառողջ ենք դուրս գալիս,- դժգոհում են երիտասարդները: Հարց է առաջանում, ինչո՞ւ են Վրաստանի իշխանությունները խուսափում այլազգիներին բանակ զորակոչելուց: Այս հարցի շուրջ բանավեճ է ծավալվում ամենուր: Ոմանք գտնում են, որ պատճառը վրացիների սեփականամոլությունն է, պաշտոններ զբաղեցնելով` բոլորին իշխելու ցանկությունը: Ուրիշներն այն կարծիքին են, որ Հարավային Օսեթիան կորցնելուց հետո Վրաստանը վախենում է նաև Ջավախքի ինքնուրույնության պահանջից, և հայերի` զենքին տիրապետելու փաստը, բնական է, նրան ձեռնտու չէ: Կարծում եմ, որ այս ենթադրութ յուններն ունեն ճշմարիտ հիմք, այլապես, ինչպես ասում է ասացվածքը` «Առանց կրակ ծուխ չէր ելնի»:

Սիրանուշ ՊՈԴՈՍՅԱՆ