«Ամենազորեղը նժդեհացած ոգին է»


Նախկին ճակատայիններից է Արցախյան պատերազմի վետերան, գնդապետ Գենադի ԴԱՎԻԴՅԱՆԸ` Կապանի ինքնապաշտպանական գումարտակի քաջերից մեկը: Վաղուց չէի հանդիպել այդ հմայիչ հոգու տեր մարդուն: Եվ ահա վերջերս հանդիպեցինք Վեդիում: Պատմեց իր կյանքը, ռազմաճակատային օրերի իր հուշերը. պատերազմը մինչև վերջ պատվով անցած և իր ճակատագիրն ընդմիշտ բանակի հետ կապած զինվորականի կյանք է դա: Երբ պատմում էր, ջանում էր թաքցնել հուզմունքը. 4 տարի ձգվող պատերազմի կրակներում դիմացած, մահվան սառն աչքերին նույնքան սառնասրտորեն նայած մարդու համար հեշտ չէ առանց հուզմունքի պատմել: Մարտական առաջադրանքը կատարելիս քանի˜ անգամ է վտանգի ենթարկվել նրա կյանքը: Զինակիցների հետ հայտնվել են հակառակորդի գնդացրային փոթորկալի կրակի տակ, բայց չեն ընկճվել, կամքի ուժով պահպանել են արիությունն ու տոկունությունը, կռվել մինչև վերջին փամփուշտը, դուրս եկել ամենադժվարին իրավիճակներից: Քանի˜ անգամ են թշնամու ինքնաթիռները վայրասլաց թռիչքներ գործել դիրքերի վրա, ուր գումարտակն էր մարտական հերթապահության կանգնած, որի շարքերում Գենադին էր կռվում, սակայն խուճապի չեն մատնվել, մնացել են աներեր` հայրենի լեռների հայացքի տակ. լեռներն են նաև ուժ տվել նրանց: Գումարտակն ինքն է ստեղծել 1992¬ի փետրվարին, երբ Կապանի տարածքային զինվորական կոմիսարն էր: Հավաքագրել էր կամավորներին, իր ընկերների, ինչպես նաև բնակչության հանգանակած գումարներով ձեռք բերել հանդերձանք, զենք ու զինամթերք, զինել մարտիկներին, նրանց նախապատրաստել ու մարտի առաջնորդել: Շրջանի առաջին ինքնապաշտպանական կամավորական գումարտակն էր դա, որը խիզախության ու տոկունության դպրոց դարձավ տղաների համար: Գումարտակը 90 կմ երկարությամբ սահման էր պահել-պաշտպանել, մասնակցել Դավիթ Բեկ, Ներքին Հանդ, Ճակատեն և Սրաշեն սահմանամերձ գյուղերի ինքնապաշտպանա կան կռիվներին, մարտերով հասել Հորադիզ: Գենադիի հիշողության մեջ շատ բան է պահպանվում Սյունիքի բնակավայրերի ինքնապաշտպանական մարտերի, պատերազմի օրերի ծանր առօրյայի մասին: 1992¬ի ապրիլի 24¬ն էր, Հայոց եղեռնի հերթական տարելիցի օրը: Կապանում կտրուկ սրվեց իրադրությունը: Լույսը նոր էր բացվել, երբ սկսվեց հրետակոծությունը: Զանգելանի շրջանի` կրակակետերի վերածված Ախքենդ, Ղազանչի, Էյներ բնակավայրերից արձակած գրադի արկերից ավերվում էին բնակելի շենքերը, դպրոցներն ու հիվանդանոցները: Պայթած արկերի ծխով ու փոշու ամպերով ծածկված քաղաքի նկուղային հոսպիտալների միջանցքները լեփ¬լեցուն էին պատգարակներին պառկած վիրավորներով: Օրվա երկրորդ կեսին հրետակոծությունն ավելի սաստկացավ: Ոռնացող արկերի պայթյունների որոտին ասես վերջ չկար: Քաղաքի թաղամասերում հրդեհ բռնկվեց… Այդ ամենի ականատեսն է եղել Գենադին: Բոցավառվող շենքերի նկուղներից լսվող կանանց ու երեխաների աղեկտուր ձայները սոսկալի ցավի նման շամփրում էին նրան: Ճակատագրական այդ պահերին նա չէր կարող սպասել ու նայել, թե ինչպես են զոհվում իր հայրենակիցները: Գենադին, որ մարտերում արդեն վարժվել էր ամեն ինչի, ձեռք բերել մարտական փորձ, իր ընկերների` Ստեփանի, Միշայի, Արմենի ու մյուս քաջերի հետ ուղղաթիռով օդ բարձրացավ` կատարելու մարտական առաջադրանքը: Ուղղաթիռը Վազգեն Սարգսյանի հրամանով էր ուղարկվել: Օդից հուժկու հակահարված հասցվեց հակառակորդի կրակակետերին, որտեղից հրետակոծվում էր Կապանը: Գենադին ուղղաթիռի գնդացրորդն էր: Օդային գրոհներով թշնամու կրակակետերը լռեցվեց, տղաները վերադարձան մարտական առաջադրանքը կատարած: - Ազերիները, ահա այդպես, վայրագորեն, ահ ու սարսափի սպառնալիքով փորձում էին ընկճել, խուճապի մատնել քաղաքի բնակչությանը, որ Կապանում չնշվի 1915-ի Ցեղասպանության տարելիցը: Խիզախ ու տոկուն կապանցիներն, այնուամենայնիվ նշեցին Հայոց եղեռնի տարելիցը: - Այդ օրը շատ էին զոհերը. ոսոխի արկի ու ականի բեկորներով սպանված կանայք, ծերունիներ ու երեխաներ, անմեղ մարդիկ,¬ շարունակում է պատմել Գենադին:¬ Նրանց հուղարկավորում էինք գիշերը, 4-4 հոգով` նոր զոհերից խուսափելու համար: Երբ Գենադին խաղաղվեց, նահատակված ընկերների լուսանկարներին նայեց ու լռեց: Քիչ հետո ասաց. - Որպեսզի պատերազմում հաղթես, ոչ մի րոպե չպետք է կորցնես ոգու արիությունը` ամենածանր իրավիճակներում անգամ: Լավ է ասել Համո Սահյանը. «Թող նժդեհանա ռազմի մեր ոգին, Սյունյաց լեռները պահելու գնա»: Մարտադաշտում ամենազորեղը նժդեհացած ոգին է: Գենադին պատմեց նաև, թե 1992¬ի ձմռանը ինչպիսի դժվարին իրավիճակում էր հայտնվել Կապանը: Քաղաքում լույս չկար: Չէին բավականացնում սննդամթերքն ու դեղորայքը: Իրադրությունն ավելի էր բարդացել, երբ հակառակորդի ինքնաթիռները սկսել էին ռմբակոծել քաղաքը: Մարդիկ ընտանիքներով ապրում էին ցուրտ ու խոնավ նկուղներում: Ամիսներ շարունակ նկուղային պայմաններում էր ապրել նաև Գենադիի ընտանիքը, իրենց հայրենակիցների հետ դիմացել ամեն մի փորձության, նրանց հետ կիսել իրենց ունեցած հացը հանապազօրյա: 1992¬ի մարտի առաջին օրերն էին: Գենադին առաջավոր գծում էր: Նրա ավագ որդին հիվանդացավ: Երեխայի կյանքը վտանգի տակ էր: Եվ Նելլին` Գենադիի երկու անչափահաս երեխաների ոչ հարազատ մայրը, 4-ամյա Ազատին գրկած, զինամթերքով բեռնված «Ուրալով» գիշերը հասել է Երևան, և փրկվել է երեխայի կյանքը: Երեք տարեկան էր Ազատը, երբ մայրը մահացավ: 1993¬ին Գենադի Դավիդյանը նշանակվեց Գորիսի տարածքային զինվորական կոմիսար: Գորիսը նրա ծննդավայրն է. մանկությունն այնտեղ է անցել: Գենադին զինվորականի ընտանիքում է ծնվել: Հայրը սահմանապահ զորքերում էր ծառայում: Հետո ծառայությունը շարունակել է մոտոհրաձգային զորամասում, երկու տարի Դիլիջանի տարածքային զինկոմն է եղել: Երբ Գենադին իր մանկության ու պատանեկության մասին էր պատմում, հիշեց հորը… Ես արցունքներ նշմարեցի նրա աչքերում: Հետո իմացա, որ հայրը կյանքից հեռացել է դեռ 40¬ը չբոլորած: Այդ ժամանակ 11 տարեկան էր Գենադին: Ազատ Դավիդյանը, որպես զինվորական, տոկուն կամքի տեր ու վճռական մարդ էր, կարգուկանոնին նվիրված: Որդու մեջ հայրն է արթնացրել սիրո ու համակրանքի զգացումը դեպի զինվորական համազգեստը: Միջնակարգից հետո Գենադին ավարտել է Կիևի Հակաօդային պաշտպանության բարձրագույն ինժեներական ռադիոտեխնիկական ուսումնարանը: Վերադառնալով հայրենիք` երեք տարի ծառայել է ՀՕՊ¬ի զորքերում, տարբեր պաշտոններ զբաղեցրել հանրապետության մի շարք տարածքային զինկոմիսարիատներում: Եվ ահա ճակատագիրը նորից նրան բերեց հայրենի քաղաքը: Դեռ շարունակվում էին շրջանի սահմանամերձ գյուղերի` Խնձորեսկի, Հարթաշենի, Կոռնիձորի ինքնապաշտպանական թեժ մարտերը: Այդ մարտերում փառքով պսակվեց 4¬րդ պայմանագրային գումարտակը, որի հրամանատարն էր Սուրեն Խաչատրյանը: Գումարտակի շարքերում կռվում էին նաև Գորիսի տարածքային զինկոմիսարիատի սպաները` զինկոմի հետ: Գումարտակը ծանր մարտերից հետո նոր էր համալրում ստացել, երբ առավոտյան լուր ստացվեց, որ ազերիները, մարտի նետելով թարմ ուժեր, այդ թվում և զրահատեխնիկա, հարձակման են անցել Հարթաշենի ուղղությամբ: Եվ տղաները նետվեցին առաջ… Ազերիների հարձակումը կասեցվեց: Հակառակորդը կրելով կենդանի ուժի ու տեխնիկայի մեծ կորուստներ` հետ շպրտվեց: Այդ մարտերին մասնակցել է նաև Գենադի Դավիդյանը: Գնդապետը երախտագիտությամբ է հիշում իրենց կյանքը հայրենի եզերքի ազատությանը զոհաբերած ընկերներին` Մուշեղին, Կարենին, Արամին, Մուրադին, Սանասարին, Անդրանիկին… այն քաջարի ու կորովի տղաներին, ովքեր կամավոր գալիս էին համալրելու ստորաբաժանումների շարքերը: Ինքը նրանց հետ նետվել է գրոհի, նրանց հետ դիմացել ամեն մի փորձության ու վերստին համոզվել, որ ռազմաճակատում մարտական ընկերությունից թանկ ոչինչ չկա: Մարտական շքանշանների ասպետ Գենադի Դավիդյանն այսօր էլ շարքում է, արդեն 5 տարի է` Արարատի տարածքային զինվորական կոմիսարն է: Երբ զրուցում էինք, ասաց. - Հիմա իմ պարծանքը բանակն է: Ու սեղանին դրված թղթապանակից ինչ-որ փաստաթղթեր հանելով` խնդրեց, որ ծանոթանամ. զորամասերի հրամանատարներից ստացված շնորհակալական նամակներ են` ուղղված զինվորների ծնողներին, այն զինվորներին, ովքեր Արարատի տարածքային զինկոմիսարիատից են զորակոչվել: Այդ պահին հպարտության զգացումն էր շողում զինկոմի դեմքին: 2012 թվականի հունվարի 17¬ին լրանում է Գենադի Դավիդյանի ծննդյան 50 տարին: Այդ օրը երևանյան իր տանը կհավաքվեն հարազատներն ու բարեկամները, կգան նաև գնդապետի մարտական ընկերները` Վալերին, Ռադիկը, Գրիշան, Վիտալին, Սլավիկը, Հմայակը… Կգան շնորհավորելու իրենց ընկերոջն ու միասին կհիշեն արիության այն օրերը, որոնք հիմա տարիների հեռվից հրացոլքերի նման առկայծում են նրանց ռազմաճակատային հուշերում:

Սերժ ԱՌԱՔԵԼՅԱՆ