ԳՈՆԵ ԳԱԼԻՔ ՏԱՐՈՒՄ


Տարեվերջյան օրերին մայրաքաղաքում համառ լուրեր պտտվեցին, թե արդեն պատրաստ է մշակույթի նախարարի պաշտոնանկությունը հաստատող հրամանագիրը, իսկ ոմանք էլ վճռականորեն հայտարարեցին, թե նախարար է նշանակվելու Հանրային ռադիոյի ղեկավար Արմեն Ամիրյանը... Այն, որ ժամանակ առ ժամանակ շրջանառվում են մշակույթի նախարարի պաշտոնանկության մասին լուրերը, արդեն որևէ մեկին չի զարմացնում: Չի զարմացնում նաև այն, որ նախարարից դժգոհ են շատերը, արվեստի ու մշակույթի այն գործիչները, ովքեր մտահոգված են ազգային մշակույթի խնդիրներով, ովքեր կամենում են, որ ունենանք ծրագրավորված, միջազգային սկզբունքներին մոտ ու հարազատ մշակութային քաղաքականություն: Մեզանում, բնականաբար, ամեն ինչ պայմանավորվում է ղեկավարի անձով: Սակայն, հազիվ թե ամեն ինչ պայմանավորվի նախարարով կամ էլ նրա ղեկավարած գերատեսչությամբ, եթե առկա լինի մշակույթի զարգացման ազգային հայեցակարգը, կամ էլ մշակույթը դիտարկվի պետության առաջնահերթություններից մեկը: Մինչդեռ Հայաստանի պետական քաղաքականության մեջ մշակույթն ու արվեստը դիտարկվում են որպես կցորդային հանգրվաններ: Այդ պատճառով էլ ոչ միայն տեղի են ունեցել չափանիշների ավերումներ, այլև չգոյացվել է մշակութային քաղաքականությունը, պարզունակ ընկալումներն են դարձել այսպես կոչված այդ քաղաքականության հենասյու ները: Հենց այս ամենի հետևանքով էլ այսօր մեր ազգային ակադեմիական թատրոնները կանգ են առել ժամանակի գերության մեջ և չունեն հստակ ընթացքի կողմնորոշիչներ: Ավելին, արվեստի նկատմամբ դրսևորվող հայեցողականության պատճառով Սունդուկյանի անվան ազգային թատրոնը հայտնվել է փակուղային վիճակում` չունենալով ստեղծագործական ծրագիր, գործունեության հիմնառանցքներ: Երբ իր պաշտոնավարման սկզբում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե մեծ ուշադրություն է սևեռվելու մշակույթին` մասնավորաբար Գյումրին հռչակելու մշակութային տարածաշրջանային կենտրոն` այն հույսն արթնացավ, թե վերջապես ի հայտ կգա համակարգված քաղաքականության տեսլականը, որն էլ կարող է վերածվել իրականության: Այս գաղափարը տապալվեց, որովհետև մշակույթը չի հանդուրժում սոսկ կարգախոսներ: Կառավարության գործունեության հենց առաջին տարում Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գլխատումը, նույն մեթոդների երկրորդումը Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում, մի շարք թատրոնների ոճազրկումը, տարբեր երկրներում հայ մշակույթի օրերի անտարբեր-փնթի կազմակերպումները, Մշակույթի նախարարությունը պրոդյուսերական կենտրոնի վերածման ջանքերը վկայեցին, որ մեր գլխավոր ազգային արժեքներից մեկը` մշակույթը, տակավին չընկալված և անտերունչության մատնված մի հանգրվան է, որը կարող է գոյատևել միայն այս կամ այն կառավարչի նախասիրություններով, անձնային կամարտահայտմամբ… Մշակույթը կարևորելու, նրա միջոցով նաև ֆինանսական հոսքեր ապահովելու փոխարեն` մեր կառավարությունը 2012 թվականի պետական բյուջեում կրճատեց ոլորտին տրամադրվող միջոցները` այսպես նաև արվեստի ու մշակույթի գործիչներին զրկելով քիչ թե շատ բարեկեցիկ ապրելու հնարավորությունից: Բարեկեցության որոնումն էլ մարդկանց մղում է արտագաղթի: Այս դեպքում` հեռանում են արվեստի մարդիկ, մշակութային ներուժը ձևավորող անհատականություններ: Օրերս պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստա կան ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանը հայտարարեց, որ առաջիկայում նվագախմբից կհեռանա 10 բարձրակարգ երաժիշտ, որ ինքն էլ շատ քիչ ժամանակ կտրամադրի նվագախմբին` հիմնականում աշխատելով արտերկրում… Նման մտադրություններ ունեն նաև օպերայի և բալետի մի շարք մենակատարներ, նկարիչներ, քանդակագործներ, կոմպոզիտորներ… Սրանք այն տխուր-մտահոգող «նոտաներն» էին, որոնք նորից ի հայտ եկան տարվա ընթացքում և պարտադրեցին խոսել մշակութային քաղաքականության հստակեցման մասին: Սակայն այս ամենի կողքին նաև լուրջ ձեռքբերումներ և հաստատումներ ունեցանք, արձանագրեցինք մեծ ու կարևոր հաջողություններ: Մի շարք կինո և թատերական, երաժշտական փառատոների կազմակերպումը, ազգային կինեմատոգրաֆում տեղի ունեցող կերպարանափոխումները, գրահրատարակչության ոլորտում հայտածվող ուշագրավ իրողություն ները, միջազգային արվեստային տարբեր ասպարեզներում մեր արվեստագետների ունեցած հաջողությունները վկայեցին, որ, ցանկության դեպքում, իսկապես կարող ենք վերածվել մշակութային ազգի և մշակութային կենտրոնի: Կարող ենք այս փոքրիկ երկիրը հրապուրիչ դարձնել իր նշանավոր անհատականություններով, մարդկանցով, ովքեր հայրենիքի կերպարի մեջ ներհյուսում են նրա գեղարվեստական տաք գրգիռները: Նրանց ու բոլորի համար, ուրեմն, թող նոր ու լավ տարի լինի, իսկ մեր կառավարությունն ու Ազգային ժողովն էլ ի վերջո մտահոգվեն այն խնդրով, որ գոնե 2012-ին շրջադարձ արձանագրվի, ու կյանքի կոչվի մշակութային քաղաքականության հայեցակարգը…