ՆՈՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
2011 թվականը մեր երկրի կրթության համար իրապես բարդ ու պատասխանատու տարի էր: Աստիճանաբար քաղաքացիություն ստացող Բոլոնյան համաձայնագրով պայմանավորված դրույթներն ու հայեցակարգերը արդեն իսկ հիմնավոր փոփոխություններ բերեցին հանրակրթության և բարձրագույն կրթության ասպարեզներում: Դրանք պարտադրեցին վերանայել նախկինում հաստատված մի շարք ավանդույթներ, հիմնովին հրաժարվել խորհրդային կրթության մոդելից` դրականն ու բացասականը միախառնելով իրար: Տարին նշանավորվեց նրանով, որ ավելացավ թիվն ավագ դպրոցների, ձևավորվեցին նոր քոլեջներ, առավել հստակեցվեցին մագիստրական կըրթության հիմունքները: 2012¬ը, սակայն, անբարենպաստ էր բարձրագույն դպրոցի համար. շատ ու շատ ուսանողական տեղեր թափուր մնացին` շրջանավարտներ չլինելու պատճառով, չարդարացան հույսերն էլ, թե Սփյուռքից մեծ թվով դիմորդներ կգան Հայաստան: Մինչդեռ կառավարությունը հատուկ անվճար տեղեր էր սահմանել, հոգ տարել, որ սփյուռքահայ երիտասարդները կմղվեն դեպի հայագիտություն… Նորից գլխավոր խնդիրներից մեկը դարձավ տեխնիկական-ճարտարագիտական կրթությունը: Հենց վերջերս ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի` ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղում ունեցած հանդիպման ժամանակ պրոֆեսոր, ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր Ջոն Ասատրյանը հրատապ մի խնդիր բարձրաձայնեց: Իրենք պատրաստում են ճարտարագիտա կան կրթությամբ մասնագետներ, մինչդեռ նրանք ինչպես Շիրակի մարզում, այնպես էլ ողջ հանրապետությունում աշխատանքի տեղեր չեն կարողանում գտնել: 2011-ին մոտ 800 ուսանողական թափուր տեղ ունեցավ Հայկական գյուղատնտեսական համալսարանը: Եթե 2010-ին ԿԳՆ-ն և բուհը ստիպված էին իջեցնել ընդունելության շեմը` պարզապես «դրական» միավորներ ստացած դիմորդներին ուսանող դառնալու հնարավորություն տալ, ապա 2011-ին իջեցված շեմն անգամ բուհին չփրկեց. մոտ 10 մասնագիտութ յունների գծով դիմորդներ չեղան… Գյուղատնտեսական կրթության խնդիրը ևս դառնում է առաջնային: Մեր գյուղատնտեսությունն այսօր գտնվում է ողբալի վիճակում, բազմաթիվ գյուղեր չունեն գյուղատնտեսներ, անասնաբույծներ և անասնաբույժներ, կաթի արտադրությամբ զբաղվող ձեռնարկություններում բացակայում են ճարտարագետներն ու տեխնոլոգ ները: Այլևս չենք խոսում այն մասին, որ հատկապես սուպերմարկետներին անհրաժեշտ են կաթի ու մսի մասնագետներ, քանզի վերջին շրջանում մսի և կաթի շուկայում գրանցված ապօրինությունները, տարբեր խառնուրդների կիրառումը պայմանավորված է մասնագիտական վերահսկողության բացակայությամբ: Երբ 2004-2005 թվականներին լայնորեն քննարկվում էր Բոլոնյան համաձայնագրին Հայաստանի միանալու հարցը, մեր բազմավաստակ գիտնական-մանկավարժներից մեկը մամուլում այն միտքը հայտնեց, թե` ցանկացած համաձայնագիր կարող է ձևական լինել, եթե մենք չմշակենք համապատասխան մեխանիզմներ, եթե չփորձենք ձևավորել գիտության, կրթության և իրականության կապը: Այսօր կարծես թե այդ մտահոգությունը դառնում է հրամայական, կարծես խնդիր է առաջանում հրաժարվել ավանդական մասնագիտություններից և հոգ տանել մասնագիտությունների արդիականացման մասին: Նաև այն մասին, որ կրթությունը դառնա մրցունակ, հանրահռչակվեն մեթոդական այն սկզբունքները, որոնք կարող են հատուկ լինել միայն մեր երկրի կրթությանը: Կրթության արդիականացման խնդիրներ ունեն նաև հումանիտար մասնագիտություններ ունեցող բուհերը, որոնց մի մասն իրապես «ծերացել» է… Ընդունված է` տարին ամփոփել բարձր տրամադրությամբ և լավատեսությամբ: Մենք հոռետեսություն չենք սերմանում, չենք ջանում ամեն ինչ ներկայացնել մռայլ գույներով. պարզապես ցանկություն է` արդեն նոր տարում սևեռվել օրվա հրամայականը դարձած խնդիրների վրա` հաջողությունները համարելով այն գումարելիները, որոնց վրա էլ պիտի հենվեն նոր զարգացումները: Երբ ավարտել էինք սույն մտորումները, զանգահարեցինք Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին: Տեղեկանալով մեր մտահոգություններին` երկրի գլխավոր բուհերից մեկի ղեկավարն ասաց. - Մտահոգությունները ծնում են բարի կամք և աշխատելու ցանկություն: Ուրեմն, նոր տարին դիմավորենք լավ սպասումներով և գործելու պատրաստակամությամբ: Թող շնորհավոր լինի բոլորի և հատկապես բուհական համակարգի մեր գործընկերների Նոր տարին: